«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#1, 2010-01-12 | #2, 2010-01-13 | #3, 2010-01-14


ԹԱՏԵՐԱ-ԽՄԲԵՐԳԱՅԻՆ ՆԱՎԱՐԿՈՒԹՅՈՒՆ

2009 թվականի երեւանյան թատերական կյանքի ամենից ուշագրավ երեւույթներից մեկն, անշուշտ, «Հովեր» կամերային երգչախմբի ներկայացրած «Զուգահեռ» խմբերգային ներկայացումն էր: Մեր մամուլը պատշաճորեն անդրադարձավ այդ բեմադրությանը: Սակայն երեւույթն ինքնին այնքան ուշագրավ է, որ բոլորովին ավելորդ չէ դարձյալ անդրադառնալՙ միաժամանակ հորդորելով, որ բոլոր նրանք, ում բախտ չի վիճակվել դիտել այդ ներկայացումը, առաջին իսկ առիթի դեպքում գնան «Գոյ» փորձարարական ստուդիա, որի փոքրիկ բեմահարթակում վերջին կես տարում երկու ամիսը մեկ 45 րոպե շարունակ «Հովերը» հանդիսատեսին տեղափոխում է մի նոր զուգահեռ իրականություն:

Այսօրվա մեր մշակութային դաշտի միօրինակության մեջ ավելի է կարեւորվում նորարարությունների դերը: Տարիների ընթացքում «Հովեր» երգչախումբը հաստատեց իրեն որպես համարձակ եւ կայացած փորձարարությունների նախաձեռնող: Խմբավար Սոնա Հովհաննիսյանը եւ ռեժիսոր Արթուր Մանուկյանը մեկ անգամ չէ, որ հաջողապես միաձուլել են խմբերգային եւ թատերական արվեստները, ինչը համաշխարհային պրակտիկայում գոյություն ունեցող, սակայն մեզանում նոր երեւույթ է: Բայց եւ հարկ է նկատել, որ խմբերգային ներկայացումն իր ակունքներով բազմաթիվ աղերսներ կարող է ունենալ հայ կատարողական արվեստների հնագույն դրսեւորումների հետ: Որպես միասնական ձայն հանդես եկող երաժշտական կոլեկտիվն այժմ ներկայանում է որպես կոլեկտիվ ասացող եւ դեր-ասանՙ երբեմն հավաքականորեն ներկայացնելով մեկ կերպար, երբեմն էլ դերաբաշխվելով առանձին երգիչների միջեւ: Իսկ դրանք համաշխարհային գրականության քաջ ծանոթ եւ սիրված հերոսներն ենՙ Ոդիսեւսն ու Փոքրիկ Իշխանը, հայելու աշխարհում հայտնված Ալիսը եւ Գուլիվերը. տեւական ճամփորդության մեջ գտնվող անմահ գրական կերպարներ, որոնք երբեմն միմյանց են հանդիպում «Զուգահեռ» ներկայացման մեջ: Այդ ճամփորդությունը խորհրդանշում է բեմի կենտրոնում տեղադրված մետաղե նավը, որի մեջ էլ երբեմն հայտնվում է բեմադրության հերոս-երգչախումբը: Նավը ներկայացման ընթացքում մաս-մաս է լինումՙ որպես մարդկային ընչաքաղցության արտահայտություն եւ դարձյալ միավորվում, ինչը կարելի է մեկնաբանել որպես արդարության վերականգման խորհուրդ:

