«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#3, 2010-01-14 | #4, 2010-01-15 | #5, 2010-01-16


ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐ «ՀԱՏԻՍԻ» ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Շատերին է հետաքրքրում, թե բասկետբոլի Եվրոպայի գավաթի խաղարկությունից դուրս մնալուց հետո ինչպիսի՞ ճակատագիր է սպասում Երեւանի «Հատիսին», որի հաջող մրցելույթների շնորիվ մարզաձեւի նկատմամբ Հայաստանում մեծ հետաքրքրություն է առաջացել: Ինչպես տեղեկացանք Armsport.am կայքէջից, առաջիկայում Երեւանում նախատեսվում է միջազգային մրցաշար կազմակերպել, որը հավանաբար կկրի «Հ1-ի գավաթ» անվանումը: Մրցաշարին կմասնակցեն «Հատիսը», Սիրիայի, Լիբանանի եւ Վրաստանի հավաքականները: Մրցախաղերը կանցկացվեն «Միկա» մարզահամալիրում: Առայժմ ժամկետները հստակեցված չեն:

Նույն կայքէջից ընթերցողներին ներկայացնենք «Նադեժդա»-«Հատիս» խաղից հետո մամուլի ասուլիսում թիմերի մարզիչների կարծիքները:

Գիա Ղազանչյան («Հատիս»)-Այսօր հաղթեց այն թիմը, որն ավելի շատ էր ցանկանում հասնել հաջողության: «Նադեժդան» բավական ուժեղ թիմ է, որը շատ լավ խաղացողներ ունի: Մեր թիմն Օրենբուրգ էր ժամանելՙ ունենալով որոշ կադրային խնդիրներ, քանի որ առաջատար մի քանի խաղացողներ վնասվածքներ ունեին: Դա վճռորոշ դեր խաղաց եւ նպաստեց «Նադեժդայի» հաղթանակին:

Յուրի Կարանդաշով («Նադեժդա»)-Մենք այս խաղին լավագույն կազմով չէինք ներկայացել: Շեշտը դրել էինք 5 խաղացողների վրա: Բավական կոշտ պայքար ընթացավ, խաղացողները պայքարում էին յուրաքանչյուր սանտիմետրի համար: Շինա Մոշը հիանալի խաղ ցուցադրեց, ինչը նպաստեց «Նադեժդայի» հաղթանակին:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4