Գյումրու բնապահպանական տեղեկատվության հասարակական կենտրոնը («Օրհուս» կենտրոն) անցած դեկտեմբերին նշեց գործունեության 2 տարին եւ հանդես եկավ 2009 թ. տարեկան հաշվետվությամբ, իսկ այս ամսի 13-ից նրա գործունեությունը Շիրակի մարզպետի հրամանով դադարեցված է: Կենտրոնի համադասող, միակ հաստիքով աշխատող Գեւորգ Պետրոսյանն աշխատանքից ազատված է, իսկ գույքը մարզպետարանի կողմից հաշվառվել եւ ի պահ է վերցվել:
Երեքշաբթի մի քանի լրագրողների տեղեկացնելով այս մասին, Գեւորգ Պետրոսյանը հայտնեց, որ նման որոշումը պատճառաբանվել է իր հետ կնքված տարեկան պայմանագրի ժամկետը լրանալու հանգամանքով, մինչեւ նոր պայմանագրի կնքումը: Մինչդեռ նույն իրավիճակը եղել է նաեւ անցյալ տարեսկզբին, բայց կենտրոնը շարունակել է բնականոն գործել մինչեւ հարցը լուծվել է, եւ դրանից ոչինչ չի տուժել: Նույնը վերաբերում է նաեւ կառույցի տարեկան ֆինանսավորմանը:
«Օրհուս» կենտրոնի հիմնադիրներն են ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը, ՀՀ բնապահպանության նախարարությունը եւ Շիրակի մարզպետարանը: Գյումրու կառույցը սկսել է գործել 2007 թ. դեկտեմբերի 12-ից, հիմնադիրների նույն տարվա մայիսի 16-ին ստորագրած եռակողմ հուշագրի հիման վրա: Սակայն չգիտես ինչու մարզպետը միայնակ որոշում է կայացրել կենտրոնը փակելու մասին: Գուցե դա պայմանավորված է նրանով, որ կառույցի գույքի պատասխանատուն մարզպետարանն է: Սակայն, ըստ մեզ տրված տեղեկատվության, մարզպետարանը երկրորդ տարվանից պետք է նաեւ հոգար կենտրոնի էլեկտրաէներգիայի, ջեռուցման եւ ընթացիկ պահպանման ծախսերը, ընդհուպ համադասողի աշխատավարձը, ինչը չի արել` խախտելով նշված հուշագրի դրույթները (ֆինանսավորումը շարունակել է կատարել ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը): Իսկ ահա գույքի պատասխանատուի իր իրավունքից միակողմանիորեն օգտվել է` ընդհատելով այս հարկավոր եւ ակտիվ գործող կառույցի բազմակողմ աշխատանքը: Ընդհանրապես «Օրհուս» կենտրոնների գործունեությունն ուղղված է հասարակության բնապահպանական իրազեկության մակարդակի բարձրացմանը, ոլորտին առնչվող որոշումների կայացման գործում հասարակության մասնակցության եւ արդարադատության մատչելիության ապահովմանը: Մեր հանրապետությունում լավագույններից մեկը համարվող Գյումրու կենտրոնը ծառայություններ է մատուցում արդեն բավական մեծ թվով այցելուների ու կազմակերպությունների, տարածում է նաեւ էլեկտրոնային բնապահպանական տեղեկատվություն, պարբերաբար իրականացնում կարեւոր հանրային քննարկումներ, ուսուցողական եւ այլ ծրագրեր, նախաձեռնել է քաղաքում բնապահպանական կոալիցիայի ստեղծումն ու գործունեությունը: Ներկա ընդհատումով այս ամբողջ գործընթացը խաթարվել է:
Այսօր մեր հանրապետությունում գործում են 14 «Օրհուս» կենտրոններ, որոնք բոլորն էլ տարեսկզբին ունեն եւ պայմանագրի վերակնքման ու ֆինանսավորման ուշացման, եւ այս տարի կարգավիճակի նախատեսվող փոփոխության խնդիր, սակայն, Գյումրու կենտրոնի ղեկավարի հավաստմամբ, մյուսներից ոչ մեկի գործունեությունը ներկա պահին ընդհատված չէ: Ինչ կերպ կարելի է հասկանալ, ուրեմն, Շիրակի մարզպետարանի այս դիրքորոշումը մի խնդրում, որի լուծումը իրենց` պաշտոնյաների գործն էր: Ցավոք, մարզպետարանում նույն օրը բաժինների հաշվետվությունների ծարաբեռնված օր էր, որի պատճառով մեզ չհաջողվեց այս եւ նման հարցերի պատասխանները ժամանակին տեղում ստանալ:
Կարծում ենք` իրենց խոսքը անհապաղ պետք է ասեն կենտրոնի մյուս երկու հիմնադիրները: Առայժմ նրա աշխատանքը վերսկսելու խնդրանքով մարզպետին ուղղված դիմում է պատրաստել «Օրհուս» կենտրոնի փորձագետների խորհուրդը:
ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