«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#7, 2010-01-20 | #8, 2010-01-21 | #9, 2010-01-22


«ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ԱՆՎԱՎԵՐ ՃԱՆԱՉԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»

Հայտարարում է թուրքական ընդդիմությունըՙ արձագանքելով ՀՀ Սահմանադրական դատարանի որոշմանը

Հ. ՉԱՔՐՅԱՆ

Նախորդ համարում «Ազգը» անդրադարձել էր ՀՀ Սահմանադրական դատարանի որոշման թուրքական արձագանքներին: Կրկնությունից խուսափելու համար ասենք, որ դատարանի հայ-թուրքական Արձանագրություններին առնչվող վերապահումները Թուրքիայի ղեկավարության համար չպետք է նորություն լինեն, քանի որ Հայաստանըՙ ի դեմս նախագահ Սարգսյանի եւ արտգործնախարար Նալբանդյանի, բազմիցս հաստատել է ինչպես ղարաբաղյան հակամարտության կարգավորման, այնպես էլ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցերում որդեգրած դիրքորոշումը:

Պարզապես Անկարան այդ վերապահումներին փորձում է նորովի մեկնաբանությամբ մոտենալ, որպեսզի Հայաստանի հետ հարաբերությունների նորմալացման Արձանագրություններով պայմանավորվածՙ գործընթացում հետքայլ կատարելիս դրա պատասխանատվությունն ընկնի Երեւանի վրա: Դրանում համոզվելու համար կարելի է անդրադառնալ վերապահումների թուրքական մեկնաբանություններին:

Ըստ մեկնաբանությունների, Հայաստանի Սահմանադրական դատարանը, ինչպես հունվարի 19-ին նշել է Նյու Յորքի թուրքական կայքէջը, Արձանագրությունների «բոլոր դրույթների կիրառումը պայմանավորում է դիվանագիտական հարաբերությունների հաստատմամբ եւ ընդհանուր սահմանի բացմամբ», յուրովի մեկնաբանելով «սահմանի բացման» մասին դրույթը, հրաժարվում է ճանաչել Թուրքիայի հետ առկա սահմանը, դրանով ուժը կորցրած է համարում 1921-ի Կարսի պայմանագիրը եւ վերջապես, դատարանը, ելնելով արձանագրությունների երկկողմ, այսինքն հայկական եւ թուրքական կողմերի միջեւ ստորագրման հանգամանքից, «անընդունելի է դարձնում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ թուրքական նախապայմանը», միաժամանակ ակնարկում է Հայոց ցեղասպանության ճանաչումը հետամտելու Հայաստանի դիրքորոշման մասին եւ, փաստորեն, «մերժում է այն տեսակետը, ըստ որիՙ Արձանագրություններով նախատեսվող պատմական ենթահանձնաժողովի առաջադրանքը 1915-ի իրադարձությունների ուսումնասիրությունն է»:

Այլ կերպՙ եթե ամփոփենք Անկարայի առարկումները, ապա կստացվի, որ հայ-թուրքական Արձանագրությունների բոլոր դրույթները պիտի կիրառել առանց երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման ու սահմանի բացման, Հայաստանը պետք է վերահաստատի Արձանագրություններում բացարձակապես չհիշատակվող Կարսի պայմանագիրը, պետք է ընդունի Ղարաբաղի վերաբերյալ թուրքական նախապայմանը եւ ուսումնասիրության առարկա դարձնի 1915-ի իրադարձությունները, որպեսի ինքնակամ կասկածի տակ դնի Հայոց ցեղասպանությունը:

ՀՀ Սահմանադրական դատարանի վերապահումները մեկնաբանել է նաեւ թուրքական ընդդիմությունը: Դրանք գրեթե չեն տարբերվում վարչապետ Էրդողանի եւ արտգործնախարար Դավութօղլուի մեկնաբանություններից: Պարզապես վերապահումները Արձանագրությունների առնչությամբ իշխանություններին քննադատելու հերթական առիթն են տալիս ընդդիմությանը, իսկ վերջինի մեկնաբանությունները դառնում են Հայաստանի նկատմամբ թուրքական նկրտումների խտացված արտահայտությունը:

Ընդդիմության պարագայում խոսքն առաջին հերթին վերաբերում է «գորշ գայլերի» քաղաքական կազմակերպությանՙ Ազգայնական շարժում կուսակցության նախագահ Դեւլեթ Բահչելիին : Հունվարի 20-ին նա հանդես է եկել հաղորդագրությամբ, որտեղ էլ գրված է. «ՀՀ Սահմանադրական դատարանի այս որոշումով ակնհայտ դարձավ, որ Արձանագրությունները չեն հանգեցնելու Հայաստանի սահմանադրական հոդվածի բնույթ կրող անկախության հռչակագրի այն դրույթի վերանայմանը, որտեղ Թուրքիայի Արեւելյան Անատոլիան ներկայացված է որպես Արեւմտյան Հայաստան, չի ենթադրելու երկու երկրների միջեւ առկա սահմանը հաստատող 1921-ի Կարսի պայմանագրի ճանաչում, ինչպես նաեւ չի ազդելու Հայաստանիՙ միջազգային ասպարեզում 1915-ի ցեղասպանության ճանաչմանը միտված ազգային պետական քաղաքականության վրա: Այս որոշումով պարզ երեւաց, որ չեն փոխվել Հայաստանի միջազգային իրավունքի նորմերին հակասող դիրքորոշումն ու թշնամական մոտեցումը Թուրքիային: Սա երկրում իշխող «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության կառավարության, ինչպես նաեւ Արձանագրությունները ստորագրած արտգործնախարարի համար ամոթալի պարտություն է եւ ձախողում: Այսպիսի ահավոր իրավիճակում անհրաժեշտ է, որ կառավարությունը հետ կանչի վավերացման համար Թուրքիայի ազգային մեծ ժողովին ներկայացրած Արձանագրությունները, պաշտոնապես հայտարարի, որ Արձանագրությունները Թուրքիայի համար ուժը կորցրել են, անվավեր ճանաչի դրանք եւ ներողություն խնդրի թուրք ազգից»:

Բահչելիին հավելել է Քեմալ Աթաթուրքի հիմնադրած Ժողովրդա-հանրապետական կուսակցության նախագահ Դենիզ Բայքալը , նշելով. «Այս Արձանագրություններն ուժը կորցրել են: Երկրում իշխող «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության շոուի վերածվող նախաձեռնությունները մշտապես ձախողվում են: Ձախողվեց նաեւ օրեր շարունակ արծարծվող «հայկական նախաձեռնությունը»: Եթե նույնիսկ Հայաստանի Սահմանադրական դատարանը չընդուներ այդ որոշումը, միեւնույնն է, խնդրո առարկա չէր Արձանագրությունների անցկացումը Թուրքիայի ազգային մեծ ժողովից, որովհետեւ պարզորոշ երեւում է, որ Հայաստանը Ադրբեջանի իր օկուպացրած տարածքներն ազատելու մտադրություն չունի: «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցությունը առանց նախապատրաստության եւ հետուառաջ նայելու ճամփա է ընկնում, ալեկոծում է հասարակությանը, սակայն նրա նախաձեռնությունները, որպես կանոն, ձախողման են դատապարտվում»:

Հ. ՉԱՔՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4