ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի մի քանի քաղաքներում այս տարի կկազմակերպվի հայազգի մեծանուն նկարիչ Մինաս Ավետիսյանի ստեղծագործությունների ցուցահանդես: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց նկարչի որդին, Ջաջուռում Մ.Ավետիսյանի թանգարանի տնօրեն Արման Մինասյանը , նախնական պայմանավորվածության համաձայն` նախատեսվում է ցուցահանդեսներ բացել Հռոմում, Վենետիկում եւ Միլանում: Ցուցադրությունների անցկացման ժամկետները իտալական կողմի հետ առայժմ ճշտվում են:
Ա.Մինասյանի տեղեկացմամբ, հայազգի նկարչի գործերի ցուցահանդեսն Իտալիայում կազմակերպելու նախաձեռնությունը Նեապոլի Գեղեցիկ արվեստների ինտիտուտի պրոֆեսոր Ֆրանչեսկո Գալոյինն է, ով նախորդ տարի Հայաստան կատարած այցելության ժամանակ ցուցահանդեսների անցկացման համար պայմանավորվածություններ է ձեռք բերել Մինասի ընտանիքի հետ:
«Որոշել ենք մշակութային հարուստ ժառանգությամբ Իտալիայում Մինասին ներկայացնել իր լավագույն կտավների միջոցով, հավանաբար 40-50 հայտնի ստեղծագործություններ կտարվեն, իսկ գրաֆիկակական աշխատանքների հետ միասին ներկայացվելիք ընդհանուր գործերի թիվը կարող է հասնել նաեւ 100-ի»,- ավելացրեց նա: