Բռնության ենթարկված լրագրողների թիվը կրճատվել է
Ապրիլի 30-ին իր տան շքամուտքում դաժան ծեծի ենթարկվեց Armenia Today լրատվական գործակալության համակարգող Արգիշտի Կիվիրյանը: Անհայտ անձինք փայտե մահակներով հարձակվեցին, երբ լրագրողը տուն էր վերադառնում: Կիվիրյանը ծանր վիճակում, գլխի եւ մարմնի բազմաթիվ վնասվածքներով, տեղափոխվեց «Էրեբունի» բժշկական կենտրոն: 11 հասարակական կազմակերպություններ, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն ու միջազգային կառույցները դատապարտեցին միջադեպը: Հետագայում հանցագործություն կատարելու կասկածանքով երկու անձանց նկատմամբ իբրեւ խափանման միջոց ընտրվեց կալանքը. նրանց մեղադրանք ներկայացվեց Կիվիրյանի սպանության փորձի համար:
Մայիսի 6-ի երեկոյան բռնության ենթարկվեց «Շանթ» հեռուստաընկերության մեկնաբան Նվեր Մնացականյանը: Անհայտ անձինք հարձակվել էին, ծեծել ու փախել: Մարմնական վնասվածք ստացած Մնացականյանը հայտարարեց, որ միջադեպն առնչություն ունի իր մասնագիտական գործունեության հետ: Նա կատարվածի համար մեղադրեց «Գրանդ Քենդի» ընկերության սեփականատեր Հրանտ Վարդանյանի որդուն: Ավելի ուշ ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը հայտնեց, որ լրագրողը սխալմամբ է տուժել: Ըստ նրա` Նվերին շփոթել են, իսկ միջադեպին Վարդանյանների ընտանիքը որեւէ առնչություն չունի: Բայց դա Մնացականյանին չբավարարեց. նա շարունակեց պնդել, որ մեղավորը Վարդանյաններն են»:
Մարտի 13. Երեւանի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում ծեծի ենթարկվեց «Առավոտ» եւ «Չորրորդ իշխանություն» օրաթերթերի լրագրող Գագիկ Շամշյանը: Վերջինիս ծեծել էին համալսարանի անվտանգության աշխատակիցները. Շամշյանը հայտնվեց «Նաիրի» բժշկական կենտրոնում:
Սրանք նախորդ տարվա լրագրողների նկատմամբ բռնության ամենացայտուն միջադեպերն էին: Այս ու էլի մի շարք ծեծերի, բռնությունների, ահազանգերի համար նախորդ տարի Հայաստանը «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպության հրապարակած ԶԼՄ-ների ազատության վարկանիշային աղյուսակում զբաղեցրեց 111-րդ հորիզոնականը (հետազոտությունն անցկացվել է 175 երկրում): Լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնությունների վերաբերյալ «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի» հրապարակած տարեկան զեկույցի համաձայնՙ 2008-ի համեմատությամբ լրատվամիջոցների նկատմամբ համեմատաբար քիչ խախտումներ են արձանագրվել:
Եթե 2008-ին գրանցվել էր լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնության 28 դեպք, ապա 2009-ին` 11, ԶԼՄ-ների եւ դրանց աշխատակիցների վրա ճնշումների 14 (2008-ին` 16), իսկ տեղեկատվություն ստանալու եւ տարածելու իրավունքի 13 խախտում` նախորդ տարվա 14-ի փոխարեն: «Բայց դա չի նշանակում, որ մտահոգվելու առիթներ չկան: Իրավիճակն ու ընդհանուր միտումները տագնապալի են: Սրանք բացարձակ ճշգրտություններ չեն: Համոզված ենք, որ թիվն ավելի մեծ է: Լրագրողները հաճախ չեն ուզում բարձրաձայնել, անտեսում են, հաճախ ենթարկվում, երբեմն իրենց ուժերով խնդիրը կարգավորում: Լրագրողների նկատմամբ հիմնական բռնությունները կիրառվել են մայիսի 31-ին` Երեւանի քաղաքապետի ընտրությունների ժամանակ: Դա արդեն դառնում է օրինաչափություն, երբ ընտրությունների ժամանակ լրագրողների աշխատանքին խոչընդոտում են», ասում է «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի» ղեկավար Աշոտ Մելիքյանը:
Փորձագետ Մեսրոպ Հարությունյանը պատմում է, որ դեռեւս նախորդ տարիներից լրագրողների նկատմամբ մի շարք բռնություններ, լրատվամիջոցների նկատմամբ խոչընդոտներն այս տարի էլ իրենց լուծումը չգտան: Մասնավորապես «Հետք» էլեկտրոնային պարբերականի խմբագիր էդիկ Բաղդասարյանը 2008-ին ենթարկվել էր ֆիզիկական բռնության: «2009-ին հանցագործության մեջ մեղադրվող Կարեն Հարությունյանին դատապարտեցին 5 տարվա ազատազրկման, թեպետ Բաղդասարյանը պնդում էր, որ Հարությունյանը որեւէ մեղք չունի եւ իրական մեղավորներն ազատության մեջ են: Լուծում չեն ստանում ԳԱԼԱ եւ Ա1+ հեռուստաընկերությունների հարցերը»: Հարությունյանը նկատում է, որ լրագրողների աշխատանքների նկատմամբ խոչընդոտ կարելի է համարել նաեւ Ազգային ժողովում լրագրողների հավատարմագրման եւ պայմանների նոր ձեւը:
Հարությունյանը թաքնված գրաքննություն որակեց «Չորրորդ իշխանություն» թերթի հետ կապված միջադեպը, որի արդյունքում սկսեց հրատարակվել «Չորրորդ ինքնիշխանություն» անվամբ:
Տարին առատ էր նաեւ դատական հայցերով: Փորձագետը մասնավորապես առաձնացրեց Քոչարյանների ընտանիքի հայցն ընդդեմ «Հայկական ժամանակ» օրաթերթի` «Ռոբերտիչի արկածները Դուբայում» հրապարկման համար: Թերթի տեղեկություններովՙ ՀՀ նախկին նախագահի կրտսեր որդուն Դուբայում ձերբակալել են: Հայցվորը պահանջել էր հերքել իր պատիվն ու արժանապատվությունը արատավորող տեղեկությունները եւ հատուցել իրեն հասցված նյութական եւ բարոյական վնասը` 16 մլն 120 հազ. դրամի չափով:
Խոսելով լրագրողների իրավունքների մասինՙ փորձագետները, ցավոք, չանդրադարձան լրագրողների պարտականություններին, պատախանատվություններին, որոնք 2009-ին շատերն էին խախտել: «Ազգի» հարցին երկու բանախոսներն էլ ոչ լիարժեք եւ թեմային չվերաբերող պատասխաններ տվեցին, մինչդեռ եթե խոսում ենք մամուլի ազատության, բարգավաճման, զարգացման, եւ ինչպես շատերն են սիրում ասելՙ եվրոպական արժեքների մասին, ապա պետք է հաշվի առնել նաեւ մամուլի որակը, մատնացույց անել ճեղքերը, խոսել քաղաքական գործիչների մոնտաժված, մերկ լուսանկարների, մարդու գլխով ու ավանակի մարմնով լուսանկարների, փողոցային գռեհիկ ոճով հոդվածների ու կաշառվելու մասին: Սակայն, բանախոսներն ասացին, որ հավաքվել են ուրիշ թեմայի համար...
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