Այս տարին, գոնե մեր տարածաշրջանի համար, սկսվեց քաղաքական կարեւոր իրադարձություններով. Թուրքիայի վարչապետ Էրդողանը այցելեց Մոսկվա, իսկ ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավար Լավրովը` Երեւան: Իսկ հունվարի 18-ին նախագահ Սարգսյանը մեկնեց Մոսկվա` հանդիպելու Ռուսաստանի նախագահ Մեդվեդեւի հետ, վերջինիս հրավերով: Բնականաբար այս ամենը լուրջ խոսակցությունների տեղիք է տվել քաղաքագետներին տարածաշրջանի բոլոր շահագրգիռ երկրներում: Այսպեսՙ քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանի կարծիքով, Լավրովի այցը Հայաստան «նախատեսված այց էր չնախատեսված ժամանակներում»: Իսկանդարյանը դա պայմանավորեց նրանով, որ հայ-թուրքական «լարված ու հետաքրքրիր» գործընթացներն ուղեկցվում են ռուս-թուրքական նույնպես հետաքրքրիր գործընթացներով: Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի մարդաբանության ինստիտուտի Կովկասի բաժնի վարիչ Սերգեյ Հարությունովն էլ կարծիք հայտնեց, թե հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը մեծ նշանակություն ունի ամբողջ տարածաշրջանի համար, քանի որ. «Նախՙ Հայաստանը գերազանց հարաբերություններ ունի Ռուսաստանի հետ, բացի այդ, որը ոչ պակաս կարեւոր է, Ռուսաստանը սերտ հարաբերություններ ունի նաեւ Թուրքիայի հետ», նկատեց Հարությունովը: Ինչ վերաբերում է հայ-թուրքական գործընթացներն ու Ղարաբաղի հարցը միմյանց շաղկապելու թուրքական ու ադրբեջանական նկրտումներին, ապա Հարությունովը, ինչպես նաեւ Ռազմավարական հետազոտությունների ռուսական ինստիտուտի փորձագետ Ալեքսանդր Սկակովն ու ՌԴ նախագահի` Ղարաբաղի հարցով նախկին հատուկ խորհրդական Վլադիմիր Կազիմիրովը , վարչապետ Պուտինի նման, չեն ընդունում դրանք. «Անթույլատրելի է խառնել հայ-թուրքական ինքնին բարդ գործընթացներն ու Ղարաբաղի հարցը», ընդգծեց Սկակովը: Վերջինիս կարծիքով, սակայն, հայ-թուրքական գործընթացները լուրջ ռիսկեր են պարունակում տարածաշրջանի բոլոր երկրների համար: Վրաստանն, օրինակ, Սկակովի խոսքերով, կզրկվի իր քաղաքական «հատուկ կարգավիճակից». «Դե, Հայաստանի ու Թուրքիայի ռիսկերն ակնհայտ պարզ են, իսկ Ռուսաստանը կարող է զրկվել հայ-թուրքական սահմանում տեղակայված իր ռազմաբազայից. ո՞ւմ եւ ումի՞ց նրանք պետք է պաշտպանեն», նկատեց Սկակովը: Հայ քաղաքագետ Իսկանդարյանի խոսքերով էլ, ռուսական ռազմական բազան Հայաստանում արդեն վաղուց ոչ մեկին ոչ մեկից չի պաշտպանում. «Այդ բազան ընդամենը սիմվոլիկ, քաղաքական նշանակություն ունի, այն ցույց է տալիս հայ-ռուսական կոնկրետ ռազմական հարաբերությունների բարձր մակարդակը», նշեց Իսկանդարյանը:
