«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#3, 2010-01-14 | #4, 2010-01-15 | #5, 2010-01-16


ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԻ ԼՈՒԾՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ ԱՐՄԵՆԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԵՐՈՒՄ

Խորհրդահայ պատմագիտության մեջ երկար ժամանակ գերիշխող է եղել այն կարծիքը, թե Արմենական կուսակցության ծրագիրը համարվել է Ռ. Պատկանյանի «Վարդապետարան Հայաստանի ազատագրության» գրքույկը, որը լույս է տեսել 1889 թ. Մարսելում եւ բնականաբար չէր կարող լինել ավելի վաղՙ 1885 թ. կազմավորված կուսակցության ծրագիրը: «Վարդապետարանը» թեեւ ներառում էր ազատասիրական ոգի ու գաղափարներ, սակայն որպես ծրագրային փաստաթուղթՙ ստանդարտ ու դոգմատիկ ձեւակերպումներով, անընդունելի կլիներ գործող կուսակցության համար: Բացի այդ, էական տարբերություն կար արմենականների ծրագրի եւ «Վարդապետարանի» միջեւ: Արմենականների ծրագրում պարզ ու հստակ նշված է հեղափոխությամբ արեւմտահայությանը ազատագրելու մասին, մինչդեռ «Վարդապետարանը» «... անորոշ ձեւով կը խօսեր զէնքի դիմելու մասին»: [1]

Բնորոշ է նաեւ այն խոսուն փաստը, որ արմենական գործիչներից ոչ մեկը չի նշում, թե «Վարդապետարանը» երբեւիցե ծառայել է որպես ծրագրային փաստաթուղթ կուսակցության գործունեության համար:

Արմենականների կուսակցության ծրագիրը ծնվել է տվյալ պահի եւ ժամանակի պահանջներից եւ ամբողջովին բխել Արեւմտյան Հայաստանում տիրող ընդհանուր իրավիճակից: Ծրագրի ստեղծման աշխատանքներին մասնակցել են կուսակցության լավագույն մտավորական ուժերըՙ Մկրտիչ Ավետիսյանի (Թերլեմեզյան) գլխավորությամբ:

Այն հետագայում ենթարկվել է որոշ մասնակի փոփոխությունների:

Կուսակցության ծրագրի հեղինակները հետեւողականորեն հաշվի էին նստել տվյալ պահին երկրում գոյություն ունեցող ռեալ իրավիճակի հետ եւ որպես առաջնահերթ նպատակ մատնանշել էին դժոխային կացությունը վերափոխելու ուղին:

Այդ ուղին հեղափոխությունն էր:

Ծրագիրը հռչակում էր. «Արմենական կազմակերպութեանս նպատակն է յեղափոխութեամբ Թուրքիայի հայ ժողովրդեան համար իրաւունք ձեռք բերել ինքզինք ազատօրէն կառավարելու»: [2]

Ծրագրում նշվում է, որ կուսակցությունն իր ներքին ուժը գոյացնելու է ժողովրդի բոլոր խավերից, առանց դասակարգային իմաստով խտրականություն դնելու:

Կուսակցությունը գտնում էր, որ չպետք է ուժերը ցրի այլ ազգերի շրջանում հեղափոխական շարժումներ առաջ բերելու նպատակով, քանզի հայ ազգի ու մյուս ցեղերի միջեւ աշխարհահայեցողության, պահանջների ու զարգացման մեծ տարբերություններ կան, որով ազգի հեղափոխական շարժումը կարող էր դանդաղել ու կնճռոտվել:3

