«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#4, 2010-01-15 | #5, 2010-01-16 | #6, 2010-01-19


ՀՀ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԿՈՐԱԾ ԱՆՁՆԱԳՐԻ ՓՈԽԱՐԵՆ ՆՈՐ ԱՆՁՆԱԳԻՐ ՏԱԼՈՒ ԵՎ ՓՈԽԵԼՈՒ ՆՈՐ ԿԱՐԳ

Հունվարի 14-ին կառավարության 2010 թվականի առաջին նիստում ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի ներկայացրած որոշման նախագիծը ընդունվեց, որը վերաբերում էր ՀՀ քաղաքացուն անձնագիր տալու կամ փոխանակելու ծառայության վճարների չափերի հաստատմանը:

2008 թ. դեկտեմբերի 11-ից գործող որոշման մեջ առաջարկված փոփոխությունները ընդունվեցին: Իսկ նման փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, նշեց ոստիկանապետը, որ վերջին ամիսներին կտրուկ աճել է անձնագրերի կորստյան գործերով ՀՀ ոստիկանության անձնագրային ծառայություններ դիմող այն քաղաքացիների թիվը, ովքեր ցանկություն ունեն ավելի կարճ ժամկետում ստանալ նոր անձնագրեր: Իհարկե այդ ցանկությունները չեն բավարարվել, քանզի գործող օրենքով սահմանված են կորած անձնագրի փոխարեն նորը տալու 1-ամսյա, իսկ լրացուցիչ ուսումնասիրություն եւ ստուգում չպահանջելու դեպքումՙ 15-օրյա ժամկետ: Իսկ եթե կորած անձնագրի տերը ցանկություն ունի 1,3 եւ 5 օրերի ընթացքում ստանալ նոր անձնագիր, պետք է այսուհետ վճարի սահմանված նոր գինը: Այժմ կորած անձնագրի փոխարեն նորը տալու դեպքում սահմանվել է 1 աշխատանքային օրվա համար 60.000, 3-ի դեպքումՙ 50.000 եւ 5-իՙ 40.000 դրամ: Այդ նույն որոշման նախագծով փոփոխություն է կատարվել նաեւ ՀՀ քաղաքացու անձնագիր տալու կամ փոխանակելու ժամկետներումՙ 1 աշխատանքային օրվա ընթացքում սահմանվել է 20.000, 3-րդ աշխատանքային օրըՙ 10.000 դրամ վճար: Այս փոփոխությունները հնարավորություն կտան ապահովելու դիմումների ողջամիտ քանակությունը եւ չեն բերի անձնագրային ստորաբաժանումների գերծանրաբեռնվածությանը, հիմնավորեց ոստիկանապետը:

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4