«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#4, 2010-01-15 | #5, 2010-01-16 | #6, 2010-01-19


ԱՂՋԱՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ Է

Նա խոսում է «աշխարհի վերջի» եւ իր հուշագրքի մասին

1981-ին Հռոմում Հովհաննես-Պողոս Բ պապի դեմ մահափորձ կատարած թուրք ծայրահեղական Մեհմեդ Ալի Աղջան հունվարի 18-ին դուրս է եկել Անկարայի խիստ ռեժիմի բանտից: Ֆրանսպրեսը հաղորդում է, որ ազատության մեջ հայտնվելուց հետո «Գորշ գայլեր» ահաբեկչական խմբավորման նախկին անդամն իրեն հայտարարել է նոր Մեսիա, ասել է, որ «մինչեւ դարավերջ աշխարհը կկործանվի», ինչպես նաեւ խոստացել է Վատիկանի համար «բացահայտել իսկական քրիստոնեությունը, որը նա երբեք չի հասկացել»:

Աղջան ընդհանուր առմամբ ազատազրկված էր 29 տարի. մինչեւ 2000 թվականըՙ Իտալիայում, ապաՙ Թուրքիայում, որտեղ պատիժ էր կրում 1979-ին «Միլիեթ» թերթի լրագրող Աբդի Իփեքչիի սպանության համար:

Բանտարկության տարիներն իզուր չանցան թուրք ահաբեկչի համար, որն առաջվանից ավելի ընչաքաղց է դարձել: Օրերս բանտից գրած մի նամակում նա 2 մլն դոլար էր պահանջել հեռուստատեսային մի հարցազրույցի համար: Բացի դրանից, նա 5 մլն դոլար է պահանջում հուշերի գիրք գրելու համար:

Ալի Աղջան 52 տարեկան է: Նրա փաստաբանը հայտարարել է, որ իր պաշտպանյալը ֆիզիկապես եւ հոգեպես առողջ է, որոշել է հարսնացու գտնել եւ ամուսնանալ: Սակայն Աղջայի հոգեկան առողջության կապակցությամբ բժիշկները լուրջ մտահոգություն են արտահայտում, նշում է Ասոշիեյթեդ պրես գործակալությունը:

Վատիկանիՙ Սբ Պետրոսի հրապարակում 1981 թ. մայիսի 13-ին Աղջան կրակել էր Հովհաննես-Պողոս Բ պապի վրա: Կրծքից եւ ձեռքից լրջորեն վիրավորված պապը ողջ էր մնացել: 1983-ին բանտում ահաբեկչին տեսնելուց հետո պապը հայտարարել էր, որ ինքը ներում է իր վրա մահափորձ կատարած թուրքին:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4