Չնայած Սահմանադրական դատարանի (ՍԴ) հունվարի 11-ի որոշումը` հայ-թուրքական արձանագրությունների հետ կապված, ՀՅԴ-ի համար անհասկանալի է, սակայն Դաշնակցությունը լավ է հասկանում, թե ինչո՞ւ արձանագրությունները ՍԴ մտան հենց հունվարի 11-ին. «Հունվարի 11-ը մեր ժողովրդի համար դեռեւս տոնական օր է, եւ այդ օրը պատահական չէր ընտրված. ժողովուրդի մեծամասնությունն այլ բաներով է զբաղված», երեկ հայտարարեց ՀՅԴ ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Արմեն Ռուստամյանը : Վերջինս, արտահայտելով ամբողջ Դաշնակցության դիրքորոշումը, նկատեց, որ ՍԴ-ն ուներ բավարար հիմքեր արձանագրությունները չճանաչելու սահմանադրությանը համապատասխան (ամենայն հավանականությամբ այդ բավարար հիմքերը երեւում են ՀՅԴ-իՙ ՍԴ-ին ուղղված նամակում-Հ.Ա.). «Այդուհանդերձ մենք գտնում ենք, որ Հայաստանում եւ Սփյուռքում բարձրացած ընդվզումը տալիս է իր արդյունքները. ՍԴ-ն անդրադարձել է արձանագրությունների հետ կապված հիմնական մտահոգություններին», շեշտեց Ռուստամյանը: Ըստ բանախոսիՙ այդ մտահոգությունները ամրագրված են ՍԴ-ի իրավական որոշումներով, մասնավորապես որոշման մեջ նշված է, որ արձանագրությունները բացառապես երկկողմանի բնույթ են կրում եւ չեն կարող վերաբերել որեւէ երրորդ կողմի: Սա, ըստ Դաշնակցության ներկայացուցչի, նշանակում է Արցախի հետ կապված վտանգի գոնե նշմարում. «Բացի այդ, համաձայն ՍԴ որոշման, արձանագրությունները չեն նախատեսում վիճելի հարցերի լուծման, պայմանագրային պարտականությունների կասեցման կամ դադարեցման ընթացակարգեր ու պայմաններ: Սա էլ իր հերթին նշանակում է, որ ՍԴ-ն տեսել է, որ սույն արձանագրություններով վտանգ կա մեր ժողովրդի սերունդների արդարացի ցանկության` Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի կասեցման ուղղությամբ», նշեց Ռուստամյանը: Բացի այս ամենից, Դաշնակցության ներկայացուցիչը շեշտեց, որ որոշման մեջ կա մի շատ ուշագրավ հոդված, ըստ որի ՍԴ-ը գտնում է, որ իր իրավական որոշումները պետք է ներդաշնակ լինեն ՀՀ-ի իրականացվող քաղաքականությանը: «Ելնելով այս ամենից` ՀՅԴ-ն գտնում է, որ ՍԴ-ի որոշումը կարող է օգտակար լինել, եթե ընդունված իրավական որոշումներն արձանագրություններում վերապահումների կարգավիճակ ստանան: Իսկ այստեղ Դաշնակցությունը տեսնում է երկու ճանապարհ. առաջինն այն, որ պետք է փոփոխության ենթարկվի մեր օրենսդրությունը, որը թույլ չի տալիս ԱԺ-ին միջազգային պայմանագրերի մեջ վերապահումներ անել. «Կամ երկրորդ ճանապարհը. ՀՀ նախագահը ինքը, ունենալով բոլոր հնարավորությունները, պետք է ընդունի ՍԴ-ի իրավական որոշումներն ու անձամբ վերապահումներ մտցնի արձանագրություններում», ասաց բանախոսը: Իսկ եթե այս ամենը տեղի չունենա, ապա, Դաշնակցության կարծիքով, մենք հայտնվելու ենք «մեր շահերից չբխող իրականության մեջ», որից ելքի միակ ճանապարհը գործընթացը չեղյալ հայտարարելն է. «Սա էլ, իր հերթին, նշանակում է իշխանափոխության իրականացում: Կգան նոր իշխանություններ, որոնք կկարողանան թուրքերին պարզ ասել, որ այս արձանագրություններով մենք դեմ ենք ցանկացած գործընթացի», եզրակացրեց Ռուստամյանը: Ի դեպ, իշխանափոխություն Դաշնակցությունը կարող է անել միայն ունենալով ժողովրդի օժանդակությունը: Օժանդակությունն այդ, սակայն, այնքան էլ տրամադրող չէ. արձանգրություններին դեմ ՀՅԴ-ի ստորահավաքին այս պահի դրությամբ մասնակցել են միայն 70 հազար հոգի:
Ինչ վերաբերում է ԱԺ-ում արձանագրությունների վավերացման գործընթացին, ապա, ըստ Ռուստամյանի (նաեւ ըստ ՀՅԴ-ի) ԱԺ-ն պետք է վավերացնի ոչ թե «հաշվի առնելով ՍԴ-ի որոշումը», այլ վավերացնել պետք է վերապահումներով, որոնք մաս կկազմեն բուն արձանագրություններին: «Անձամբ ես հատ-հատ համոզելու եմ ճանաչածս պատգամավորներին, որպեսզի նրանք քվեարկեն որպես պարզապես հայ մարդիկ», շեշտեց Ռուստամյանը:
Իսկ Դաշնակցության վերջնական նպատակը (բավական հավերժական հնչող գաղափար է, համաձայնեք-Հ.Ա.), Ռուստամյանի խոսքերով, մեր սերունդների իրավունքներն ու երազանքները ոչ ոքի չզիջելն է. «Եվ այսօր, չնայած ՍԴ-ն գնաց մեզ համար անհասկանալի ճանապարհովՙ արձանագրությունները համապատասխան ճանաչելով սահմանադրությանը, իր իրավական որոշումներով արտահայտեց մեր բոլոր մտահոգությունները, որոնք, մեր կարծիքով, ավելի ու ավելի մեծ ուշադրության են արժանանում: ՍԴ-ն փաստեց, որ այս ամիսների մեր բոլոր մտահոգություները հիմնավորված են», նկատեց Ռուստամյանը` շեշտելով, սակայն, որ Դաշնակցության պայքարը դեռ առջեւում է (նույնպես հավերժական հնչող «հարատեւ պայքարի» գաղափար-Հ.Ա.):
ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