«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#1, 2010-01-12 | #2, 2010-01-13 | #3, 2010-01-14


ԿՈՒԶՄԱՆՈՍԿԻՆ ՍԿՍԵՑ ՄԱՐԶՈՒՄՆԵՐԸ «ԲԱՆԱՆՑՈՒՄ»

Ինչպես տեղեկացրել ենք, նոր մրցաշրջանում Երեւանի «Բանանցը» հանդես կգա մակեդոնացի մարզիչ Ստեւիցա Կուզմանոսկու գլխավորությամբ: Վերջինս նոր է անցել իր պարտականությունների կատարմանը եւ անմիջապես հանդիպեց լրագրողների հետ:

Նա նշեց, որ լինելով պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ եւ մարզիչ, 30 տարի անցկացնելով մեծ ֆուտբոլում, իր համար դժվար չէ նոր միջավայրին հարմարվելը: Կուզմանոսկին Հայաստանում իրեն լավ է զգում, հույս ունի, որ շուտով նաեւ հայերենին կտիրապետի, ինչն ավելի դյուրին կդարձնի շփումը «Բանանցի» ֆուտբոլիստների եւ լրագրողների հետ:

Նոր մարզչին «Բանանցի» մասին բավական տեղեկություններ է հաղորդել թիմի նախկին դարպասապահ Նենադ Ռադաջան: Կուզմանոսկու գործակալ Միրչա Դիմիտրովը մոտ է եղել Նիկոլայ Կոստովի եւ «Բանանցի» նախագահ Սարգիս Իսրայելյանի հետ ու նրանց միջոցով էլ հրավիրվել է հայկական թիմ:

Մակեդոնացի մասնագետը «Բանանցի» հետ 2 տարվա պայմանագիր է կնքել: Մինչ այդ նա մարզում էր բուլղարական «Մոնտանան», որի հետ պայմանագրում կետ կար, որը թույլատրում էր Կուզմանոսկուն այլ ակումբից հրավերի դեպքում հեռանալ թիմից: Նոր մարզիչն իր հետ «Մոնտանայից» 3 ֆուտբոլիստ է բերել, որոնք արդեն պայմանագիր են կնքել «Բանանցի» հետ: Նրանք են բուլղարացիներ, դարպասապահ Ցվետոմիր Ցանկովը եւ կենտրոնական պաշտպան Նիկոլայ Նիկոլովը, ինչպես նաեւ հարձակողական ոճի կիսապաշտպան, բրազիլացի Բետուն: Թիմ է վերադարձել բուլղարացի հարձակվող Սեմյոն Զլատեւը, որը գրեթե մեկ տարի ծանր վնասվածք ուներ ու նոր է ապաքինվել: Օրերս Երեւան կժամանեն եւս 4 լեգեոնականներ: Ըստ Կուզմանոսկու, թիմն այժմ մեկ դարպասապահի, 2-ական կենտրոնական պաշտպանի, կիսապաշտպանի եւ հարձակվողի կարիք է զգում: «Բանանցից» հեռացել են Արտակ Օսեյանը, Հովհաննես Գրիգորյանը, Հրանտ Գեւորգյանը եւ Նիկոլայ Սարգսյանը: Արտակ Դաշյանը փորձաշրջան է անցնում Դոնեցկի «Մետալուրգում», իսկ վերջինիս կազմից Երեւան վերադարձած Արարատ Առաքելյանն այժմ մարզվում է «Բանանցում»:

Կուզմանոսկին առայժմ 2 պարապմունք է անցկացրել, նաեւ դիտել է թիմի մասնակցությամբ նախորդ առաջնության 6 հանդիպումներն ու որոշակի պատկերացում արդեն ունի «Բանանցի» մասին: Տպավորությունն ավելի ամբողջական կլինի հետագա մարզումներից ու հունվարի 24-ին եւ 30-ին նախատեսված ընկերական մրցախաղերից հետո: Փետրվարի 2-21-ը թիմն ուսումնամարզական հավաք կանցկացնի Կիպրոսում, որտեղ ընկերական 5 խաղերում կստուգի ֆուտբոլիստների պատրաստվածության աստիճանը: Կարճատեւ ընդմիջումից հետո թիմը փետրվարի 24-ին հավանաբար կրկին կուղեւորվի Կիպրոս, որտեղ մինչեւ մարտի 11-ը եւս 3-4 ընկերական հանդիպում կանցկացնի:

Ստեւիցա Կուզմանոսկին կողմնակից է հարձակողական ոճի գեղեցիկ ֆուտբոլի եւ ձգտելու է այն ներդնել «Բանանցում»: Բացի այդ, մարզիչը մեծ ծավալի աշխատանք պետք է կատարի երիտասարդ ֆուտբոլիստների հետ: Նա խոստացավ իր ողջ ուժերը ներդնել «Բանանցի» հետ բարձունքներ նվաճելու համար: Թե որքանով դա կհաջողվի նոր մարզչին, ցույց կտա ժամանակը:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4