«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#5, 2010-01-16 | #6, 2010-01-19 | #7, 2010-01-20


ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ. ԴԻՄԱԿԱՅԵԼ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԻՆՙ ՄՐՑՈՒՆԱԿ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ԿԱՌՈՒՑԵԼՈՎ

Հոկտեմբերի 29-ին ԳԴՀ-ում ՀՀ 4-րդ դեսպան Արմեն Մարտիրոսյանն իր հավատարմագիրը հանձնեց ԳԴՀ նախագահ Հորսթ Քյոհլերին: Հոկտեմբերի 23-ին էլ նրա պաշտոնակից ԳԴՀ դեսպան Հանս-Յոխեն Շմիդտը Երեւանում ստանձնեց լիազորությունները: Աշխույժ ու հմայիչ կին նախորդներինՙ Կարինե Ղազինյանին ու Անդրեա Վիկտորինին ինչպիսի՞ «այլընտրանք» են ներկայացնելու տղամարդ դիվանագետները: «Իմ մասով կասեմ, որ հմայքի պակասը կլրացնեմ ակտիվ գործունեությամբ», ասաց Արմեն Մարտիրոսյանը, ով, ասում են, հետամուտ է խոստումներն իրականացնելուն: Պարոն Շմիդտին մեր հարցն ուղղելու առիթը դեռ կփնտրենք, իսկ հիմա «Ազգի» հյուրասրահում ուկնդիր լինենք Բեռլինում պաշտոնավարող մեր երկրի բարձրաստիճան դիվանագետին:


- Դժվա՞ր էր թողնել Նյու Յորքը, ՄԱԿ-ի ամբիոնը ու հաստատվել Բեռլինում:

- Ինչ խոսք, քաղաքները եւ աշխատանքի բնույթը բավականին տարբեր են: ՄԱԿ-ում ընթանում է մշտական մի գործընթաց, որին ստիպված ներգրավվում ես` շատ հաճախ անկախ քո կամքից կամ ծրագրերից: Այստեղ մի փոքր այլ է. ինքդ պետք է շունչ հաղորդես հարաբերություններին, որպեսզի առավելագույնս ապահովես փոխշահավետ երկկողմ համագործակցության զարգացումը: Կարծում եմ, որ երկկողմ դիվանագիտությունը, ի տարբերություն բազմակողմ դիվանագիտության, թեեւ ընդգրկում է հարցերի ավելի նեղ շրջանակ, սակայն պահանջում է ավելի մանրակրկիտ մոտեցումներ: Երկկողմ եւ բազմակողմ հարաբերություններըՙ միմյանց լրացնելովՙ ձեւավորում են երկրի արտաքին քաղաքականությունը: Ինչ վերաբերում է քաղաքներին, կարող եմ ասել, որ Բեռլինը` իր կանաչ գոտիներով, հարուստ մշակութային կյանքով, բազմաթիվ պատմական կառույցներով եւ չծանրաբեռնված քաղաքային երթեւեկությամբ, գրավում է յուրաքանչյուր մարդու:

- Արմեն Մարտիրոսյան անուն-ազգանունը «լայն տարածում» ունի. կոմպոզիտոր, ԱԺ պատգամավոր: Այս զուգադիպումները զավեշտալի պատմություններ չե՞ն ստեղծել:

- Ադրբեջանական որոշ էլեկտրոնային լրատվամիջոցներում վերարտադրելով այս գումարման ԱԺ պատգամավոր Արմեն Մարտիրոսյանի խոսքերը, տարիներ շարունակ տեղադրում են իմ լուսանկարը: Վերջերս Մյունխենում կայացած ՀՀ եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման ընթացքում նկատեցի, որ երկու նախագահների խոսնակները զրուցում են: Մոտենալով Սամվել Ֆարմանյանին` խնդրեցի փոխանցել իր գործընկերոջը, որ ադրբեջանական ԶԼՄ-երը չխառնեն պատգամավոր Ա. Մարտիրոսյանին դեսպան Ա. Մարտիրոսյանի հետ: Խնդրանքս փոխանցվեց, հուսով եմ, որ գոնե այս պարզ հարցում ադրբեջանական լրատվամիջոցները կլինեն ավելի արժանահավատ:

- Ինչպե՞ս է բնորոշում ԳԴՀ-ում Հայաստանի 4-րդ դեսպանը Հայաստան-Գերմանիա 17 տարիների քաղաքական երկխոսության ներկա մակարդակը:

