«1990 թ. Բաքվում հետապնդումների ժամանակ սպանված հայերի թիվն այդպես էլ ստույգ հայտնի չեղավ, քանի որ այս կապակցությամբ դատական որեւէ ուսումնասիրություն չի իրականացվել: Կան առանձնակի վայրագությամբ իրագործվող սպանությունների բազմաթիվ վկայություններ, օրինակՙ զոհերին կենդանի հրկիզում էին: Այն ադրբեջանցիները կամ այլ ազգությունների ներկայացուցիչները, որ փորձում էին օգնել հայերին, վտանգում էին իրենց կյանքը: 1990 թ. հունվարին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում հայ համայնքի ներկայացուցիչները հինգ օր շարունակ սպանվում, թալանվում ու ստորացման էին ենթարկվում: Հղի կանայք եւ երեխաները ենթարկվում էին խոշտանգումների: Աղջիկներին բռնաբարում էին ծնողների աչքի առաջ, մեջքին` խաչ խարանում: Նման վերաբերմունքի պատճառը քրիստոնեական հավատն էր: Կազմակերպված զանգվածային բռնությունները չսահմանափակվեցին Բաքվով, այլ տարածվեցին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի, ինչպես եւ հյուսիսից սահմանակից երկու շրջանների` Խանլարի եւ Շահումանի հայերի վրա», Բաքվի ջարդերի 20-ամյա տարելիցի կապակցությամբ հայտարարել է գերմանացի հայտնի իրավապաշտպան, Բեռլինի Ազատ համալսարանի գիտաշխատող Թեսսա Հոֆմանը :
Իրավապաշտպանը հիշեցրել է 1905-1906 թթ. հուլիսն ընկած ժամանակահատվածում Բաքվում տեղի ունեցող իրադարձությունները: Նա պատմում է, որ բազմազգ Բաքվում տեղի էին ունենում անկարգություններ` վառ արտահայտված հակահայկական ուղղվածությամբ, որոնք տարածվեցին նաեւ նահանգների, մասնավորապես` Նախիջեւանի, Ելիզավետպոլի: Իրավապաշտպանը փաստել է, որ ամենուրեք հայերը ենթարկվում էին հետապնումների, ջարդերի, նրանց թալանում էին, տները հրկիզում: «Այդ գործողությունները հրահրում էին տեղական եւ շրջանային իշխանությունները` հովանավորելով հանցագործներին»:
Շարունակելով ներկայացնել Բաքվում տեղի ունեցած կոտորածների ժամանակագրությունըՙ իրավապաշտպանը նշել է, որ խաղաղ հայ բնակչության նկատմամբ բռնության նոր ալիքը սկսվել է 1918-1920 թթ.` նախ երիտթուրքերի, հետո քեմալականների ներխուժման ժամանակ: «Թուրքական բանակը հարձակվեց Բաքվի վրա սեպտեմբերի 14-ին: Ազգությամբ հույն Քրիստոփոր Եվանգուլովը, որ Բաքվում պատասխանատու էր փոստային ու հեռախոսային կապի համար, գրել է, որ քաղաքի բնակչությունը ջարդի էր ենթարկվում, ոչ մահմեդականներին թալանում էին, հրկիզում: Ջարդում էին դռներն ու պատուհանները, ներխուժում բնակելի թաղամասեր, տղամարդկանց, կանանց, երեխաներին փողոց հանում եւ սպանում: Որոշ տեղերում առաջացել էին դիակների կույտեր, որոնցից շատերն ունեին ականի պայթյունից ստացած սարսափելի վերքեր: Ամենասարափելի պատկերը Սուրուկանի փողոցում էր, որն ամբողջովին ծածկված էր մինչեւ տասը տարեկան երեխաների դիակներով: Նրանց շատերի վրա երեւում էին դաշույնից եւ սվինից ստացած վերքեր: Ակնհայտ է, որ նրանց գառնուկների նման մորթել էին»:
Հոֆմանը նկատում է, որ Բաքվում 1918 թ. իրադարձությունների ժամանակակիցներն ու հետազոտողերը նշում են միայն 20-30.000 սպանված հայերի մասին: «Միաժամանակ հաշվի չի առնվում այն մարդկանց թիվը, որոնց պարզապես դուրս են շպրտել տնից, եւ նրանք դարձել են փախստականներ` հետագա ամիսներին մահանալով հիվանդություններից, ցրտից եւ սովից: Բավքի ջարդերի ու այդ մարդկանց կյանքերի համար դեռ ոչ ոք պատասխանատվություն չի կրել: Ընդհանրապես պարտադիր չէ, որ ցեղասպանությունը նշանակի ազգի ուղղակի բնաջնջում, բացառությամբ, երբ ավարտվում է ազգի բոլոր անդամների մասսայական սպանություններով: Ցեղասպանությունը ուղղված է ազգային խմբի` որպես մի ամբողջական միավորի դեմ, ու ներառված են գործողություններ ուղղված անհատների դեմ ոչ անձնապես, այլ որպես տվյալ ազգային խմբի ներկայացուցիչների: Եթե բառի այս բացատրությունը վերագրենք Ադրբեջանում ապրող հայերին, կնկատենք, որ 20-րդ դարի ընթացքում ադրբեջանական շովինիստական կուսակցությունները 3 անգամ համախմբված ցեղասպանության փորձ են կատարել ադրբեջանական պետությունում բնակվող հայ էթնիկ խմբի նկատմամբ»:
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