«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#7, 2010-01-20 | #8, 2010-01-21 | #9, 2010-01-22


ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ ԿՐԱԿՈՒՄ ԵՆ ԻՐԱՐ ՎՐԱ ԵՎ ԲՂԱՎՈՒՄ. «ՀԱՅ ԵՆՔ ՍՊԱՆԵԼ»

Երեկ ադրբեջանական լրատվական դաշտը ցնծում էր. «Ադրբեջանցի դիպուկահարը Ֆիզուլիի շրջանում մեկ կրակոցով գետնին է հավասարեցրել սահմանախախտ հային», «բղավում էին» գրեթե բոլոր ադրբեջանական կայքերը: Նրանք գրում էին, թե իբր պարզվում է զոհի ինքնությունը, ադրբեջանցիներին նույնիսկ հայտնի չէրՙ զոհը սովորական քաղաքացի է, թե՞ զինվորական: Ընդ որում, երբ մանրամասնությունները պարզելու համար ադրբեջանական կայքերը դիմել են Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը, պատասխան չեն ստացել. նախարարությունը թերեւս հրաժարվել է այդ աստիճան ստել:

Այնինչ ԼՂՀ պաշտպանության բանակի մամլո ծառայությունից տեղեկացնում են, որ վերոհիշյալ դեպքի իրականությունը հետեւյալն է. «Հունվարի 20-ին ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու հարավարեւելյան հատվածում` Ֆիզուլու ուղղությամբ տեղակայված հակառակորդի դիրքերից մեկում, առավոտյան ժամը 10-ի մոտակայքում միջանձնային ոչ կանոնադրական փոխհարաբերությունների հողի վրա տեղի է ունեցել միջադեպ, որը նկատել եւ արձանագրել են հայ դիրքապահները: Վերջիններիս հավաստմամբՙ դեպքը տեղի է ունեցել ադրբեջանական հենակետին մերձակա բաց տարածքում, որի ժամանակ 7 ասկյարների միջեւ ծագած վեճը վերածվել է ծեծկռտուքի, այնուհետեւ լսվել են փոխհրաձգության ձայներ... Քիչ անց դեպքի վայր է հասել շտապ օգնության մի մեքենա եւ իսկույն հեռացել: Ըստ հաստատված տեղեկության` շտապ օգնության մեքենայով տեղափոխել են միջադեպից տուժած մահամերձ ասկյարի»: Վերջ, ահա եւ իրական պատկերը: Ադրբեջանցիները պետք է ընդամենը խիզախություն ունենային այս մասին խոսելու, ինչպես նաեւ այն մասին, որ իրենց ազգային բանակում բազմաթիվ են դասալիքները, հանցագործությունները, սննդային թունավորումները: Մինչդեռ տպավորություն է ստեղծվում, որ հայերն ու ադրբեջանցիները ոչ թե «տեղեկատվական պատերազմ» են վարում, այլ խաղում են մանկական դպրոց-դպրոց խաղը, ընդ որումՙ Հայաստանը ուսուցչի դերում, Ադրբեջանը` աշակերտի, որի սխալները միշտ ստիպված է ուղղել ուսուցիչը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4