- Այդ ակտիվ երկխոսությունը կրում է մշտական բնույթ, դա թույլ է տվել ապահովել երկկողմ հարաբերությունների ներկա բարձր մակարդակը եւ արդյունավետությունը: Կատարվել է լուրջ աշխատանք, այս կապակցությամբ իմ երախտագիտությունն եմ հայտնում ՀՀ եւ ԳԴՀ բոլոր այն դիվանագետներին, որոնք 1992 թվականից, երբ երկու երկրների միջեւ հաստատվել են դիվանագիտական հարաբերությունները, իրենց եռանդն ու գիտելիքներն են ներդրել այս գործում:

- Պարոն Մարտիրոսյան, Գերմանիան խոշոր ներդրումներ է իրականացրել Հայաստանում, սակայն մասնագետների գնահատմամբՙ դեռեւս մեծ պոտենցիալ կա տնտեսական կապերը զարգացնելու: Կա՞ն նոր առաջարկներ:

- Ըստ պաշտոնական վիճակագրության, ՀՀ-ում գերմանական կապիտալի մասնակցությամբ գրանցված է 66 ձեռնարկություն, որոնց հիմնական մասը ներգրավված է ծառայությունների եւ առեւտրի բնագավառներում, իսկ մոտ 10` արտադրության ոլորտում: Ամենախոշորը` «Քրոնիմետ» ընկերությունը, Հայաստանի հանքային արդյունաբերության ռազմավարական ներդնողն է, որը լուրջ քայլեր է ձեռնարկում ՀՀ-ում նաեւ այլ ժամանակակից արտադրությունների կազմակերպման ուղղությամբ: Սակայն սահմանափակվել դրանով չենք կարող: Գերմանիայի տնտեսությունը` լինելով աշխարհի 4-5-երորդը, իր նորարար կարողություններով, կարող է մեծապես նպաստել Հայաստանի տնտեսության արդիացմանը: Հեռանկարներ կան, եւ աշխատանքներ են տարվում ապահովագրական, սննդամթերքի արտահանման, առողջապահության, ինֆորմացիոն տեխնոլոգիաների բնագավառներում համագործակցություն հաստատելու եւ առկա ներուժը ավելի արդյունավետ օգտագործելու ուղղությամբ: Հայտնի է, որ եվրոպական շուկան իր խիստ պահանջներն է ներկայացնում արտադրողներին ու ներմուծողներին, հետեւաբար, մեր այն գործարարները, որոնք ցանկանում են ամրացնել իրենց դիրքերը գերմանական շուկայում, պետք է լուրջ քայլեր ձեռնարկեն այդ ուղղությամբ: Առանձնահատուկ կցանկանայի նշել այն դերը, որն այս ուղղությամբ կարող է ունենալ Հայաստանի առեւտրաարդյունաբերական պալատը: Փորձելու ենք ակտիվացնել վերջինիս կապերը ԳԴՀ երկրամասերի նույնատիպ կառույցների հետ:

- Գերմանիան մեծ հետաքրքրություն է դրսեւորում «Նաբուկկո» ծրագրի հանդեպ: Ըստ իրազեկ աղբյուրների, դրա լոբբիինգով զբաղվելու հայտ են ներկայացրել նախկին արտգործնախարար Յոշկա Ֆիշերը, կանցլեր Շրյոդերը, նաեւՙ Բենիտա Ֆերրերո-Վալդները: Ի՞նչ կփոխվի Գերմանիա-Հայաստան հարաբերություններում, եթե ծրագիրն (ի հեճուկս կասկածների) իրականություն դառնա:

- Յուրաքանչյուր երկիր, որը մեծ կախվածություն ունի գազ մատակարարող մեկ այլ երկրից, ձգտում է նվազեցնել կախվածության աստիճանը` դիվերսիֆիկացնելով մատակարարողների աշխարհագրությունը: ԳԴՀ-ը, ինչպես գրեթե բոլոր եվրոպական երկրները, նման նախագծերի միջոցով հետապնդում է այդ պարզ նպատակը: (Ի դեպ, նույն խնդիրն էր լուծում Հայաստանը` կառուցելով իրանական գազամուղը): Սակայն, եթե անգամ «Նաբուկկո» ծրագրը իրականացվի, ապա դա չի բերի Գերմանիայի հետ մեր երկկողմ հարաբերությունների ուղղակի փոփոխությանը: Այլ բան է, որ մեկ այլ երկիր կամ երկրների խումբ կարող են ավելի լուրջ դերակատարում ստանալ տարածաշրջանում ու նրանից դուրս եւ տնտեսապես օգտվել դրանից: Մեր խնդիրը, անկախ նման աշխարհաքաղաքական նախագծերից, չի փոխվում. Հայաստանը պետք է կառուցի մրցունակ տնտեսություն` դիմակայելու մարտահրավերներին:

