«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#3, 2010-01-14 | #4, 2010-01-15 | #5, 2010-01-16


«ԱՅՆ ՁԵՌՔԸ, ՈՐ ՉԵՍ ԿԱՐՈՂ ՏՐՈՐԵԼ, ՎԵՐՑՐՈՒ ՈՒ ԴԻՐ ԳԼԽԻԴ»

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Այն, որ Միջազգային ճգնաժամային խմբի եվրոպական ծրագրերի տնօրեն Սաբինա Ֆրեյզերն ափալ-թափալ հարցազրույց է տվել ադրբեջանական լրատվամիջոցին, թե Ռուսաստանը բոլոր միջազգային խաղացողների ֆոնին ամենից մեծ հնարավորություններն ունի հասնելու համաձայնագրի (ղարաբաղյան-Մ.Խ.) ստորագրմանը, սակայն ամենազոր չէ, ցույց է տալիս նավթային շահեր հետապնդող արեւմտյան շրջանակների անհանգստությունը Ռուսաստանի ակտիվացումից` ե՛ւ ԼՂՀ հարցի լուծման, ե՛ւ հայ-թուրքական հարաբերությունների հաստատման էպիզոդներում: Իսկ վերջին ռուս-թուրքական հանդիպման վերաբերյալ նրա մեկնաբանությունն արդեն կասկածի տեղ չի թողնում այդ շրջանակների անհանգստության մեծ չափերի մասին, թե չէ ինչո՞ւ պետք է այդքան բաց մեկնաբանության գնար, թե Թուրքիան փորձում է դրդել Ռուսաստանին` ավելի սերտ աշխատելու Հայաստանի հետ, որպեսզի վերջինս լրացուցիչ զիջումների գնա ղարաբաղյան բանակցություններում: Եվ դեռ չի թաքցնում, որ Թուրքիան կցանկանար ղարաբաղյան հակամարտության լուծման գործում մյուս խաղացողների` ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի ակտիվացումը: Դե որ Ֆրեյզերը հանգիստ խոսում է Թուրքիայի ցանկությունների անունից, դա մեզ վաղուց չի զարմացնում, սակայն այսպիսի արագ արձագանքն է վկայում, որ Պուտինի եւ Լավրովի հայտարարությունները, չնայած Ռուսաստանի՛ եւս նավթային շահերին, անհանգստացրել են թուրքական խոսափող միջազգային կառույցներին: Այդ է պատճառը, որ նրանք (կոնկրետ դեպքում` Ֆրեյզերը) ստիպված հիշում են հայտնի ճշմարտությունը` հարցը կլուծվի միայն երկու երկրների հասարակությունների` հիմնարար սկզբունքներն ընդունելուն պատրաստ լինելու դեպքում. «Այդ սկզբունքները չեն կարող պարտադրել Ադրբեջանին եւ Հայաստանին ոչ Ռուսաստանը, ոչ ԱՄՆ-ը, դրանք պետք է համաձայնեցնեն հասարակությունները», ասել է նա` նշելով, թե 2008-ի մոսկովյան հռչակագիրը հենց Ռուսաստանի անբավարար ազդեցության օրինակ է եւ բնավ չի մոտեցրել կողմերին համապարփակ համաձայնագրին:

