«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#3, 2010-01-14 | #4, 2010-01-15 | #5, 2010-01-16


ԱԶԳԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՉՊԵՏՔ Է ԴԱՌՆԱՆ ՇԱՀԱՐԿՄԱՆ ԱՌԱՐԿԱ

Հայ-թուրքական հարաբերություններ, ստորագրված Արձանագրություններ, դրանց սպասվող երկկողմ վավերացումներ, անտեղի շահարկումներ եւ այլն, եւ այլն: Հայկական լրատվամիջոցներում վերջին ժամանակների ամենից շատ քննարկվող այս թեմաներին երեկ անդրադարձան թուրքագետներ` «Ազգ»-ի քաղաքական մեկնաբան Հակոբ Չաքրյանն ու քաղաքագետ Արտակ Շաքարյանը: Չափից դուրս շահարկվող համարելով հայ-թուրքական թեման` Չաքրյանն ընդգծեց, որ անհրաժեշտ է սառնասրտություն ցուցաբերել այս հարցում. «Ոմանք նույնիսկ «էկրան քցվելու» համար են խոսում հայ-թուրքական հարաբերություններից, այնինչ պետք է շատ ավելի սառնասիրտ լինել», շեշտեց Չաքրյանը: Իսկ Շաքարյանը «թուրքական սառնությունը» պայմանավորեց նրանով, որ Թուրքիայում հայկական, անշուշտ կարեւոր, հարցից բացի կան նաեւ այլ խնդիրներ. «Թուրքիան առհասարակ բարդ երկիր է, այնտեղ կա նաեւ քրդական հարց, այնինչ Հայաստանում հայ-թուրքական քննարկումները թերեւս ամենակարեւոր քաղաքական հարցերն են», նշեց Շաքարյանը: Նա նաեւ նկատեց, որ Մեջլիսը կարեւոր հարցերի սառեցման կամ ձգձգման մեծ փորձ ունի. «Օրինակՙ Հյուսիսային Կիպրոսի հարցը, որի քննարկումը երկար տարիներ պահանջեց Մեջլիսից»:

Անդրադառնալով Սահմանադրական դատարանի ընդունած փաստաթղթին` Չաքրյանը նկատեց, որ այն չի կարող որեւէ քաղաքական նշանակություն ունենալ միջազգային հանրության համար: Իսկ Շաքարյանը նշեց, որ Թուրքիայում ՍԴ ընդունած փաստաթղթին բավական չոր են վերաբերվել. «Թուրքական մամուլը միայն նշել է, որ Հայաստանի ՍԴ-ն սահմանադրությանը համապատասխան է ճանաչել արձանագրությունները, ոչ ավել: Ընդ որումՙ թուրքական մամուլը Էրդողան-Պուտին մոսկովյան հանդիպումը լուսաբանելիս նույնպես մանրամասնությունների մեջ չի ընկել. նրանք չեն նշել Պուտինի արտահայտությունը, որ չպետք է շաղկապվեն հայ-թուրքական գործընթացներն ու Ղարաբաղի հարցը», նշեց Շաքարյանը:

Խոսելով Էրդողանի Մոսկվա, իսկ ավելի շուտՙ Վաշինգտոն այցերի մասին` Հակոբ Չաքրյանը նկատեց, որ Թուրքիան, չկարողանալով ճնշում գործադրել Հայաստանի վրա Ղարաբաղի հարցում, դիմել է ԱՄՆ-ին եւ Ռուսաստանին. «Սակայն Էրդողանի երկու այցերն էլ ցույց տվեցին, որ թուրքական այդ ջանքերն ապարդյուն են, ընդհակառակըՙ իրենք են դառնում ճնշումների թիրախ»:

Իսկ այժմ, երբ Սահմանադրական դատարանը արձանագրությունները համապատասխան ճանաչեց երկրի գլխավոր օրենքին, երկու թուրքագետների կարծիքով էլ ճիշտ կլինի սպասել Թուրքիայի պատասխան քայլին. «Թուրքիայում տեղաշարժերի դեպքում նոր կարելի է մտածել մեր հաջորդ քայլերի մասին, ընդ որում Էրդողանի այցը Մոսկվա ցույց տվեց, որ Ռուսաստանը սկսում է ճնշում գործադրել Անկարայի վրա` արագացնելու գործընթացը», նկատեց Շաքարյանը: Իսկ Ազգային ժողովը, Շաքարյանի կարծիքով, եթե կարողանա այնպես արձանագրություններում մտցնել ՍԴ-ի ամրագրած մտահոգությունները, որ չեն ստանա վերապահումների տեսք, ապա դա դրական ազդեցություն կունենա. «Իսկ հակառակ դեպքումՙ կնշանակի, որ Հայաստանը փոխում է պայմանագիրը, քանի որ երկկողմ միջազգային պայմանագրերում վերապահումներ մտցնելը հենց դա է նշանակում», ընդգծեցին երկու բանախոսներն էլ:

«Այս արձանագրություններով սկսվում է ամեն ինչ, ոչ թե ավարտվում,- շեշտեց Չաքրյանը,- մենք պարզապես պետք է հստակ իմանանք, թե ի՞նչ ենք ուզում»: Շաքարյանի մեկնաբանմամբՙ անհնար է ամբողջ հայ ժողովրդի պահանջներն ու ցանկություննները մտցնել արձանագրությունների մեջ. «Քանի որ մենք ինքներնս էլ չգիտենք, թե ինչ ենք ուզում»:

Անդրադառնալով Հայոց ցեղասպանության խնդրին` Չաքրյանը նշեց, որ եթե մենք ցեղասպանության միջազգային ճանաչման կողքին դնենք նաեւ պահանջատիրության հարցը, ապա այն չճանաչած երկրները ընդհանրապես չեն ճանաչի: «Ամեն ինչ պետք է անել հերթով. սկզբում անհրաժեշտ է, որ ամբողջ Թուրքիան, ամբողջ աշխարհը ճանաչեն ցեղասպանությունը, նոր միայն մենք առաջ բերենք մեր պահանջները, եւ այն, որ շատերն այսօր խոսում են, թե արձանագրություններով կասեցվել կամ խոչընդոտվել է ցեղասպանության ճանաչման գործընթացը, անթույլատրելի է. ազգային խնդիրները չպետք է դառնան շահարկման առարկա: Մեր իշխանություններն ուրիշ այլ խոցելի տեղեր ունեն` սոցիալական, կադրային քաղաքականություն եւ այլն», եզրափակեց Հակոբ Չաքրյանը:

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4