23-ամյա հայազգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Վանես Մարտիրոսյանը շարունակում է իր անպարտելի մրցելույթները: Լաս Վեգասում նա 10-ռաունդանոց վարկանիշային մենամարտ անցկացրեց ուգանդացի Կասիմ Օումայի հետ, որը ժամանակին կրել է առաջին միջին քաշային կարգում IBF-ի վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Ծանր մենամարտում Վանեսը միավորներով հաղթեց մրցակցինՙ տոնելով պրոֆեսիոնալ ռինգում իր 27-րդ հաղթանակը: Վանեսը պահպանեց առաջին միջին քաշային կարգում WBO NABO-ի եւ NABF-ի վարկածներով աշխարհի չեմպիոնի իր տիտղոսները:
23-ամյա Մարտիրոսյանի քաշը պաշտոնական կշռվելու պահին 69,4 կգ էր: 31-ամյա Օուման կշռում էր 68 կգ: Այդ մենամարտում բուքմեյքերները հաղթողի գլխավոր հավակնորդ էին համարում Մարտիրոսյանին: Նրա հաղթանակը գնահատվում էր 1,08 գործակցով, մինչդեռ Օումայի հաջողության համար խաղադրույքներ էին ընդունվում 7 գործակցով: Եվ բուքմեյքերները չսխալվեցին, թեեւ հաղթանակը Մարտիրոսյանին հեշտ չտրվեց:
Ուգանդացի բռնցքամարտիկը մենամարտի հենց սկզբից նետվեց գրոհների եւ փորձում էր առավելության հասնել իր երիտասարդ մրցակցի նկատմամբ: Նրան առավել հաջողվում էր մերձամարտը, իսկ ահա Մարտիրոսյանը փորձում էր մրցակցին գրոհել միջին տարածությունից: Մենամարտն անցավ փոփոխակի հաջողությամբ: Վերջին ռաունդից առաջ որոշ առավելությունը Մարտիրոսյանի կողմն էր: Ավարտական ռաունդում Օուման նետվեց գրոհի եւ նույնիսկ Մարտիրոսյանին նոկդաունի ենթարկեց: Սակայն հայ բռնցքամարտիկը շուտ սթափվեց եւ իր ակտիվ գործողություններով ստիպեց մրցավարներին վերջնական հաղթանակը շնորհել իրեն (97-92, 97-93, 97-93):
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