Հասկանում ենք Ֆրեյզերին, ով կուզենար բավարարված տեսնել Թուրքիայի հավակնությունները` դերակատար լինելու ղարաբաղյան խնդրի լուծման գործում, հասկանալի է` նրա եղբայր Ադրբեջանի շահերի համադրմամբ, բայց ոչնչով տիկնոջն օգնել չենք կարող, քանի որ հերթական անգամ Ռուսաստանը ցուցադրեց սեփական շահերին տեր լինելու իր գործելակերպը` Թուրքիային իր տեղը դնելով: Եվ պատահական չէ, որ Թուրքիայի վարչապետը, ստիպված լինելով Մոսկվայում շատ չծավալվել ու միայն մի թեթեւ խոսել ԼՂՀ խնդիրը հայ-թուրքական հարաբերությունների հետ կապված լինելուց, տուն հասնելուց հետո անմիջապես անցել է իր ձեռագրին ու ասել, թե հայ-թուրքական հարաբերություններն ու Ղարաբաղի խնդրի լուծումը որքան էլ առերեւույթ կապ չունեն, բայց վարագույրի հետեւից երբ նայում է, դրանք իրար կապված է տեսնում: Նա շեշտել է, թե հայ-թուրքական սահմանը հայ-ադրբեջանական հակամարտության արդյունքում է փակվել , այդ հակամարտությունը պետք է վերանա` Ղարաբաղի «զավթումին» վերջ տրվի, այդ դեպքում Հայաստան-Թուրքիա հարաբերությունների խնդիրը շատ արագ կարգավորվելու է: Եվ ապա արտահայտվել է նույն կերպ, ինչպես Սաբինա Ֆրեյզերը. «Ռուսաստանին եւս մեկ անգամ կոչ եմ անում պահել նախաձեռնությունը Ղարաբաղի խնդրում: Ես այդ հարցի մասին պարոնայք Մեդվեդեւի եւ Պուտինի հետ խոսել եմ շատ բաց: Մինսկի խմբի համանախագահներից Ռուսաստանն ամենամեծ ազդեցությունն ունի Հայաստանի վրա. եթե Ռուսաստանը թուլացնի նախաձեռնողականությունը Ղարաբաղի հարցում, խնդրի լուծումը կդժվարանա», ասել է նա: Ինչպես ասում են` այն ձեռքը, որ չես կարող տրորել, վերցրու ու դիր գլխիդ:

Դե հիմա սրանից հետո մեր լրատվամիջոցներում ընթացող այն քննարկումները, թե Սահմանադրական դատարանի որոշումը այսպես ու այսպես` հնարավորություն են Ազգային ժողովում վերապահումով ընդունելու հայ-թուրքական արձանագրությունները, կամ մի ուրիշ, առավել մեծամասնական մեկնաբանությամբ` արձանագրություններում նախապայման չկա, այսինքն` մերոնք դեռ լրջորեն տանջվում են արձանագրությունների հետ, փորձելով մնալ իրավական ձեւակերպումների մեջ, այդ իրավական տվայտանքները մի տեսակ իմաստազրկվում են, քանի որ թուրքերն առիթը բաց չեն թողնում երկու հարցերը միմյանցով պայմանավորելու, որքան էլ Պուտինն ու Լավրովը տարբեր ձեւերով փորձում էին նրանց հասկացնել, թե այդպիսի կապ չի կարող լինել. առաջինը Մոսկվայում սեպել էր, թե չի կարելի մի զամբյուղում տեղավորել հայ-թուրքական եւ ղարաբաղյան խնդիրները, եթե դրանք մի կույտում տեղավորենք` լուծման հեռանկարն ավելի կհեռացնենք, իսկ երկրորդը Երեւանից էր հասկացրել, որ արհեստականորեն այդ հարցերը փոխկապակցելը կոռեկտ չէ: Ու մերոնց տառապանքները, թե արդյո՞ք միջազգային երկկողմ պայմանագրերում վերապահում անելու իրավունք կա, թե չկա, Էրդողանի կամ այլ բարձրաստիճան թուրքերի կոպիտ հայտարարությունների ֆոնին պարզապես իրավական նուրբ վեճ են թվում :

Այսպես որ գնա` թուրքերն իրենք են կարծես վիժեցնելու արձանագրությունները, նրանց տարածաշրջանային նկրտումները երբեք թույլ չեն տա արձանագրությունների հետ կապված զսպել իրենց եւ նախապայմաններ չառաջադրել, ու եթե այս ոգով շարունակեն` մեր վերապահումներին հերթ չի հասնի, իսկ Էրդողանի այցը նրա եղբայր Ադրբեջանում արդեն գնահատում են որպես ձախողված: Բա ո՞նց պիտի անեն Դավութօղլուի այն մեծամտական հայտարարության հետ, թե իրենք` թուրքերն ուզում են ստեղծել մի տարածաշրջան, որտեղ Բաքվից ճամփա ընկած մեքենան անցնի Ղարաբաղով, Երեւանով եւ Նախիջեւանով եւ հասնի Կարս: Այս խայծը փաստորեն Ռուսաստանը կուլ չտվեց, տեսնենք, թե ի՞նչ են ասելու հունվարի 20-ին տարածաշրջան եկող մյուս երկու համանախագահները:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4