Կրկին խոսելով Թուրքիայի մասին` ռուս քաղաքագետները շեշտեցին, որ այսօր Թուրքիան ձգտում է դառնալ տարածաշրջանի ամենաազդեցիկ երկիրը. «Ընդ որում թուրքերը իրենց այդ նոր «դերն» ուզում են կիսել Ռուսատանի հետ: Թուրքիային տարածաշրջանում այլեւս պետք չեն ոչ ՆԱՏՕ-ն, ոչ էլ Եվրոմիությունը: Եվ այս ֆոնին, անչափ կարեւոր է, որ Անկարայի, Մոսկվայի ու Երեւանի շահերն ու տեսակետները համընկնում են», նշեցին ռուս քաղաքագետները, չպարզաբանելով, թե Թուրքիայի տարածաշրջանային գերտերություն դառնալը արդյո՞ք հայկական շահ է: Ալեքսանդր Սկակովի խոսքերովՙ հայ-թուրքական սահմանների բացումն ու դիվանագիտական հարաբերությունների հաստատումը երկու երկրների միջեւ կնպաստեն ղարաբաղյան հակամարտության լուծմանը. «Ադրբեջանն այլեւս լուրջ լծակներ չի ունենա ճնշելու Երեւանին, իսկ Երեւանն, իր հերթին, անհամեմատ ազատ կլինի իրականացնելիք քաղաքականության մեջ», նկատեց Սկակովը:
Իսկ Կազիմիրովի խոսքերով, հենց իր` Թուրքիայի համար շատ ավելի ձեռնտու կլինի նախ բարելավել հարաբերությունները Հայաստանի հետ` բացելով սահմաններն ու հաստատելով դիվանագիտական հարաբերություններ, դրանով իսկ շահել միջազգային հանրության վստահությունն ու համակրանքը, այնուհետեւ այդ վստահությունը հաղորդել ղարաբաղյան գործընթացի մեջ: Հայ քաղաքագետ Իսկանդարյանի խոսքերով, սակայն, Թուրքիայում շարունակվում է Հայաստանի հետ հարաբերությունները բարելավելուն ընդդիմանալու մեծ ալիքը, ընդ որում Իսկանդարյանը նկատում է, որ այդ ալիքը տարածվում է նաեւ իշխանության, իշխանական կուսակցության, նաեւ ազգաբնակչության շրջանում, որոնք պահանջում են լուրջ տեղաշարժեր Ղարաբաղի հարցում. «Այնինչ Հայաստանում, կոնկրետ իշխանական համակարգում ոչ ոք չի ընդդիմանում Թուրքիայի հետ հարաբերությունների նորմալացմանը, իսկ ընդդիմությունն էլ չունի բավարար լծակներ կասեցնելու արձանագրությունների վավերացումը», նշեց Իսկանդարյանը:
Իսկ այժմ, մանավանդ հաշվի առնելով, որ մոտ ապագայում, իսկ ռուս քաղաքագետների խոսքերով, արդեն մեկ շաբաթից, կհանդիպեն Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահները, ըստ Ալեքսանդր Իսկանդարյանի, պետք է ընդունել մի համատեղ փաստաթուղթ, որ կստիպի Թուրքիային առաջ շարժվել հայ-թուրքական գործընթացներում: Իսկանդարյանի այս միտքը, սակայն ռուս գործընկերների հավանությանը չարժանացավ, ըստ որոնց, եթե ընդունվում է որեւէ փաստաթուղթ, ապա այն պետք է նաեւ գործածվի. «Սակայն Ղարաբաղի հարցով ընդունված կան բազմաթիվ փասթաթղթեր, որոնցից շատերը չեն կատարվում, իսկ շատերն էլ ուշ են սկսվել կատարվել, այնպես որ «ձեւական փաստաթուղթ ընդունելու հիմքեր չեմ տեսնում», շեշտեց Կազիմիրովը:
Վերջում քաղաքագետներն անդրադարձան ռուս-ադրբեջանական նկատելի ջերմացող հարաբերություններին, ու թե դրանք որքանով կարող են ազդել Ղարաբաղի հարցում Ռուսաստանի դիրքորոշման վրա: Ամենադիպուկը, թերեւս, արտահայտվեց Ալեքսանդր Սկակովը. «Ամենեւին պետք չէ «խանդել», չէ՞ որ Բաքվի հետ հարաբերությունները լավացնելով Մոսկվան ստանում է հնարավորություն նրա վրա ազդեցություն կամ միգուցե նաեւ ճնշում գործադրելու, իսկ սա վնա՞ս է Հայաստանին: Տեսեք, օրինակ, Վրաստանի վրա այսօր մենք չունենք որեւէ ազդեցություն, որովհետեւ չունենք լավ հարաբերություններ», եզրափակեց ռուս քաղաքագետը:
ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