«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#1, 2010-01-12 | #2, 2010-01-13 | #3, 2010-01-14


ՀԱՆՐԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆԻՆ ՉԵՆ ՎՍՏԱՀՈՒՄ

Պատճառը քննիչնե՞րն են, թե՞ հասարակության անտեղյակությունը

«Արդյունավետ հանրային պաշտպանություն» ծրագրի ղեկավար Սառա Պետրոսյանը , վերլուծելով Կոտայքի, Գեղարքունիքի, Արագածոտնի մարզերում հանրային պաշտպանների գործունեությունը եզրակացնում է, որ վերոնշյալ երեք մարզերում պաշտպանության իրավունքի չիրականացվածության խնդիր կա: Ուսումնասիրությունները կատարվել են ոչ միայն նախաքննական փուլում, այլեւ դատաքննության ժամանակ ու պարզել, որ հաճախ գործին կցվում է փաստաբանական օրդեր, եւ իմիտացիա ստեղծվում, թե ամբաստանյալին դատաքննության ժամանակ փաստաբան է պաշտպանել: «Ճամբարակ գյուղում ասացին, որ հանրային պաշտպան չկա: Կա նաեւ տեխնիկական խնդիր: Հենց այդ պատճառով էլ փաստաբանի օրդեր են կցում գործին կամ գրում, որ հրաժարվել են պաշտպանից: Եղել են դեպքեր, երբ տեսնելով հանրային պաշտպանի անգործությունը, ամբաստանյալը հրաժարվել է նրանից, բայց քանի որ վճարունակ չի եղել, չի կարողացել դիմել այլ փաստաբանի օգնությանը: Եվ կարծիք է ձեւավորվում, որ պետության ներկայացրած պաշտպանը պաշտպանության համար որեւէ ջանք չի թափում», նկատում է Սառա Պետրոսյանը` միաժամանակ հավելելով, որ կան նաեւ պրոֆեսիոնալ հանրային պաշտպաններ, որոնք մեծ պահանջարկ ունեն, ու անգամ վճարունակներն ինչ-որ հնարներ են գտնում, որ նրանք ստանձնեն իրեն պաշտպանությունը: Պետրոսյանը նկատում է, որ կա նաեւ իրազեկվածության խնդիր, քանի որ վերոնշյալ երեք մարզերում դատական գործերին հանրային պաշտպանների մասնակցությունը հազվադեպ է եղել:

Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի օգնական Վահան Յանիկյանն էլ նկատում է, որ 2008-ին երեք մարզերում տեղի է ունեցել հանրային պաշտպաններից հրաժարման 230 դեպք: Մինչդեռ 2009-ի 9 ամսվա տվյալներով տեղի է ունեցել հրաժարման 20 դեպք: Յանիկյանը դա չի պայմանավորում հանրային պաշտպանների լավ կամ վատ աշխատանքով: Նա նկատում է, որ այս հարցում մեղքի հսկայական բաժին ունեն քննիչները: «Ձերբակալելուց հետո քննիչը պետք է հարցնի` պաշտպանի կարիք ունի, թե ոչ: Քննիչները նրանց լավ չեն բացատրում, եւ ամբաստանյալը հրաժարվում է պաշտպանի ծառայություններից: Հանրային պաշտպանի աշխատանքը չի գնահատվում: Դրանում մեր մեղավորությունն էլ կա, չենք զբաղվում հանրային պաշտպանների աշխատանքի գովազդով», ասում է Յանիկյանը:

Ոստիկանության քննչական գլխավոր վարչությունից Արսեն Այվազյանն էլ համաձայն չէ հնչած տեսակետներին: Նա նկատում է, որ յուրաքանչյուր ոլորտում էլ լինում են թերացումներ, սակայն դրանով չի կարելի որոշել, որ քննիչները խոչընդոտում են հանրային պաշտպանների աշխատանքին: «2 տարի առաջվա տվյալներով հանրային պաշտպաններն այնքան քիչ էին, որ ստիպված անընդհատ զանգարահում էինք, որ գային, ծանոթանային գործին, դրա հետեւանքով հանրային պաշտպանների թիվն ավելացավ: Այս իրավիճակը ոչ թե քննիչի մեղավորությունն է կամ հանրային պաշտպանների մակարդակի ցածր որակը, այլ հասարակության անիրազեկությունը»: Վահան Յանիկյանի այն պնդման կապակցությամբ, թե նախաքննության շրջանում ամբաստանյալները հիմնականում հրաժարվում են պաշտպանից, մինչդեռ դատաքննության ժամանակ նրանք ցանկություն են հայտնում ունենալ պաշտպան, եւ հենց այստեղ էլ երեւում է, որ քննիչները նախաքննության ժամանակ իրենց պարտականությունները չեն կատարել: Արսեն Այվազյանը ներկայացրեց մեկուսարաններում երեւի հաճախ հանդիպող իրավիճակը: «Քննիչները չեն հրաժարվում կատարել իրենց պարտականությունները: Երբ մարդուն ձերբակալում են, նախաքննության շրջանում նա ցուցաբերում է անկեղծություն: Երբ մտնում է մեկուսարան, հանդիպում է մարդկանց, ովքեր ճանաչում են լավ փաստաբանների ու նրան ներկայացնում դատաքննության ողջ ընթացքը: Մարդը, ով առաջին անգամ է հայտնվել մեկուսարանում, չի կարող պատկերացնել իր վիճակը: Հետեւաբար նա զանգում է տուն եւ ընտանիքին ասում, որ այդ փաստաբանը իրեն պաշտպանի: Պարզապես հայի բնավորություն է, որ իրենց պրոբլեմին մատերի արանքով են նայում, ու մինչեւ դանակը ոսկորին չի հասնում, որեւէ քայլ չեն ձեռնարկում»:

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4