- ԳԴՀ արտգործնախարարությունը ողջունեց հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումը: 2005-ին Բունդեսթագը ճանաչել էր Հայոց ցեղասպանությունը, հորդորել Թուրքիային վերանայել սեփական պատմությունը, իսկ իր հանցակցության համար ներում հայցել հայ ժողովրդից: Որպես փոխհատուցում Հայաստանը պահանջե՞լ է Գերմանիայից անվտանգության երաշխիքներ: Մանավանդ որ Թուրքիան Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելը, սահմանը բացելը շարունակում է պայմանավորել Ղարաբաղիցՙ հայկական զորքի դուրսբերմամբ, իսկ Մյունխենյան հանդիպումից առաջ Ալիեւն էր սպառնում պատերազմով: Գերմանիան միշտ շեշտել է, թե կողմ է ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորմանը, բայց Ալիեւի ռազմաշունչ տեքստը կարծես լուրջ քննադատության չարժանացավ, գերմանական լրատվամիջոցները բավարարվեցին փաստն արձանագրելով:

- Որքան ես գիտեմ, Բունդեսթագի բանաձեւում չի օգտագործվել G-բառը, որն իր մեջ ունի ոչ միայն քաղաքական, այլ նաեւ իրավական կոմպոնենտՙ դրանից բխող հնարավոր հետեւանքներով: Հետեւաբար, խոսել այսօր որեւիցե փոխհատուցման մասին, իրատեսական չէ: Ինչ վերաբերում է ադրբեջանական կողմի ռազմատենչ հայտարարություններին, ապա վերջերս ունեցած հանդիպումների ժամանակ ես մեր գերմանացի գործընկերներին խնդրեցի, որ իրենք ոչ թե մեզ հետ հանդիպումների ժամանակ, այլ ի լուր միջազգային հանրության հայտնեն իրենց քննադատությունն այդ կապակցությամբ:

- Պարոն Մարտիրոսյան, դեսպանությունն ինչպե՞ս է հակակշռում Եվրոպայում ամենամեծ թուրքական համայնքի առկայությանն ու լոբբիինգին, ադրբեջանական ակտիվ քարոզչամեքենայի գործունեությանը, որի PR-ն ի դեպ կազմակերպում է Մայնի Ֆրանկֆուրտում հայտնի Edelman գործակալությունը: Հենց նրանք էին հոգացել գերմանաադրբեջանական ֆորումի կազմակերպած «Ղարաբաղ. Ադրբեջանի մշակութային օրրան» կոնֆերանսին բազմաթիվ լրագրողների ներկայությունը, որի արդյունքում ֆորումի աշխատանքներին ակտիվորեն ներգրավված դեսպան Փարվիզ Շահբասովը գոհ էր մնացել:

- Այս երկրում մեծ թուրքական համայնքի առկայությունն իրականություն է, եւ դա ունի իր նախապատմությունը: Սակայն ուշադրության արժանի է ոչ թե թուրքական համայնքի թվական, այլ որակական բնութագիրը: Ազգությամբ թուրք ԳԴՀ քաղաքացիները կարողացել են ոչ միայն բավականին հաջող ինտեգրվել գերմանական հասարակության մեջ, այլ նաեւ ակտիվ մտնել երկրի մեծ քաղաքականությունՙ գրավելով այնտեղ բավականին ազդեցիկ դիրքեր: Դրա վկայությունն է այն փաստը, որ վերջին խորհրդարանական ընտրություններով Բունդեսթագում ընտրվեց ազգությամբ թուրք 5 պատգամավոր, որոնք ներկայացված են ինչպես իշխող, այնպես էլ ընդիմադիր կուսակցություններում: Բնական է, որ նույն այդ անձերը եւ համապատասխան կառույցները չեն զլանում անհրաժեշտության դեպքում աջակցել ազերներին: Սակայն ես չեմ կարող ասել, որ այդ ամենի արդյունքում ԳԴՀ իշխանությունները տարածաշրջանում իրականացնում են կողմնակալ քաղաքականություն: Իսկ դա նշանակում է, որ հայ դիվանագիտությունը գործել է բավականին արդյունավետ` հնարավորինս չեզոքացնելով մեզ համար անցանկալի զարգացումները: Սակայն, ինչ խոսք, թուրքական գործոնը կարեւոր տեղ է զբաղեցնում մեր ամենօրյա գործունեության օրակարգում:

Ինչ վերաբերում է ադրբեջանական միջոցառմանը, ինձ մի փոքր զարմացրեց այն աղմուկը, որ ստեղծեցին որոշ լրատվամիջոցներ: Ինչպես ինձ հայտնեցին մեր դեսպանության աշխատակիցները, մինչեւ օրս մեր կազմակերպած նման որեւէ միջոցառում չէր արժանացել այդպիսի ուշադրության: Ուստի, հաջորդ անգամ, մենք ավելի ուշադիր կլինենք լրատվամիջոցների հետ տարվող մեր աշխատանքներում: Իսկ ինչ վերաբերում է բուն «կոնֆերանսին» մասնակցությանը, ապա ակնհայտ է, որ շատ պարզ պատճառներով մենք հրավիրված չենք եղել: Սակայն մեր աղբյուրները, այդ թվումՙ գերմանական, մեզ հստակ վկայեցին, որ թեեւ ազերները փորձել են ապահովել մասնակիցների հնարավորինս բարձր մակարդակ, սակայն դա իրենց չի հաջողվել: Ըստ ականատեսի, կազմակերպիչները «ճոխացրել» են մասնակիցների ցուցակը` հղում կատարելով նաեւ այն հրավիրված անձերին, որոնք չեն մասնակցել միջոցառմանը: Հասկանալի պատճառներով չեմ խոսի մեր ծրագրերի մասին, բայց հավաստիացնում եմ, որ Դուք հնարավորություն կունենաք լուսաբանելու դրանք:

- Պարոն Մարտիրոսյան, երկու երկրների երկխոսությունն անկարելի է պատկերացնել առանց մշակութային ծրագրերի: Գիտակրթական, հուշարձանների պահպանության ոլորտում էլ կա հետաքրքրություն: 2010-ին ի՞նչ նորություններ են սպասվում: 2009-ի ամռանը Երեւանում նկատեցի, որ առողջապահական բնագավառում Հայաստանը Գերմանիայի հետ համագործակցությունը սերտացնելու սպասելիքներ ունի: Կա՞ն նոր առաջարկներ:

- Հայաստանի մշակութային ժառանգությունը եւ արվեստը մեծ հնարավորություններ են բացում նման համագործակցության համար: ԳԴՀ-ն այդ տեսակետից հատկանշական է այն առումով, որ այստեղ են բնակվում կամ աշխատում ժամանակակից արվեստի ազգությամբ հայ մեծ թվով աշխարհահռչակ գործիչներ: ՀՀ մշակույթի նախարարության ու այլ կառույցների հետ միասին աշխատում ենք եւ հույս ունեմ, որ 2010 թ. Գերմանիայում առիթ կունենանք պատշաճ ձեւով ներկայացնելու հայ արվեստն ու մշակույթը: Արդեն իսկ ձեռք է բերվել պայմանավորվածություն, 2010 թ. օգոստոսին Konzerthaus Berlin համերգասրահում Young Euro Classic փառատոնի շրջանակներում կազմակերպել Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի համերգը:

Առողջապահության բնագավառում համագործակցությունը շատ հեռանկարային է: Այն պայմանական կարելի է բաժանել երկու մասի. երկրների բուհերի եւ մասնավոր կլինիկաների միջեւ: Երկու ուղղությամբ էլ կան որոշակի ծրագրեր: Ակտիվ կապեր են հաստատվել Երեւանի եւ Բեռլինի Շարիտե բժշկական համալսարանների միջեւ, այդ համագործակցության արդյունքն էր 2009-ի հոկտեմբերին Երեւանում կայացած ուռուցքաբանության միջազգային կոնգրեսը: Արդիական ենք համարում հայ բժիշկների որակավորման բարձրացման նպատակով Գերմանիայի առողջապահական հիմնարկների հետ համագործակցությունը:

- Պարոն դեսպան, 6 տարի պաշտոնավարել եք Նյու Յորքում եւ շփվել տեղի հայ համայնքի հետ: Սփյուռքահայերին ունկնդրելով հաճախ նույն խոստովանությունն եմ արձանագրելՙ Հայաստանը անկեղծ հետաքրքրություն չունի Սփյուռքի բազմաշերտ հատվածի հանդեպ: Ինչպիսի՞ փորձառություն եք կուտակել Դուք Նյու Յորքում, որ կարող է օգտակար լինել գերմանահայության հետ աշխատանքում: Գերմանահայությունը կենտրոնացված չէ մեկ վայրում, դեսպանությունը ի՞նչ աշխատաոճ է որդեգրել, որ կդյուրացնի հայ համայնքի հետ շփումը, համագործակցությունը:

- Թույլ տվեք չհամաձայնել Ձեզ հետ: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ սփյուռքի հարցերով նախարարության հիմնադրումը ամենավառ վկայությունն է Սփյուռքի հանդեպ Հայաստանի կողմից ոչ միայն իր անկեղծ հետաքրքրության, այլ նաեւ հոգատարության եւ համակարգված քաղաքականության: Մշակման եւ արդեն իսկ իրականացման փուլում են մի շարք կարեւոր ծրագրեր, կապը եւ համագործակցությունը համայնքային կազմակերպությունների հետ ստանում է գրեթե ամենօրյա բնույթ: Դա թույլ է տալիս վերջիններիս տեղեկացված լինել հայությանը վերաբերող քիչ թե շատ կարեւոր խնդիրների վերաբերյալ: Մի քանի օրինակ. ՀՀ կառավարությունը այժմ մշակում է հայրենադարձության հայեցակարգը եւ մենք, Երեւանից ստանալով այդ փաստաթուղթը ուղարկեցինք այն համայնքային կազմակերպություններին` հայցելով իրենց կարծիքը, առաջարկները դրա վերաբերյալ: Գերմանիայում գործում են շաբաթօրյա/կիրակնօրյա դպրոցներ, եւ դեսպանությունը` համայնքային կազմակերպությունների հետ միասին, քայլեր է ձեռնարկում աջակցելու դրանց գործունեությանը: Խնդիրները շատ են. այլ բան է, որ պետության հնարավորությունները միշտ չէ, որ համապատասխանում են ցանկություններին, բայց համոզված եմ, որ Հայաստան-Սփյուռք հարաբերությունները որակական նոր փուլ են ապրում:

Ինչ վերաբերում է համայնքի հետ համագործակցելու իմ նյույորքյան փորձին, անկասկած դա ինձ համար անգնահատելի էր: Օբյեկտիվ հանգամանքների բերումով ԱՄՆ-ում առկա են կազմակերպված եւ բարձր արդյունավետությամբ գործող համայնք, զանազան հայկական կազմակերպություններ: Ինչ խոսք, ԳԴՀ հայ համայնքը ավելի փոքրաթիվ է, դա չի կարող չանդրադառնալ վերջինիս գործունեությանը:

Հայկական եկեղեցիների սակավությունը, որտեղ սովորաբար հայ համայնքները հիմնում են նման դպրոցներ, իր հերթին նույնպես բարդացնում է իրավիճակը: Բայց նվիրյալների շնորհիվ ի հեճուկս դժվարությունների այդ հաստատությունները գործում են: Հայաստանում պետական միջոցների հաշվին սփյուռքահայ կրթօջախների համար հրատարակվում են դասագրքեր եւ գրականություն: Ցանկանում եմ հատուկ նշել Սփյուռքի նախարարության դերը եւ հաջողված քայլերն այս ուղղությամբ: Նախարարության նախաձեռնությամբ մշակվում եւ արդեն իրականացվում են մի շարք արդիական ծրագրեր, որոնք հնարավորություն կտան բարելավել սփյուռքում գործող շաբաթօրյա/կիրակնօրյա դպրոցների գործունեությունը: Անելիքները շատ են, եւ խնդրի հրատապությունը եւ նշանակությունը պարտադրում են մեզ լինել ավելի նախաձեռնող եւ հետեւողական:

Այցեքարտ

Ծնվել է 1961-ի փետրվարի 10-ին: Ավարտել է Երեւանի 122-րդ դպրոցը:

1978-1983-ին սովորել եւ ավարտել է Երեւանի պոլիտեխնիկ ինստիտուտի տեխնիկական կիբեռնետիկայի ֆակուլտետը: 2004-2006-ին ուսանել է Նյու Յորքի Կոլումբիա համալսարանում, ստացել է միջազգային տնտեսագիտության մագիստրոսի որակավորում:

1983-1991-ին աշխատել է «Հրազդանմաշ» արտադրական միավորումումՙ որպես ինժեներ, հետագայումՙ փոխտնօրեն: 1990-1995-ինՙ ԱԺ պատգամավոր: 1992-93-ին եղել է վարչապետի խորհրդական: 1997-1998-ինՙ «Հայէկոնոմբանկի» գործադիր տնօրեն: 1995-1999-ին վերընտրվել է, ԱԺ պատգամավորը ղեկավարել է Եվրոխորհրդի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ պատվիրակությունը: 1999-2003-ին աշխատել է փոխարտգործնախարար, 2003-2009-ին պաշտոնավարել է ՄԱԿ-ումՙ ՀՀ մշտական ներկայացուցիչ, ՀՀ դեսպան:

Տիրապետում է հայերենին, ռուսերենին, անգլերենին:

Ամուսնացած է, ունի երկու որդի:

Հարցազրույցը վարեց ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4