«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#1, 2010-01-12 | #2, 2010-01-13 | #3, 2010-01-14


ՀԱՅ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԻՆ ՉՀԱՋՈՂՎԵՑ ՄԵԴԱԼ ՆՎԱՃԵԼ

Թուրքիայի Բուրսա քաղաքում ավարտվեց շախմատի աշխարհի թիմային 7-րդ առաջնությունը, որի պարգեւներն էին վիճարկում 10 թիմեր: Ցավոք Հայաստանի հավաքականին չհաջողվեց 4-րդ անգամ անընդմեջ դառնալ մրցանակակիր:

Ավարտական տուրից առաջ մրցաշարային աղյուսակում այնպիսի իրավիճակ էր ստեղծվել, որ նույնիսկ խոշոր հաշվով Եգիպտոսի հավաքականին հաղթելու դեպքում հայ շախմատիստները հնարավոր է, որ մրցանակակիր չդառնային: Ամեն ինչ կախված էր ԱՄՆ-Ադրբեջան եւ Բրազիլիա-Հնդկաստան մրցախաղերի արդյունքից:

Առաջինն իրենց մրցավեճն ավարտեցին ԱՄՆ-ի եւ Ադրբեջանի շախմատիստները, որոնք շատ արագ բոլոր չորս խաղատախտակների վրա էլ հաշտություն կնքեցին: Ընդ որում, որքան էլ որ զարմանալի էր, ադրբեջանցիների համար վճռորոշ այդ մրցախաղում հանդես չէին գալիս թիմի առաջատարներ Վուգար Հաշիմովն ու Թեյմուր Ռաջաբովը: Այս ամենը հուշում էր, որ ԱՄՆ-ի եւ Ադրբեջանի շախմատիստները նախապես համաձայնել էին ոչ-ոքի արդյունքի: 4-րդ խաղատախտակի վրա Վարուժան Հակոբյանը ոչ-ոքի խաղաց Նիջաթ Մամեդովի հետ: Ոչ-ոքի արդյունքի շնորհիվ ԱՄՆ-ի հավաքականը 13 միավորով դարձավ արծաթե մեդալակիր: Ադրբեջանցիները վաստակեցին 12 միավոր: Նրանք բոլոր պարտիաներում վաստակած միավորներով (22) առաջ անցան Հայաստանի հավաքականից, որը զրկվեց մեդալների համար պայքարելու հնարավորությունից:

Ստացվեց այնպես, որ ադրբեջանցիներն էլ զրկվեցին բրոնզե մեդալներից: Նրանց գերազանցեցին հնդիկներըՙ 3,5-0,5 հաշվով հաղթելով բրազիլացիներին: Հնդկաստանի հավաքականը վաստակեց 13 միավոր, սակայն բոլոր պարտիաներում վաստակած միավորներով զիջեց ամերիկացիներին: Չեմպիոնի տիտղոսը նվաճեց Ռուսաստանի հավաքականը, որը 3-1 հաշվով հաղթելով իսրայելցիներին, վաստակեց 15 միավոր:

Իսկ Հայաստանի հավաքականը 12 միավորով հանգրվանեց 5-րդ հորիզոնականում: Մեր ընտրանին 3-1 հաշվով պարտության մատնեց եգիպտացիներին: Լեւոն Արոնյանը հաղթեց Ահմեդ Ադլիին, Վլադիմիր Հակոբյանը պարտության մատնեց Բասեմ Ամինին, Արման Փաշիկյանն էլ առավելության հասավ Մոհամեդ Եզատի նկատմամբ: Անհաջողության մատնվեց Տիգրան Պետրոսյանըՙ պարտվելով Ռազիկ Աբդելին:

Հայաստանի հավաքականը 9 մրցախաղերից շահեց 5-ը (Իսրայելՙ 2,5-1,5, Թուրքիաՙ 3,5-0,5, Բրազիլիաՙ 2,5-1,5, ԱՄՆՙ 2,5-1,5, Եգիպտոսՙ 3-1), Հնդկաստանի եւ Ռուսաստանի հավաքականների հետ ոչ-ոքի խաղաց, կրեց 2 պարտություն (Ադրբեջանՙ 1,5-2,5, Հունաստանՙ 1-3): Մեր թիմի կազմում առավել հաջող խաղացին Լեւոն Արոնյանն ու Վլադիմիր Հակոբյանըՙ 9 հնարավորից վաստակելով 6-ական միավոր: Արման Փաշիկյանը 6 պարտիաներում իր օգտին 3,5 միավոր գրանցեց: Իր հնարավորություններից ցածր հանդես եկավ Գաբրիել Սարգսյանը, որը սովորաբար թիմային մրցախաղերում իրեն լավագույնս է դրսեւորել: Գաբրիելը 50 տոկոսանոց արդյունքի հասավ (3 միավոր 6 հնարավորից): Թույլ հանդես եկավ Տիգրան Պետրոսյանը, որը Եվրոպայի թիմային առաջնությունում մեր հավաքականում լավագույններից մեկն էր: Նա այս անգամ 6 հնարավորից ընդամենը 2 միավոր վաստակեց: Տիգրան Քոթանջյանին այդպես էլ բախտ չվիճակվեց գեթ մեկ հանդիպում անցկացնել:

8 միավորով 6-րդ տեղը գրավեցին հույներըՙ 2,5-1,5 հաշվով հաղթելով թուրքերին: Հաջորդ տեղերում են Իսրայելի (7 միավոր), Բրազիլիայի (4), Եգիպտոսի (3) եւ Թուրքիայի (3) հավաքականները:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4