ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն արդեն ունի անհատական բլոգ, որը հասանելի է բոլորին: Վարչապետի բլոգի հասցեն է http://tigransargsyan.livejournal.com:
Նոր ստեղծված բլոգում Տ. Սարգսյանն արդեն կատարել է իր առաջին գրառումը, որում բացատրում է, թե ինչ նպատակով է ստեղծել իր անհատական բլոգը:
«Մեր երկխոսության մեջ մամուլը հաճախ պարտադրում է իր կարծիքը` զրկելով մեզ անմիջական շփման հնարավորությունից: Ես գտնում եմ, որ լավ կլինի ձեզ հետ ուղղակիորեն հաղորդակցվելու հնարավորություն ունենալ: Այդ պատճառով էլ ստեղծել եմ այս տարածությունը, որտեղ ես կներկայացնեմ իմ խոհերն ու գաղափարները, որտեղ իմ խոսքերի եւ գործողությունների վերաբերյալ դատողությունները կբխեն ուղղակիորեն ձեզնից:
Կարծում եմ` շատ կարեւոր է այն իրողության գիտակցումը, որ աշխարհի մասին մեր գիտելիքներն ու պատկերացումները հնանում են: Մարդիկ, որոնց հետ ես աշխատում եմ, փոխվում են, փոխվում են պահանջներն ու սպասելիքները:
Իմ սպասելիքները` ձեզանից, ձերը` ինձանից:
Ես ձեզ հարցեր ունեմ: Դուք էլ, համոզված եմ, ինձ:
Ենթադրում եմ` մենք փոխադարձ ուշադրության պահանջ ունենք, դա նշանակում է, որ մեր շփումը հետաքրքիր է լինելու», նշված է վարչապետի բլոգում:
Ն. Մ.