«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#1, 2010-01-12 | #2, 2010-01-13 | #3, 2010-01-14


ԲՈՒԼՂԱՐԱՑԻՆԵՐԻ ՆՄԱՆ ՀԱՅԵՐՆ ԷԼ ՊԵՏՔ Է ՀԱՏՈՒՑՈՒՄ ՊԱՀԱՆՋԵՆ ԹՈՒՐՔԻԱՅԻՑ

Արտասահմանում ապրող բուլղարացիների հարցերով զբաղվող Բուլղարիայի նախարար Բոժիդար Դիմիտրովն այս Նոր տարվա առաջին օրերին հին վերքերի հիշատակմանը նոր թափ հաղորդելովՙ սպառնաց խանգարել Եվրոմիությանը Թուրքիայի անդամակցությունը, մինչեւ վերջինս միլիարդավոր դոլարներ չվճարի որպես փոխհատուցում այն բուլղարացիներին, որոնք բռնի տեղահանման էին ենթարկվել օսմանյան ժամանակաշրջանում:

Դիմիտրովն ասաց, որ Թուրքիան Բուլղարիային է պարտք 20 միլիարդ դոլարՙ 1913-ին հարյուր հազարավոր բուլղարացիների բռնագաղթման համար: 1923-ին հռչակված Թուրքիայի Հանրապետությունը ստանձնել էր Օսմանյան կայսրության պարտավորությունները եւ 1925-ին ստորագրված պայմանագրով համաձայնել փոխհատուցումներ կատարել, սակայն մինչեւ օրս Բուլղարիան ոչինչ չի ստացել թուրքական կառավարությունից:

«Թուրքիան վստահաբար կարող է վճարել այդ գումարը: Չէ՞ որ նա 16-րդ ամենախոշոր տնտեսական պետությունն է աշխարհում», ասաց Դիմիտրովըՙ շեշտելով երկրորդ նախադասությունը, որի մասին շատ են սիրում հոխորտալ Թուրքիայի կառավարող պաշտոնյաները: Նա նշեց, որ ըստ 1925 թվի պայմանագրի, փոխհատուցման վճարումը այն երեք նախապայմաններից մեկն է, որ Բուլղարիան դնում է Թուրքիայի առաջ, որպեսզի վերջինս խուսափի բուլղարական «վետոյից» իր ԵՄ անդամակցության կապակցությամբ: Մյուս երկու նախապայմանները առնչվում են էներգիայի եւ ջրի կառավարման հարցերին:

Բուլղարիայի կառավարության լրատվության խոսնակ Վեսելին Նինովը հունվարի 4-ին հաստատել է ԵՄ դիտորդին, որ Դիմիտրովի հայտարարությունը երկրի պաշտոնական քաղաքականությունն է ներկայացնում, եւ ավելացրել, որ այդ վիճահարույց խնդիրը ներկայումս քննարկում է «Բուլղարա-թուրքական միջկառավարական աշխատանքային խումբը»: Ակնկալվում է, որ վարչապետ Բոյկո Բորիսովը փոխհատուցման այդ հարցը ներկայացնի Թուրքիային այդ երկիր կատարելիք իր այցի ժամանակ:

Թուրք պաշտոնյաները արագ եւ շատ կոպիտ արձագանքեցին վերոնշյալ հայտարարությանը: Կրկնելով թուրք ղեկավարներիՙ Հայոց ցեղասպանության վերաբերյալ հաճախակի հնչած մեղադրանքները, արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարեց, որ այդ ժամանակաշրջանում թուրքերն էլ նույն չափով տուժել են: Ըստ «Զաման» թերթիՙ Դավութօղլուն զգուշացրել է, որ Բուլղարիայի փոխհատուցման պահանջները կարող են վնասել երկկողմ հարաբերությունները, չնայած նա հաստատել է, որ երկու երկրները քննարկում են «Օսմանյան կայսրության վերջին օրերին տեղի ունեցած թուրքերի եւ բուլղարացիների զանգվածային տեղաշարժերին առնչվող հարցեր»:

Բուլղարացի պաշտոնյաներն անմիջապես նահանջեցինՙ զգալով, որ այդ հարցում Թուրքիայի հետ բացահայտ առճակատումն այնքան էլ նպաստավոր չի կարող լինել իրենց համար: Նրանք գերադասեցին հարցը տեղափոխել փակ դռների հետեւում անցկացվող հանգիստ բանակցությունների ոլորտ: Բուլղարիայի փոխարտգործնախարար Մարին Ռայկովը ՙ փորձելով մեղմացնել Դիմիտրովի հայտարարությունը, նշեց, որ իր երկիրը նախապայմաններ չի դնում Թուրքիայի ԵՄ անդամակցության առաջ: Մյուս կողմից վարչապետ Բորիսովը կշտամբեց Դիմիտրովին եւ սպառնաց ազատել նրան պաշտոնից, եթե ապագայում նա նման հայտարարություններ անի առանց իր հետ նախօրոք խորհրդակցելու:

Նախարար Դիմիտրովն անմիջապես ներողություն խնդրեց, որպեսզի մնա իր պաշտոնում, լրատվության պատասխանատու Վեսելին Նինովի բախտը, սակայն, չբերեց: Նրան ազատեցին աշխատանքից Դիմիտրովի հայտարարությունը հաստատելու համար:

Առայժմ Բուլղարիայի ղեկավարները գուցե վաղաժամ համարեն փոխհատուցման իրենց պահանջները բացահայտորեն կապել Թուրքիայի ԵՄ անդամակցության հետ, չնայած տասնամյակներ շարունակ բազմաթիվ բուլղարացիներ հետեւողականորեն ներկայացրել են նման պահանջներ:

Այնպես որ, հարցը կմնա երկու երկրների օրակարգերումՙ ի չիք դարձնելով հարեւանների հետ խնդիրներ չունենալու Թուրքիայի ղեկավարների պնդումները:

Հակառակ վարչապետ Բորիսովի վերոնշյալ նահանջին, Բուլղարիան, միեւնույնն է, մի նոր «կնճիռ» է ավելացրել Թուրքիայի ԵՄ անդամակցության հարցին, որը գնալով էլ ավելի անհույս է դառնում: Մի շարք եվրոպական երկրներ (Ֆրանսիան, Գերմանիան, Հոլանդիան եւ Ավստրիան) արդեն իսկ բարձրաձայնել են իրենց առարկություններն այդ հարցում: Հունաստանն ու Կիպրոսը թույլ չեն տա, որ Թուրքիան ԵՄ անդամ դառնա, մինչեւ վերջինս իր զորքերը հետ չքաշի Հյուսիսային Կիպրոսից: Ավելին, Թուրքիան չի կարող ԵՄ անդամ դառնալ մինչեւ չկատարի գլխավոր պահանջներից ամենակարեւորըՙ բաց սահմաններ ունենալ բոլոր հարեւան երկրների հետ: Այնպես որ, անկախ Հայաստան-Թուրքիա արձանագրությունների ճակատագրից, Թուրքիան չի կարող ԵՄ անդամ դառնալ, եթե չբացի Հայաստանի հետ իր սահմանը:

Բացի անդամակցության հետ կապված խոչընդոտներից, Թուրքիայի դեմ մեծ թվով դատական հայցեր են ներկայացված Մարդու իրավունքների եվրոպական դատարանին (ՄԻԵԴ): Եթե Թուրքիան մերժի փոխհատուցել Բուլղարիային 1913-ի փախստականների համար, ապա նորանոր դատական հայցեր են ավելանալու:

ՄԻԵԴ-ում դատավարություններ շահելու Թուրքիայի հնարավորությունները լավ չեն եղել: Հատկապես Հյուսիսային Կիպրոսի զավթման առնչությամբ նա շատ դատական հայցեր է տանուլ տվել: Հույն եւ հայ փոքրամասնություններին պատկանող հաստատություններ Թուրքիայում վերականգնել են իրենց առգրավված սեփականությունների իրավունքները ՄԻԵԴ-ի միջոցով: Քաջալերված այս հաջողություններով, Թուրքիայում եւ Եվրոպայում ապրող հայերը պարտավոր են շարունակել իրենց իրավունքների պահանջատիրությունըՙ ՄԻԵԴ-ի շրջանակներում: Խաղաղություն չի կարող լինել առանց արդարության հաստատման: Ոչ էլ հաշտեցումՙ առանց փոխհատուցման:

ՀԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆՅԱՆ, «Կալիֆոռնիա կուրիեր», Թարգմ. Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4