«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#3, 2010-01-14 | #4, 2010-01-15 | #5, 2010-01-16


2010 ԹՎԱԿԱՆԸՙ ԱՐՄԵՆԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ 125-ԱՄՅԱԿԻ ՏԱՐԻ

Ուղիղ 125 տարի առաջ` 1885 թ. Վասպուրականի մայրանիստ Վանում, իրականացնելով Խրիմյան եւ Փորթուգալյան Մկրտիչների վաղեմի երազանքը, Մկրտիչ Ավետիսյան-Թերլեմեզյանը Վանի Կենտրոնական վարժարանի համախոհ շրջանավարտների հետ հիմնեց առաջին ու վերջին երկրածին կուսակցությունը` Արմենական անունով: Կուսակցության ծրագիրը ենթադրում էր կրթալուսավորչական, քարոզչական, զինավարժական եւ կազմակերպչական աշխատանքների միջոցով հասնել հայրենիքի ազատության: Լինելով տեղացիներ, նրանք լավ գիտակցում էին, որ հարկավոր է պատրաստվել անաղմուկ, առանց ավելորդ ցուցամոլության, որովհետեւ թշնամին թուրքն էր, որը հաղթելու դեպքում ոչնչացնում է: Պատմական հեռվից գնահատելով այդ փաստը եւ դիտարկելով այն մերօրյա քաղաքական անցուդարձի լույսի ներքոՙ հստակ կարող ենք արձանագրել.

1. Արմենական կուսակցությունը շատ ճիշտ էր ընկալել ժամանակն ու նրա նետած մարտահրավերները, առհավատչյան` Վանի 1896 թ. Մեծ դեպքն ու 1915 թ. միակ արդյունավետ հերոսամարտը:

2. Ժամանակակից սերունդը շատ բան ունի սովորելու արմենականներից:

3. Հայ ժողովուրդը պարտավոր է արժանին մատուցել եւ Արմենականների պայծառ հիշատակը հավերժացնելու համար փողոց, հրապարակ, կրթական օջախ կամ այլ հաստատություն կոչել նրանց անունով:

Ելնելով սրանից եւ նկատի ունենալով այն կարեւոր իրադարձությունները, որոնք տեղի են ունենում մեր օրերում, Արմենական-ՌԱԿ-ը եւ ՌԱԿ Համաշխարհային խորհուրդը Հայաստանի Հանրապետությունում եւ համայն սփյուռքում 2010 թվականը հայտարարում են Արմենական տարի: Կոչ ենք անում գիտության եւ կրթության, մշակույթի, սփյուռքի նախարարություններին, երեւանի քաղաքապետարանին, բոլոր գիտական եւ ուսումնական հաստատություններին, ԶԼՄ-ներին եւ այլ շահագրգիռ կազմակերպություններին ոչ միայն արձագանքել, այլեւ իրենց ամենաակտիվ մասնակցությունը բերել հայրենանվեր այդ գործին:

ԱՐՄԵՆԱԿԱՆ-ՌԱԿ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4