«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#4, 2010-01-15 | #5, 2010-01-16 | #6, 2010-01-19


ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԽՈՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԼՈՒՐՋ ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՀԱՐՈՒՑՈՒՄ

«Շիրակ կենտրոն» ՀԿ-ն բաց նամակով դիմել է ՀՀ նախագահին եւ վարչապետին

Գյումրու Քաղաքական մշակույթի եւ համաձայնությունների զարգացման «Շիրակ կենտրոն» հասարակական կազմակերպությունը երեկ տարածել է հանրապետության նախագահին ու վարչապետին ուղղված մի բաց նամակ` «Գյումրիում «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ի կողմից իրականացվող բնակարանաշինության սեյսմակայունության շուրջն առկա մտահոգությունների եւ որակի հրապարակային փորձաքննություն անցկացնելու խնդրի մասին» վերնագրով:

Նամակում մասնավորապես ասվում է. «2009 թվականին, երբ աղետի գոտում եւ հատկապես Գյումրիում երկարատեւ դադարից հետո վերջապես վերսկսվեց բնակարանների կառուցումը, ցուրտ ու խոնավ տնակներում արդեն երկու տասնամյակ պատսպարված անօթեւան հազարավոր ընտանիքներում կրկին հույս ու հավատ արթնացավ, որ ի վերջո իրենք եւս կունենան ամուր, հարմարավետ եւ լուսավոր բնակարաններ: Սակայն դեռեւս շինարարության ընթացքում գյումրեցի անօթեւան ընտանիքների շրջանում խոսակցություն տարածվեց կառուցվող բնակարանների կասկածելի որակ ունենալու մասին: Եվ խոսքը ամենեւին հարդարման աշխատանքների որակի մասին չէ...»:

«Շիրակ կենտրոն» ՀԿ-ն անցած տարվա դեկտեմբերի 1-ից քաղաքում իրականացնում է աղետի գոտու անօթեւանների շահերի պաշտպանության, բնակարանների բաշխման գործընթացի հանրային մոնիտորինգի ծրագիր: Վերջինիս շրջանակներում մարդկանց հետ հանդիպումներն ու դիտարկումները, ինչպես նշվում է բաց նամակում, ցույց են տվել, որ նման հայտարարությունները իրոք արժանի են ուշադրության, քանզի դրանք հիմնականում տարածվում են հենց կառուցող «Գլենդել Հիլզ» ընկերության շինաշխատանքներում ընդգրկված շինարարների կողմից: Բացատրելի համարելով կառուցվող բնակարանների ամրության եւ կառուցման որակի վերաբերյալ երկրաշարժ տեսած անօթեւանների շրջանում առաջացած մտահոգությունները, կազմակերպությունը ցավալի է համարում նաեւ այն փաստը, որ մինչեւ օրս որեւէ իրազեկ պաշտոնյայի կողմից այդ խոսակցությունները պատշաճ կերպով չեն հերքվել եւ հասարակությանը հիմնավոր պարզաբանում չի տրվել առկա մտավախությունները փարատելու համար:

«Ուստի դիմում ենք Ձեզ,- ասվում է նամակում,- ակնկալելով Ձեր միջամտությունը` ստեղծելու մի փորձագիտական հանձնաժողով, որը կանցկացնի ինչպես արդեն կառուցված ու կառուցվող, այնպես էլ առաջիկայում կառուցվելիք շենքերի որակի, ամրության ու սեյսմակայունության հրապարակային փորձաքննություն եւ արդյունքները կհանրայնացնի: Մենք ակնկալում ենք, որ նման հանձնաժողով ստեղծելու դեպքում դրանում համապատասխան մասնագետներից բացի կընդգրկվեն նաեւ աղետի գոտում գործող ԶԼՄ, ՀԿ եւ անօթեւան ընտանիքների ներկայացուցիչներ: Այլապես անհնար կլինի առանց այդ էլ մեծ վիշտ եւ զրկանքներ կրած անօթեւանների մեջ փարատել վախն ու անհանգստությունը: Նման հանձնաժողովի ստեղծումը եւ եզրակացությունների հանրայնացումը նաեւ վերջ կդնեն այն տեսակետներին, թե իբր կառուցվող շենքերի կասկածելի ամրության մասին խոսակցությունները տարածվում են միտումնավոր, որպեսզի նման հասարակական կարծիքն օգտագործվի որպես հարմար առիթ` բնակարանային շինարարությունը Գյումրիում դադարեցնելու համար»:

Գ. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4