ՀՀ մշակույթի նախարարության, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի աջակցությամբ եւ ՀՀ առողջապահության նախարարության հովանավորությամբ հունվարի 16-ին եւ 17-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կկայանա «Բժիշկների համաշխարհային նվագախմբի» բարեգործական բացառիկ համերգները: «Ազգն» արդեն անդրադարձել է (հունվարի 12-ի համարում) այդ նվագախմբի ստեղծման, գործունեությանն ու ծրագրերին: Երեկ «Անի» հյուրանոցում նվագախմբի բժիշկ-երաժիշտները հանդիպեցին լրագրողների հետ եւ իրենց տպավորությունները կիսեցին ու պատասխանեցին հարցերին: «Ազգը» զրուցեց նվագախմբում ընդգրկված 6 հայ բժիշկ երաժիշտներից երկուսի հետՙ Ռուբեն Խաչիկյանի (ԵԲՀ-ի ընտանեկան ատամնաբուժության օրդինատոր) եւ Մարիա Խաչիկյանի (ԵԲՀ-ի դեղագիտական ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողուհի) հետ: Քույր եւ եղբայր բժիշկ-երաժիշտները սովորել եւ ավարտել են Չայկովսկու անվան երաժշտական միջ. դպրոցի ջութակի բաժինը: Մի առիթով իրենց ընկերներից մեկից տեղեկացել էին նվագախմբի մասին, հետո ինտերնետից գտել նրանց մասին տեղեկություններ ու ներկայացրել են մասնակցության հայտ: Խաչիկյանները ոգեւորված նշում էին, թե ինչպիսի հետաքրքրությամբ ու ջանադրությամբ են անցնում Երեւանում 20 երկրներից ժամանած բժիշկ-երաժիշտների հետ շփումները, փորձերը ու նաեւ հայ մշակույթի շուրջը ծավալվող զրույցները: Երիտասարդ քույր ու եղբայր հաճույքով էին նշում, թե ինչպիսի քրտնաջան օրերի ու ամիսների ընթացքում յուրացրեցին համերգային ծրագիրը ու իրենք էլ իրենց լուման են ցանկանում ներդնել բարեգործական այս համերգաշարին, որը կշարունակվի նաեւ Բեռլինում, Թայլանդում, Չինաստանում: Նվագախմբի հիմնադիր եւ դիրիժոր, Բեռլինի Շարիտե համալսարանի բժշկ. կենտրոնի սրտաբան, պրոֆեսոր Շտեֆան Վիլլիխը, պատասխանելով «Ազգի» հարցին, ասաց. «Մինչեւ այստեղ գալը ես անգամ քարտեզի վրա Հայաստանի տեղը չգիտեի, հիմա գիտեմ, որ վտանգավոր հարեւաններ ունեք, բայց այն ջերմ ընդունելությունը, որ տեսանք, պարզապես հիացրել է մեզ»: Մաեստրոն ոգեւորված նշեց. «Հաշվի առնելով, որ ձեր երկրում շատ մեծ ուշադրություն ու բարեփոխումներ են արվում առողջապահության բնագավառում, որին մանրամասն տեղեկացա առողջապահության նախարարի հետ հանդիպումների ընթացքում, որոշեցինք հունվարի 16-ին ժամը 16-ին մեկ լրացուցիչ համերգ տալ հայ երաժշտասերների համար, որը բացառիկ է մեր ծրագրում»:
Հայաստանում նվագախմբի նախաձեռնող ատամնաբույժ-երաժիշտ Արմինե Մաժինյանը նշեց, որ նվագախմբի հետ Հայաստանում գտնվելու օրերին, հայ ժողովրդի պատմության, մշակույթի եւ նաեւ ցեղասպանության մասին տեղեկություններ հաղորդելու համար հրավիրել են տկն Վերժինե Սվազլյանին: Լրագրողների հետ հանդիպումից անմիջապես հետո տկն Վերժինեն մինչ դասախոսությունը սկսելը, նվագախմբի բոլոր 100 անդամներին նվիրեց վերջերս ՀՀ պետական մրցանակի արժանացած իր «Հայոց ցեղասպանությունը եւ ժողովրդի պատմական հիշողությունը» գրքի անգլերեն օրինակները եւ նաեւ լրացուցիչ չորս տարբեր լեզուներով այդ գրքից 10 օրինակՙ արտերկրի գրադարաններին:
Իսկ որ երաժշտությունն ու բժշկությունը սերտ կապված են, եւ երկուսն էլ բուժում են տկարին, թույլին, հիվանդին, փաստում էին բազմաթիվ այն համերգները, որոնք նվագախումբն իր գոյության երեք տարիների ընթացքում իրականացրել է: Հիշեցնենք, որ համերգից գոյացած ողջ հասույթը կտրամադրվի «Փրկություն» մտավոր հաշմանդամ երեխաների կենտրոնին:
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