«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#3, 2010-01-14 | #4, 2010-01-15 | #5, 2010-01-16


ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԵՐԳՉՈՒՀՈՒՆ ԿԱՐԳԵԼԵՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ «ԵՎՐՈՏԵՍԻԼԻՆ»` ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐԻ ԵՐԳԵՐԸ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՊԱՏՃԱՌՈՎ

Ադրբեջանում սիրում ու կարողանում են անակնկալներ մատուցնել, զարմացնել: Նրանք հիմնականում զարմացնում են ոչ միայն իրենց երկրում ժողովրդավարության գրեթե ամբողջական բացակայությամբ, այլեւ` ծայրաստիճան շովինիզմով:

Երգչուհի Մարիամ Շաբանովան «Եվրոտեսիլ-2010» մրցույթ փառատոնին Ադրբեջանը ներկայացնող գլխավոր թեկնածուներից մեկն էր մինչ այն պահը, երբ համացանցում հայտնվեցին ֆրանսահայ երգիչ Շառլ Ազնավուրի երգերը նրա կատարմամբ:

Մասնավորապես Une vie d՛amour ստեղծագործությունը Շաբանովայի կատարմամբ հնչել է երկրի հայտնի ռադիո եւ հեռուստաընկերություններուվ, իսկ համացանցումՙ մի քանի շաբաթ շարունակ հայտնվել ամենից փնտրված երգերի հնգյակում: «Չեմ թաքցնի, այս երգն իմ կատարմամբ շատ սիրվեց: Ռադիոլսողները հաճախ են պատվիրում, կրկնակի հոնորարներ են տալիս հարսանիքների կամ տարբեր միջոցառումների ժամանակ, որպեսզի ես երգեմ այն: Ցուցադրում են հեռուստատեսությամբ: Մարդիկ ինձ ավելի ու ավելի հաճախ են խնդրում կատարել այդ երգը, եւ ես սիրով կատարում եմ: Դա ինձ երջանկացնում է», մի քանի ամիս առաջ ադրբեջանական «Ազադլիգ» պարբերականին ասել է երգչուհին:

Ցավոք, երիտասարդ երգչուհու երջանկությունը կարճ տեւեց: Հանկարծ Ադրբեջանում հիշեցին, որ Շառլ Ազնավուրը հայ է, իսկ հայերն ադրբեջանցիների թշնամին են, ու սկսեցին ահաբեկել երգչուհուն: Ահաբեկումը սկսվեց համացանցում, որտեղ ադրբեջանցիները coment-ների բաժնում նրան մեղադրեցին անբարոյականության մեջ, անվանեցին դավաճան:

«Դու ընդհանրապես իրավունք չունես Ադրբեջանում ապրելու, հեռացի՛ր դավաճան»:

«Մարիա՛մ, ի՞նչ ես անում, ո՞ւր մնաց քո հայրենասիրությունը, երգել հայի գրած երգն ուղղակի զզվելի է»: Սրանք առանց հայհոյանքների այն հազվադեպ մեկնաբանություններից են, որ տեղադրված են համացանցում:

Հետո ադրբեջանցիները Youtube-ի տնօրենությունը նամակ գրեցին` տեսահոլովակը ցույց չտալու պահանջով, սակայն ապարդյուն:

Այնուհետեւ Day az պարբերականը պարբերաբար սկսեց շահարկել Մարիամի հրեական ծագումն ու հարց բարձրացրեց` թույլ չտալ նրան մասնակցել «Եվրոտեսիլ-2010»-ին: Հենց այդ ժամանակ էլ երգչուհին հասկացավ, որ իր ստեղծագործական կյանքը կարող է միանգամից ավարտվել ու իր «մեծ ու անկաշառ սերն» արտահայտեց Ադրբեջանի նկատմամբ:

Vesti.az պարբերականի լրագրողի հարցինՙ «Շառլ Ազնավուրի երգերը կատարելու համար շատերը ձեզ մեղադրում են դավաճանության մեջ, ի՞նչ կասեք», նա պատասխանել է. «Դուք նկատի ունեք «Թեհրան-43» ֆիլմի ե՞րգը: Այն շատերն են կատարել: Բայց, որ Շառլ Ազնավուրն է գրել այդ երգի խոսքերն ու անձամբ կատարել է, ինձ համար նորություն է, ես այդ մասին չգիտեի: Ինչ վերաբերում է հայրենասիրությանը, ապա ասեմ, որ ես քաղաքական գործիչ չեմ, ես երգչուհի եմ, երգն իմ կյանքն է, եւ ես սիրում եմ Ադրբեջանը: Իսկ ինչ վերաբերում է, որ ես ադրբեջանցի չեմ` հրեա եմ ու իրավունք չունեմ մասնակցելու «Եվրոտեսիլին», ապա հիշեք, որ Նորվեգիայում էլ երկմտում էինՙ Ալեքսանդր Ռիբակին ուղարկել մրցույթին, թե՞ ոչ»:

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4