Հայտարարել է վարչապետ Էրդողանըՙ վերադառնալով Մոսկվայից
«Ազգը» վերջին համարներում բազմիցս նշել է Լեռնային Ղարաբաղում ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջոցով «առաջընթաց» ապահովելու Թուրքիայի առաջադրանքի մասին, նկատի առնելով վարչապետ Էրդողանի Վաշինգտոն, ապա եւ Մոսկվա կատարած այցելությունները, հանգել էր առաջադրանքի ձախողման եզրակացությանը: Միաժամանակ շեշտել էինք «առաջադրանքի» ապահովման համար Ռուսաստանից ակտիվ դերակատարության ստանձնում պահանջող Էրդողանին ՌԴ վարչապետ Պուտինի պատասխանը. «Ռուսաստանը կառուցողական աջակցություն է ցուցաբերելու կարգավորմանն ուղղված բոլոր աշխատանքներին, եւ դա է լինելու նրա դերը ղարաբաղյան հիմնահարցում»:
Թվում էր, թե Վլադիմիր Պուտինի պատասխանը սպառիչ է: Դրանով հանդերձ վարչապետ Էրդողանը վերադառնալով Մոսկվայից, Անկարայում վերստին կրկնել է Լեռնային Ղարաբաղում առաջընթաց ապահովելու Թուրքիայի տեսակետը: Թերեւս այդ հանգամանքն էլ ստիպեց մեզ վերստին անդրադառնալ թուրքական առաջադրանքին:
Ինչպես հունվարի 15-ի համարում նշել է «Բուգյուն» թերթը, վարչապետ Էրդողանն ասել է, որ թեեւ փորձ է արվում Թուրքիա-Հայաստան նորմալացման գործընթացը տարանջատելու Ղարաբաղի հիմնահարցի կարգավորումից, այնուամենայնիվ, այս երկու խնդիրները հիմքում կապակցված են միմյանց հետ: Ապա նա ավելացրել է. «Սահմանները փակվեցին այն ժամանակ, երբ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խնդիրներ առաջացան: Նորմալացման առումով դրական քայլի կատարման համար անհրաժեշտ է խաղաղության հաստատումը: Թող հաղթահարվի Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ առկա խնդիրը: Վերացվի Ղարաբաղի օկուպացումը: Այդ դեպքում արդեն հեշտ կլուծվի Թուրքիա-Հայաստան խնդիրը: Եթե Հայաստանն իսկապես բարի կամքի տեր է, թող ազատի հարակից շրջանները: Մենք որոշակիորեն ռիսկի ենք դիմել: Այս գործընթացում հայտնի են Թուրքիայի քայլերը: Եթե Ղարաբաղի հարցում Ռուսաստանը թուլություն դրսեւորի, ապա խիստ կդժվարանա արդյունքի հասնելը»:
Ինչո՞վ բացատրել Թուրքիայի վարչապետ Էրդողանի Պուտինից սպառիչ պատասխան ստանալուց հետո արտահայտած խոսքերը: Ըստ երեւույթին, Հայաստան-Թուրքիա հարաբերությունները Լեռնային Ղարաբաղի հիմնահարցով պայմանավորելու Անկարայի հետեւողականությամբ, ինչպես նաեւ ղարաբաղյան հիմնահարցում «առաջընթացի» ապահովման անհրաժեշտությունը մասսայականացնելու, դրան միջազգային հնչեղություն հաղորդելու, Հայաստանին հոգեբանական ճնշման ենթարկելու եւ ռազմատենչ հայտարարություններում Ադրբեջանին գոտեպնդելու համար «դրական» ազդանշան հաղորդելու թուրքական նկրտումներով:
Հ. ՉԱՔՐՅԱՆ