Իսկ ինչպե՞ս եւ ի՞նչ միջոցներով էր Արմենական կուսակցությունը արեւմտահայությանը նախապատրաստելու ազատագրական հեղափոխության: Այդ մասին ծրագրում հետեւյալն է նշում. «Արմենական կազմակերպութիւնը իր նպատակին հասնելու համար կ՚աշխատի ներքին ոյժ գոյացնել, միացնելով իրարու հետ միեւնոյն գաղափարի ծառայող հայ հայրենասէրներները եւ կեդրոնական ուղղութեան ենթարկելով ժողովուրդը արթնցնել, յեղափոխական գրականութեամբ, ընտիր դաստիարակութեամբ, գործչի ազնիւ կենցաղով եւ քարոզով գաղափար տարածել, կանոնաւոր եւ յարատեւ յարաբերութիւն մշակել, զինակրթութեան եւ կարգապահութեան վարժեցնել, ինքնապաշտպանութեան զգացում արծարծել, զէնք եւ դրամ հայթայել, զինուորական շարժումն խումբեր կազմակերպել եւ ի հարկին գործածել եւ ընդհանուր շարժման պատրաստել, երբ մանաւանդ արտաքին հանգամանքներն ալ մեզ նպաստաւոր համարուին»: [4]

Արմենական կուսակցության ծրագիրը կառուցված էր ռեալ, իրական հողի վրա, նկատի ունենալով այն դժնդակ պայմանները, որում հայտնվել էր արեւմտահայությունը:

Այս տեսակետից տարօրինակ ու անարդարացի է հնչում այն պնդումը, թե «... այդ ծրագիրը դեռեւս հեղհեղուկ էր, իսկ նրա կազմողները հստակ պատկերացում չունեին ապագա Հայաստանի սոցիալ-քաղաքական հարաբերությունների եւ նրա ազատագրման ուղիների մասին»: [5]

Արմենականները ընտրել էին շատ զգույշ տակտիկա, ձգտելով հայ ժողովրդի լայն խավերի մեջ արթնացնել ինքնապաշտպանության գիտակցությունը եւ «... դնել զայն ամէն տեղ ինքզինքը պաշտպանելու վիճակին մէջ» [6]: Նրանք դեմ էին ցուցադրական ելույթներին, որոնց օգուտըՙ Եվրոպայում դրական հակազդեցություն ձեռք բերելու իմաստով աննշան էր, իսկ վնասըՙ ահռելի ծանր, ուղեկցված նորանոր կոտորածներով:

Արմենականների ծրագիրը չէր հետապնդում ընկերվարական-միջազգային նպատակներ, սոցիալական հեղափոխություն եւ հետագայի հնարավոր, ընդունելի վարչաձեւը թողնում էր ապագային, առաջնահերթը հռչակելով ողջ արեւմտահայության ազատագրումը թուրքական լծից. սոցիալ-քաղաքական զարգացման որեւէ ուղի ընտրելու հնարավորության եւ հավանականության մասին կարելի էր մտորել եւ ծրագրում նշել միայն այն դեպքում, երբ արեւմտահայությունը ապահովված կլիներ ֆիզիկական բնաջնջման առօրյա-ամենօրյա սպառնալիքից:

ԱՐՄԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ, Պատմ. գիտ. թեկնածու


1. Վաչէ Ղազարեան, Արմենական կուսակցութիւնը, Բեյրութ, 1985 թ., էջ 19:

2. Յուշեր Արմենակ Եկարեանի, Գահիրէ, 1947 թ., էջ 81-82:

3. Նույն տեղում:

4. Նույն տեղում:

5. Հայկական սովետական հանրագիտարան, Ե., 1976 թ., հ. 2, էջ 94;

6. Յուշեր Արմենակ Եկարեանի, էջ 73:


Նկար 1. Արմենական կազմակերպության առաջին զինանշանը

Նկար 2. 1896 թ. ինքնապաշտպանության արմենական զինախմբերից մեկը

Նկար 3. Մկրտիչ Փորթուգալյան, Արմենական կուսակցության գաղափարախոսը

Նկար 4. Մկրտիչ Ավետիսյան, Կուսակցության հիմնադիր, 1896-ի ինքնապաշտպանական կռիվների ղեկավար

Նկար 5. Արմենակ Եկարյան, 1915 թ. Վանի ինքնապաշտպանության զինվորական շտաբի հրամանատար


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4