Թուրքիայի ընդդիմադիր շրջանակները շարունակում են բուռն արձագանքել Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշմանը եւ քննադատության թիրախ դարձնել թուրքական իշխանություններին:
«Հյուրրիյեթ» (Hurriyet) օրաթերթի լրատվական կայքի տեղեկացմամբ` ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցությունն իր կենտրոնակայանում հատուկ ժողով է գումարել այդ կապակցությամբ: Կուսակցապետ Դենիզ Բայքալը հայտարարել է, որ արձանագրություններն այլեւս ենթակա չեն վավերացման եւ կարգավորման գործընթացն այլեւս տապալված է:
«Իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության` շոուի միտված բոլոր նախաձեռնությունները ձախողվեցին: Ըստ էության, եթե Հայաստանի Սահմանադրական դատարանը այդպիսի որոշում չկայացներ, մեկ է, Թուրքիայի մեջլիսում այդ արձանագրությունների վավերացման մասին խոսք չէր կարող լինել: Քանի որ երեւում էր, որ Հայաստանը մտադիր չէ դուրս գալ «ադրբեջանական տարածքներից»: Հարեւանների հետ զրո խնդիր ասելով` ճամփա դուրս եկաք, բայց նույնիսկ զրոյով չավարտեցիք, դեռ մի բան էլ մինուսի եք գնում: Մնացել եք -1 խնդրի առջեւ դեմ հանդիման», - ասել է Բայքալը:
Վերջինս Գյուլի վարչակազմին մեղադրել է չկշռադատված գործողությունների դիմելու համար:
Panorama.am