«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#6, 2010-01-19 | #7, 2010-01-20 | #8, 2010-01-21


ԱՆՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԵՏԱՊՆԴՈՒՄ ԵՆ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ

Շախմատի Վեյք Ան Զեեի մրցաշարում անհաջողությունները շարունակում են հետապնդել Վարուժան Հակոբյանին: 4-րդ տուրում նա մրցաշարում 2-րդ պարտությունը կրեցՙ զիջելով Էրվին ԼԱմիին: 4 տուրից հետո Հակոբյանը մեկ միավորով նախավերջինՙ 13-րդ տեղում է: Աղյուսակը եզրափակող Դմիտրի Ռեյնդերմանը վաստակել է կես միավոր:

«B» խմբի մրցաշարի առաջատարներն են Նի Հուան եւ Անիշ Գիրին, որոնք ունեն 3-ական միավոր: Նրանց միջեւ կայացած պարտիան ավարտվեց ոչ-ոքի: 2,5-ական միավոր են վաստակել Դւեիդ Հաուելը, Էրվին ԼԱմին եւ Պենտալա Հարիկրիշնան:

Ուժեղագույնների մրցաշարում իր հաղթարշավը շարունակեց մրցաշարի միանձնյա առաջատար Ալեքսեյ Շիրովըՙ տոնելով 4-րդ անընդմեջ հաղթանակը: Այս անգամ նրա «զոհը» Յան Սմիթսն էր: Արդյունավետ մյուս պարտիան Վասիլի Իվանչուկի եւ Լյուկ վան Վելիի մրցավեճն էր, որում հաղթեց սպիտակներով խաղացող ուկրաինացի գրոսմայստերը:

Առայժմ ոչ մի կերպ չի հաջողվում հաղթանակ տոնել Անանդին եւ Կրամնիկին: Նրանք 4-րդ պարտիան ոչ-ոքի ավարտեցին: Անանդը հաշտություն կնքեց Նակամուրայի հետ, Կրամնիկը միավորը կիսեց Տիվյակովի հետ: Կառլսեն-Շորթ, Կարյակին-Կարուանա, Դոմինգես-Լեկո պարտիաները եւս ավարտվեցին ոչ-ոքի:

4 տուրից հետո 100 տոկոսանոց արդյունքով աղյուսակը գլխավորում է Շիրովը: Նակամուրան, Կառլսենն ու Իվանչուկն ունեն 3-ական միավոր: Նրանց 2-ական միավորով հետապնդում են Կարյակինը, Դոմինգեսը, Կրամնիկն ու Անանդը:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4