«Հովերի» հատուկ պատվերով գրված այս խմբերգային ներկայացման երաժշտության (հեղինակՙ Աննա Ազիզյան) մասնագիտական գնահատականը թող երաժշտագետները տան: Միայն որպես ունկնդիր նշենք, որ երաժշտական նյութը թեեւ ոճական առումով այլազան էր, սակայն ընդհանուր առումով զերծ չէր որոշակի միապաղաղությունից, ինչը երբեմն հոգնեցնում էր: Սակայն բեմադրական յուրահատուկ լուծումները, ինչպես նաեւ «Հովերի» երգիչների կատարողական վարպետությունը փոխհատուցում էին երաժշտության հետ կապված խնդիրները: Բնույթով կամերային այս բեմադրությունը (անգամ քսանչորս երգիչների մասնակցությամբ) լուծված էր մինիմալիստական եղանակներով: 17 երգ-պատկերների դադարներին ուղեկցող խոսքը, ասմունքը, միզանսցենները, պարային տարրերը ներկայացված են նվազագույն արտահայտչաձեւերով: Ներկայանցումները տեղ-տեղ հուզիչ եւ ռոմանտիկ են (ինչպես, անապատի դրվագը, երբ մելամաղձոտ երաժշտութունն ու երգիչների արձակած սուլոցները միանգամայն ստեղծում են ավազաբլուրների պատկերը), հաճախ պարուրված են մեղմ հումորով (ինչպես թագավորի եւ զորքի տեսարանը): Պետք է արժանին մատուցել ռեժիսոր Արթուր Մանուկյանին, որն անգամ ստատիկ վիճակների մեջ կարողանում է նվազագույն շարժումներով բեմական-երաժշտական կերպար ստանալ (ինչպես, «Փոքրիկ իշխանը եւ աղվեսը» պատկերում): Արժանին է պետք մատուցել նաեւ ձեւավորող նկարչինՙ Էդգար Գրիգորյանին, որը դեկորների եւ զգեստների սեւ-սպիտակ հակադրությամբ եւ գրեթե միշտ նույն լուսավորության մեջ հասել է պարզ, գրեթե թափանցիկ բեմական տեսիլքի տպավորությանը: Միանգամայն թարմ եւ գտնված է մետաղալարերի օգտագործումը որպես դերակատարների արդուզարդ եւ որպես բուտաֆորիա:

«Զուգահեռ» ներկայացումն այնքան տարողունակ է, որ արվեստի իսկական գործերի պես կարելի է ամենատարբեր մեկնաբանություններ անել նրա հայեցակարգի, նրա ուղերձի վերաբերյալ: Ներկայացումը սկսվում եւ ավարտվում է Սենտ-Էքզյուպերիի «Ահա գլխարկ, որ նման է փիղ կուլ տված վիշապօձի» նախադասությամբ, երեք անգամ էլ հնչում է Լուիս Քերոլի «Փրչրթան» աբսուրդ բանաստեղծությունը: Հանդիսատեսը ոչինչ չի շահիՙ փորձելով լուծել «գլխա՞րկ թե՞ վիշապօձ» երկընտրանքը եւ կամ ճգնելով վերծանել «Փրչրթանի» անիմաստ բառակույտերը: Խմբերգերը սկսող ու ամփոփող եւ մերթընդմերթ ներս խուժող այդ խոսքերը կարծես այն անպատասխանելի հարցմունքներն ու աբրակադաբրաներն են, որոնց շնորհիվ հնարավոր է մուտք գործել զուգահեռ աշխարհներ: Իսկ միգուցե ամեն ինչ այդքա՞ն էլ մետաֆիզիկական չէ: Չէ՞ որ ինչպես ներկայացման մեջ, մենք բոլորս էլ մեկ նավի մեջ ենք գտնվում այսօր, ուստիեւ պատասխանատու ենք միմյանց համար: Ինչպես Փոքրիկ իշխանն է պատասխանատու իր վարդի համար, աղվեսիկի համար, եթե վարժեցներ նրան...

Վերջումՙ երեք ցանկություն: Ցանկալի կլիներ, ինչպես օպերային եւ բալետային ներկայացումների դեպքում է արվում, այստեղ էլ հանդիսատեսներին բաժանել ներկայացման հակիրճ բովանդակությունը, ավելի ճիշտՙ առանձին պատկերների ցանկը, քանի որ միշտ չէ, որ հասկացվում էր, թե ինչ է ներկայացնում երգչախումբը: Երկրորդՙ մեծապես ողջունելի է Մշակույթի նախարարության կատարած քայլըՙ ֆինանսավորելու փորձարարական բեմադրություն, ուստիեւ ցանկանում ենք պետական հովանավորչությունը տարածված տեսնել ոչ միայն ակադեմիական արվեստի վրա: Եվ երրորդՙ «Զուգահեռ» ներկայացումը տարին գոնե մեկ անգամ ի ցույց դնել աշխարհի որեւէ կետումՙ որպես հայ ժամանակակից արվեստի աննախադեպ եւ յուրօրինակ արտահայտության:

ԳԱԳԻԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ, Երեւանի պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի դասախոս


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4