«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#3, 2010-01-14 | #4, 2010-01-15 | #5, 2010-01-16


ԱՆՑՅԱԼ ՏԱՐԻ ՆԱԽՈՐԴԻ ՀԱՄԵՄԱՏ ՏԱՍՆԱՊԱՏԿՎԵԼ Է ԹՈՒՐՔԻԱՅԻՑ ԻՍՐԱՅԵԼ ԳԱՂԹՈՂ ՀՐԵԱՆԵՐԻ ԹԻՎԸ

Դրա հիմքում երկրում աճող հակահրեական տրամադրություններն են, ինչպես նաեւ Թուրքիա-Իսրայել լարվածությունը

Տասնյակ տարիներ Թուրքիան Եգիպտոսի եւ Սաուդյան Արաբիայի հետ տարածաշրջանում ապահովում էր Իսրայելի անվտանգությունը: Այսինքնՙ անվտանգության ապահովման դեր էր կատարում, որի հետեւանքով մշտապես սուր հակասությունների մեջ էր հայտնվում այն հարեւանների հետ, որոնք հակադրվում էին ԱՄՆ-ի իսրայելամետ քաղաքականությանը:

2003-ին, երբ Թուրքիայում միանձնյա իշխանության եկավ վարչապետ Էրդողանի իսլամամետ «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցությունը, թուրքական կառավարությունը հարեւանների հետ առկա խնդիրները զրոյականացնելու դիրքորոշման շրջանակում սկսեց ոչ միայն բարելավել, այլեւ համագործակցության մակարդակի բարձրացնել հարաբերություններն ԱՄՆ-ին եւ նրա իսրայելամետ քաղաքականությանը դիմակայող Սիրիայի եւ Իրանի հետ:

Այս պայմաններում, անկախ պատճառաբանությունից, միանգամայն տրամաբական է, որ Իսրայելը տարաձայնությունների մեջ մտներ Թուրքիայի հետ եւ դրանք աստիճանաբար վերաճեին հակասությունների: Սրվեցին նաեւ թուրք-իսրայելական հակասությունները, իսկ սրումը գագաթնակետին հասավ 2009-ի հունվարինՙ կապված Դավոսում Էրդողանիՙ Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսին հասցրած վիրավորանքի հետ:

Հակասությունների սրումը չէր կարող չխթանել հակահրեական տրամադրությունները երկրում, որն էլ անխուսափելիորեն ունենալու էր իր բացասական անդրադարձը Թուրքիայի հրեական համայնքի կացության վրա: Ահա թե ինչու 2009-ին, նախորդ տարիների համեմատությամբ, տասնապատկվեց Թուրքիայից Իսրայել գաղթող հրեաների թիվը:

Հունվարի 14-ին թուրքական NTV-ն, նշելով այդ մասին, իր կայքէջում գրում է. «Պարզաբանումների համար դիմեցինք Թուրքիայի հրեական համայնքի ղեկավար Էյալ Պերեցին: Նա հաստատեց 2009-ին Թուրքիայից Իսրայել գաղթողների թվի տասն անգամ բազմապատկման փաստը եւ ընդգծեց. «2009-ին տեղի ունեցած զարգացումները խթանեցին հրեաների արտագաղթը Թուրքիայից: Վերջին տասնամյակում տարեկան միջինը 60 հրեա էր Թուրքիայից Իսրայել գաղթում: Սակայն անցյալ տարի այս ցուցանիշը հասավ 600-ի»:

Պերեցն այնուհետեւ նշել է, որ գաղթողների գերակշւռ մասը երիտասարդ ընտանիքներ են, թեեւ արտագաղթն ունի նաեւ տնտեսական պատճառներ, սակայն դրա հիմքում հրեական համայնքի հիասթափությունն է, երկրում իրականացվող հակահրեական ցույցերն ու լարվածության հարաճուն սրումը Թուրքիա-Իսրայել հարաբերություններում:

Վերջում նա ավելացրել է. «Եթե Ստամբուլի փողոցներում Իսրայելի դրոշն են այրում, իսկ երկրի վարչապետը, դիմելով հրեաներին, ասում է. «Դուք իմ հյուրն եք», եւ հակահրեական տրամադրություններն անընդմեջ ծավալվում են Թուրքիայում, անխուսափելիորեն պետք է աճի երկրից արտագաղթողների թիվը: Ի վերջո, եթե դուք վտանգ եք զգում, իսկ վարչապետը սրում է իրավիճակը, դուք ձեզ չեք կարող ապահով զգալ: «Դուք իմ հյուրն եք» ասելը կնշանակի, որ սա ձեր երկիրը չէ, դուք այս երկրին չեք պատկանում: Մինչդեռ որեւէ երկրում բնակվելու համար խիստ կարեւոր է այդ երկրի պատկանելը»:

Հ. ՉԱՔՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4