«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#4, 2010-01-15 | #5, 2010-01-16 | #6, 2010-01-19


ԽԱՉԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ ՆԿԱՐԻՉՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Նկարչի տան ցուցասրահների այս տարվա առաջին ցուցադրություններից մեկը Խաչիկ Աբրահամյանի աշխատանքներն են. շուրջ 57 գործ, բոլորն էլ մեկ ընդհանուր, միատոն մթնոլորտի մեջ. գույնի վառ ընդգծված մակերեսներին: Բացումը տեղի ունեցավ ուրբաթ, հունվարի 15-ին: Թեմատիկ-կոմպոզիցիոն, ժանրային տարբերակումներ գրեթե նկատելի չեն: Կտավների մակերեսներին մարդկային սիլուետներ կամ ավելի թատերային բեմականՙ ժանգլյոր-առլեկինային կերպարներ ենՙ մուգ կարմիր-դեղին-կապույտի հարթ գունավորումով: Կինը նկարչի հիմնական օբյեկտը կամ կարելի է ասել նյութն է. տիրապետողը կանացի կերպարն էՙ կնոջ մերկությունը: Սակայն այս մերկությունը որոշ դեպքերում վանող է ոչ այնքան գեղագիտության առումով, որքանՙ մարմնի ինքնացուցադրանքի, երբեմն էլ թվում էՙ շատ համարձակ երեւալու: Մարմնաձեւերի համաչափությունը, ներդաշնակությունն անգամ ընկալման գեղագիտական զգացողություն չեն առաջացնում: Կերպավորման չափից ավելի ֆիզիոլոգիական մերկությունը նրանց զրկում է կանացիությունից, ներքին հմայքից, որքան էլ կիրք կամ սեր է փորձում ցույց տալ նկարիչը. այդպիսին է հատկապես արեւելյան գեղեցկուհին, որին «չի փրկում» անգամ տխրության մեջ լողացող անորոշ հայացքը եւ ֆիզիոլոգիապես անբավարարվածի տպավորություն է թողնում: Մերկ ֆիգուրների մի մասը «տեղավորված» է թունդ կապտա-մանուշակագույնի մակերեսներին:

Հին աշխարհն ու նրա պատմությունը, հին կրոններն ու հավատալիքները նույնպես նկարչի հետաքրքրությունների շրջանակում են. աշխատանքների մի շարք նվիրված է այս թեմաներինՙ հեթանոսական հավատալիքներ, Հին Հռոմ, Կլեոպատրա եւ այլն, բոլորն էլ գունային գրեթե նույն լուծումներով:

Խաչիկ Աբրահամյանը Հայաստանի եւ Ռուսաստանի նկարիչների միության անդամ է, 80-ականների կեսերից մինչ այսօր բազմաթիվ անհատական եւ խմբակային ցուցահանդեսներ է ունեցել ինչպես Հայաստանում, նաեւ Ռուսաստանի տարբեր քաղաքներում (Մոսկվա, Սոչի, Կազան), նաեւ Եվրոպայում (Վիեննա, Օսլո, Բեռլին): Երեւանյան այս ցուցահանդեսը հոբելյանական էՙ նկարչի 50-ամյակին նվիրված:

Մ. Բ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4