Արմեն Խաչատրյանի նոր ֆիլմը
«Ես սեր եմ ուզում, ոչ թե խղճահարություն»,- ասում է 18-19 տարեկան մի աղջնակ: Դժբախտ ճակատագրով ու դաժան կյանքով ապրած մի որբուկ...
Կինովավերագրող Արմեն Խաչատրյանի «Ես ապրում եմ» լիամետրաժ ֆիլմը ցուցադրվեց 2009-ի վերջին օրերին, «Մոսկվա» կինոթատրոնում: Սա այն ֆիլմերից է, որ դիտում ես (առաջին իսկ դրվագներից հետաքրքրությունն այնքան է խորանում, որ կամա թե ակամա լարվում ես, ուզում ես ոչինչ բաց չթողնել) եւ երկա՜ր-երկա՜ր ժամանակ մնում ես ֆիլմի հետ...
Հիշում եմ, տարիներ առաջ, կարծեմ 2006-ին, Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունը կազմակերպել էր երիտասարդ կինոռեժիսորների աշխատանքների դիտում եւ քննարկում: Այդ օրը դիտեցի նաեւ վավերագրական մի ֆիլմ, բաղկացած երեք մասից (ավելի տեղին կլինի ասելՙ երեք նովելից), որն ինձ անչափ դուր եկավ եւ, արտահայտելով իմ հիացմունքը, փորձեցի ծանոթանալ ռեժիսորի հետ (ցավոք նա չէր մասնակցում քննարկմանը), ցանկություն հայտնեցի նաեւ, որ կուզենայի հանդիպել կինոնկարի հերոսուհիների հետ: Երեք կանայք, երեք սերունդ, երեք տարբեր, դաժան ու խճճված ճակատագրեր, որ իրոք կարիք ունեն բարեկամի ջերմ խոսքի, մարդկային ազնիվ մտերմության, անկեղծ սիրո, բայց ոչ խղճահարության...
Ֆիլմը, որ կոչվում է «Հույս, հավատ, սեր», անշուշտ, հայ կինովավերագրողների լավագույն աշխատանքներից է, հոգեբանական կինոհետազոտություն, որ փորձում է թափանցել հերոսների ներաշխարհըՙ հասկանալով նրանց հոգու տվայտանքները:
Արմեն Խաչատրյանի այս ֆիլմի ցուցադրությունից հետո, երեք կանանցից մեկը, ով զբաղվում էր մարմնավաճառությամբ, ասում ենՙ իր իսկ խոստովանությամբ շարադրված ու նկարահանված էկրանային իր կյանքից ազդված, փոխել է «զբաղմունքը» եւ իր ու իր փոքրիկի հանապազօրյա հացը սկսել է վաստակել այլ աշխատանքով...
Իսկ Արմեն Խաչատրյանի «Ես ապրում եմ» ֆիլմի հերոսուհին այս անգամ մի աղջնակ է, ում աչքերը լի են անհուն տառապանքով, քանզի նրա մատաղ հոգին հազար տեղից բզկտվել է դեռ մանուկ հասակից...
«Ես որ ծնվել եմ, տարել են ինձ մանկատուն, հետո, երբ հինգ տարեկան եմ դարձել, մանկատնից բերել են: Մտածում էի, որ մորիցս սեր կստանամ, ցավոք չստացա ու փոքրուց նեղվում էի. «միշտ անկյունում նստած լաց էի լինում, իսկ որ պահ էր գալիս, ուզում է մոտենալ մամայիս, որ գրկեր, գուրգուրեր ինձ, ինքն ինձ հրում էր... Հետո սկսեցի զզվել էդ տնից... նորից մանկատուն... մտա շրջապատի մեջ, էսպես ասածՙ հանցագործ աշխարհ»...
Պատկերացրեք, մի «մատ» երեխա, մի աղջնակ, լքվելով մորից (նա հորը չի էլ հիշում) մտել է մի աշխարհ, ուր պիտի փորձի «տեղ ճարել» արեւի տակ...
«Ամեն ինչի միջով անցել եմ: Բացի փող մուրալուց եւ մարմնավաճառությունից, շատ վատ բաներ եմ արել... Հետո փորձել եմ աշխատել, տարբեր աշխատանքներ եմ արելՙ տելեպուզիկ եմ» աշխատել, շշեր եմ հավաքել, արեւածաղիկ, բամբակ, փուչիկ եմ ծախել... Հետոՙ ավելի շատ տղայի գործեր եմ արել: Մոտ երեք տարի շինարարությունում բանվորություն եմ արել, մոյկայում ավտոմեքենաներ եմ լվացել»:
Կյանքն ինչե՜ր չի սովորեցնի, ի՜նչ փորձությունների չես ընտելանա ու դիմակայի:
Ահա բեռնատար մեքենայից ալյուրի լի կարպեր են բեռնաթափում: Երկուսն են նրանք, մեկը պնդակազմ մի երիտասարդ, մյուսը մեր հերոսուհինՙ վտիտ ու տղայական շարժուձեւերով մտնում է 50 կգ-ոց պարկի տակ եւ ուսին գցած շարժվում է առաջ... Եվ այսպես ալրակոլոր ու քրտնաթաթախ աղջնակն առանց դադարի տքնում է, որ մի բան վաստակի, եւ ահա վաստակած մտնում է մանկատուն...
«եթե աշխատանք է լինում, աշխատում եմ, կամ պարտք եմ վերցնում, որ կարողանամ երեխեքին տանեմ, ուրախացնեմ»...
