«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#4, 2010-01-15 | #5, 2010-01-16 | #6, 2010-01-19


ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՔԱՂԱՔԱԳԵՏ. «ԷՐԴՈՂԱՆԸ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԼՍԵՑ ԱՅՆ ՊԱՏԱՍԽԱՆԸ, ԻՆՉ ԱՐԴԵՆ ԼՍԵԼ ԷՐ ՓԱՐԻԶՈՒՄ ԵՎ ՎԱՇԻՆԳՏՈՆՈՒՄ»

Մեկնաբանելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այցը Ռուսաստան, ադրբեջանցի քաղաքագետ Ռասիմ Աղաեւը Day.az-ին տված հարցազրույցում նկատում է, որ Մեդվեդեւ-Սարգսյան հանդիպման ընթացքում ՀՀ նախագահը մանրամասներ կիմանա Էրդողան-Պուտին վերջին հանդիպումից: «Սարգսյանը կիմանա Ռուսաստանի վերջնական դիրքորոշումը հայ-թուրքական հարաբերությունների ու ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ: Մոսկվան կսկսի բանակցել Սարգսյանի հետ, բայց չի կարող աչքաթող անել Ադրբեջանի կարծիքը, որովհետեւ Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ վերջին շրջանում հարաբերությունների բարելավում է նկատվում, որոնք Մոսկվան չի կարող հաշվի չառնել», ասում է քաղաքագետը:

Սակայն հենց հաջորդ հարցի ժամանակ պարզ է դառնում, որ խոսքերն ընդամենը ներքին սպառման համար էին` հանգստացնելու ադրբեջանական հասարակության լարվածությունը: Լրագրողի հարցին` գնահատել Էրդողանի այցը Մոսկվա, քաղաքագետը պատասխանել է. «Եկել է այն պահը, որ պետք է անկեղծ լինել ու ռեալ գնահատել իրավիճակը: Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի կապումը հայ-թուրքական հարաբերությունների հետ սկսում է խանգարել Թուրքիայի ռազմավարական ծրագրերի իրականացմանը: Նկատի ունեմ առաջին հերթին հարաբերությունների լավացումը Եվրոմիության հետ: Կարգավորման հարցը կարող է կապել Թուրքիայի ձեռքերը: Կարծում եմՙ Էրդողանը Մոսկվայում ստացավ այն պատասխանը, ինչն արդեն լսել էր Վաշինգտոնում եւ Փարիզում: Գերտերությունների կարծիքները համընկնում են. նրանք հակված չեն հայ-թուրքական հարաբերությունների նորմալացումը կապելու ղարաբաղյան հակամարտության հետ: Իսկ Թուրքիան չի կարող դեմ գնալ գերտերությունների կարծիքին», ասել է քաղաքագետը:

«Այդ իրավիճակում ի՞նչ կձեռնարկի Թուրքիան» հարցին քաղաքագետը պատասխանել է. «Թուրքիան որոշ ժամանակ անց կհամաձայնի ու կվավերացնի արձանագրությունները: Ուրիշ ելք իրեն չի մնում: Կարծում եմ, որ Ադրբեջանը պետք է օգնի Թուրքիային Ռուսաստանի եւ արեւմտյան երկրների հետ փոխզիջում գտնելու համար»:

Հ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4