Եվ էկրանը ցուցադրում է, թե ինչպիսի հոգատարությամբ Լիլոն (ինչպես շրջապատում կանչում են նրան) մանկատան իր ընկերներին տարել է զբոսայգի, նստեցրել է կարուսել, որ նրանց այդ փոքրիկ երազանքն անկատար չմնա: Իսկ ինչպես բոլոր պատանիները (հետո ի՜նչ որ որբեր են) նրանք այլ երազանքներ էլ ունենՙ մեկն ուզում է դառնալ իրավաբան, մյուսըՙ բանկի տնօրեն, էն մյուսըՙ տնտեսագետ, մեկն էլ ուզում է դառնալ վարսավիր... Բայց նախքան այս ամենը նրանք սերն են երազում, այլ ոչ թե խղճահարություն...
Լիլիթը սիրով ու հավատարմությամբ է շրջապատել նրանց, ինքը դրա կարիքը խիստ զգալով:
«Փոքրուց երազել եմ նոր տարվա գիշերը, Ձմեռ պապինՙ գուցե ինձ էլ նվեր տա... միշտ նախանձով եմ լցվել, որովհետեւ երբ գալիս է ժամը 12-ը, բոլորն իրենց ընտանիքներով նշում են, իսկ ես»...
Այս անգամ ինձ հաջողվեց հանդիպել Արմեն Խաչատրյանի ֆիլմի հերոսուհուն: Պարզվեց, նա սովորում է Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում, քանդակի բաժնի 3-րդ կուրսում: Մանկուց սիրել է նկարել, բայց խորհուրդ են տվել ընդունվելու քանդակի բաժին: Ֆիլմում կան դրվագներ, երբ Լիլիթը կերտում է հետաքրքիր ֆիգուրներ, նրա մատները գործում են վարժ, համարձակ նրա յուրաքանչյուր ծեփաշարժը գրեթե համարժեք է հասուն նկարչի վրձնահարվածներին:
- Լիլիթ, դու ֆիլմում ասում ես, որ «թեւդ փրթել ես մորդ պատճառով»... ինչո՞ւ: Ո՞վ էր մայրդ,- հարցնում եմ աղջկան:
- Հիվանդանոցում մորս չէին ուզում բուժել: Բժշկին ասացիՙ ինձ կփրթեմ, չհավատաց... Հետո երբ երակներս փրթեցի, շատ զարմացավ, հետո խառնվեց իրար, փորձեց ինձ օգնել, ասացիՙ մորս բուժեք նոր, թեեւ զգում էի, որ գնալով վատանում եմ... Էդ բժիշկները ոնց որ մարդ չլինեն: Խոստացան, իհարկե, ինչ որ բանով օգնել մորս, բայց ոչ այնպես, ինչպես ես կցանկանայի: Մա՞յրս: Ամբողջ կյանքում զբաղվել է հանցագործ գործով: Զբաղվել է նարկոտիկի վաճառքով, հետո ինքն է չափից դուրս օգտագործել: Չգիտեմ, ինչպես է ինձ լույս աշխարհ բերել...
Մի քանի տարի առաջ մորս տունը հրդեհվեց: Փոքր էի, մայրս էլ միշտ հիվանդ, անտարբեր... Մի կերպ մորս դուրս հանեցի կրակների միջից ու մտածում էի, որ այդ դեպքից հետո գուցե փոխի իր վերաբերմունքը, կսկսի սիրել ինձ...
Հիմա ես մենակ եմ, նա չկա ու ես հաճախ տեսնում եմ նրան երազումս, անընդհատ կանչում է ինձ, իսկ ես գոռում եմ, լացում, որ ինձ գրկի, համբուրի, սիրի... Բայց նա մնում է անտարբեր, անդրդվելի:
Հանդիպում եմ Գեղարվեստի ուսումնարանի տնօրինության հետ: Զրույցից պարզվում է, որ հոգատար ղեկավարությունը Լիլիթին հենց ուսումնարանի շենքում գիշերելու տեղ է հատկացրել:
- Ցրտերն ընկնում են, հարկավոր է Լիլիթին տեղափոխել տաքուկ մի սենյակ, մինչեւ տեսնենք, ե՞րբ կլուծեն աղջկա հանրակացարանի հարցը,- տնօրենը մտահոգված հանձնարարում է փոխտնօրենին:
Տեսնենք, ե՞րբ կլուծեն...
Անցնող տարվա վերջին օրերին հանրապետության վերստուգիչ պալատի նախագահի զեկուցումից իմացանք, որ ձախողվել են պետական մի շարք կարեւորագույն ծրագրեր, որոնց թվում նաեւ որբերի կեցությանը վերաբերվող ծրագիրը, որ մսխվել են նրանց համար նախատեսված հսկայական գումարները: Մսխել են ու մնացել անպատիժ...
«Խիա՞ աշխարհն այսքան ծուռ»,- հոգոց հանելով, հարցնում է Լիլիթը: Գուցե Լիլիթը չի համարձակվում մեղադրել այդ մարդկանց: Բայց Արմեն Խաչատրյանի հեղինակային այս փայլուն աշխատանքը, Լիլիթի մենախոսքի ողջ շարադրանքով, մի սահմռկեցուցիչ ահազանգ է մեր հասարակությանը, իշխանությանը, մեզՙ բոլոր մահկանացուներիս համար...
Հիմա այն հեռավոր 20 թվականը չէ, թեեւ այսօր էլ երկիրը լիքն է որբերով, լսեք նրանց հոգու ճիչըՙ մենք կանք, ապրում ենք...
ՍԵՐԳԵՅ ԳԱԼՍՏՅԱՆ