«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#7, 2010-01-20 | #8, 2010-01-21 | #9, 2010-01-22


ԲԼԵ՞Ֆ, ԹԵ՞ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Է ՆԻԲԻՐՈՒՆ` X ՄՈԼՈՐԱԿԸ

Նոստրադամուսը կանխագուշակել է, որ 2123 թվականին Երկրին մոտիկ երեւալու է անհայտ երկնային մարմին` Սպիտակավուն աստղ: Նրա ազդեցությամբ երկիրը կարող է դուրս թռչել իր ուղեծրից: Մեր համակարգում տեղի կունենան մեծ փոփոխություններ, մեր հետագա սերունդները չեն կարողանա տեսնել բոլոր մոլորակները, որոնք այսօր երեւոււմ են: Կլինեն ջրհեղեղներ, ջրածածկ կլինեն եվրոպական պետություններից մի քանիսը: Մարդիկ եւ կենդանիները կամաց-կամաց կտեղափոխվեն երկրագնդի մի կիսագնդից մյուսը: Սովը կբերի հանիբալիզմի: Իրարից բաժանվելով` կհեռանան Եվրոպան եւ տաճարը (հավանաբար նկատի ունի քրիստոնեությունն ու մահմեդականությունը կամ Եվրոպան եւ արաբական աշխարհը). «Երկու արեւ` կենդանի արեւն ու հարավից եկող սեւ արեւը կուղղորդվեն դեպի մարդիկ», քառատողում գրել է Նոստրադամուսը: Ըստ նրա` 2170 թվականին սպասվում է մեծ երաշտ, 2170-2250 թվականների ընթացքում` սահմռկեցուցիչ աղետներ: 3797 թվականին, ըստ Նոստրադամուսի, աշխարհի վերջն է: Բայց նաեւ նրա գուշակություններում այսպիսի կանխատեսումներ կան. մինչեւ քսանմեկերորդ դարի կեսերը, քանի որ մենք արդեն (եւ հատկապես Ուրանը) կգտնվենք Ջրհոսի համաստեղության նշանի տակ, Երկրի վրա կլինեն փոթորիկներ, երկրաշարժեր, երաշտներ եւ սառցակալումներ, այրող քամիներ եւ անվերջանալի անձրեւներ, խոր երկրաբանական փոփոխություններ:

Մինչ աշխարհը վերջին տարիներին ականջի հետեւ է գցել այս գուշակությունները, ինտերնետը լցված է մոտակա համաղետների մասին խուճապային լուրերով` կապված արեգակնային համակարգի դեռեւս անհայտ X մոլորակի` Նիբիրուի, Երկրի ուղեծրին մոտենալու հետ: Ասենք, որ աշխարհի վերջի, ինչպես եւ համաշխարհային ջրհեղեղի մասին թեմաները մարդկության մշտական ուղեկիցն են եղել անհիշելի ժամանակներից, նշվել են տարբեր ժամկետներ, եւ դրանց մեծ մասը փաստորեն եւ բարեբախտաբար չեն իրականացել, այսինքն պարզ խաբեություններ են եղել: Աշխարհի վերջի մասին այժմ խոսում է ամեն ոք, ով չի ալարում. աղանդավորները մեզ զզվեցնում են իրենց «Արմագեդոնով», զանազան «պայծառատեսներն» ու «հորոսկոպագետները» հայտնի կանխատեսումները (այդ թվում` Նոստրադամուսի) ձեւում են ըստ իրենց հարմարության եւ այլն:

Երկրի առանցքի` ինչ-որ ժամանակ հնարավոր տեղափոխության մասին անուղղակի հիշատակում կա զրադաշտական «Ավեստայում», հնդկական միֆոլոգիայի հավաքածու «Ռիգվեդայում»: Համաշխարհային ջրհեղեղի մասին է Հին կտակարանի Նոյյան պատմությունը: Սակայն դրանից ավելի հին է շումերական էպոսը` Գիլգամեշի մասին, որը կրկնում է Աստվածաշնչյան ջրհեղեղի պատմությունը Աստվածաշնչից շատուշատ առաջ: Այդ պատմությունն ակնհայտորեն իրենց հետ բերել են մ.թ.ա. երրորդ հազարամյակում Միջագետքում ապրող շումերները, որոնք գուցե շատ ավելի վաղ ստեղծված այդ ավանդապատումը իրենց հետ բերել են իրենց լեռնային նախնիների երկրից: Այսինքն` ժողովուրդների հիշողության մեջ տարբեր հազարամյակներից մնացել են մեծ ջրհեղեղների մասին հիշողություններ: Եւ ոչ միայն դատարկ հիշողություններ. շումերական Ուր քաղաքի պեղումները 1927-1929 թվականներն երկուսուկես մետր տիղմի տակ, որն անշուշտ ջրհեղեղի արդյունք էր, հայտնաբերեցին շումերներից շատ ավելի վաղ շրջանի քաղաքակրթություն:

Հարյուր տարի առաջ աստղագետները համոզված էին, որ Արեգակնային համակարգում կա յոթ մոլորակ: Ժամանակի հետ փոխվում են պատկերացումները, գիտությունը զինվում է նոր հնարավորություններով` ընդլայնելով մեր տեսա եւ մտահորիզոնները:

Այնպես որ բոլորովին չի բացառվում, իսկապես, որ Արեգակնային համակարգի տասներորդ մոլորակը գոյություն ունի, եւ ի վերջո գիտականորեն նրա գոյությունը կապացուցվի, ինչպես որ Նեպտունինն ու Պլուտոնինն է եղել, երբ նախապես հայտնաբերվել են նրանց ուղեծրային շեղումները, որոնց էլ հետեւել է բուն մոլորակների հայտնագործումը: Սակայն ինչ-որ մարդկանց կամ աշխարհի մակարդակով ինչ-որ շահագրգիռ շրջանակների խիստ անհրաժեշտ է եւս մի անգամ (դա բազմաթիվ անգամ է արվել վերջին հարյուրամյակների ընթացքում), եւ հենց հիմա աշխարհի վերջով եւ նոր` անհայտ մոլորակի հնարավոր բախումով սպառնալ կամ նկարագրել նրա ահավոր ազդեցությունը երկրացիներիս ճակատագրի վրա, եւ դա բերել-մոտեցնել մեր ժամանակին` 2012 թվականին, իր բոլոր սարսափազդու հետեւանքներով: Այդ շրջանակները լայնորեն օգտագործում են ինտերնետի հնարավորությունները` սարսափ տարածելու, մարդկանց միտքը կենտրոնացնելու երկրագնդի երկու երրորդի հնարավոր կործանման վրա` գուցե ինչ-որ թաքնված նպատակներով (օրինակ` տնտեսական ճգնաժամից, մարդու գործունեության պատճառով գլոբալ տաքացումից շեղելու, կամ պարզապես այս թեման բիզնեսի աղբյուր դարձնելու). իսկ որտեղ զանգվածային փսիխոզ, այնտեղ մարդկանց հետ կարող են վարվել ինչպես ուզում են եւ ուղղոդել նրանց իրենց ուզած ուղղությամբ: Բավական է որեւէ ինտերնետ տարածքում գրել Nibiru կամ Planeta X, եւ կբացվեն մեկը մեկից սարսափազդու տեքստեր, մեկը մեկից սարսափազդու նկարներ եւ վիդեոներ` «ստույգ, շատ ստույգ աշխարհի կործանման» մասին` մոտակա 2012 թվականին:Դա անգամ վերածվել է արդյունաբերության. կան համակարգչային խաղեր, արդեն նկարահանված եւ նկարահանվելիք ֆիլմեր, որոնց բյուջե է պետք, կան ինտերնետային կոորդինատներ, որոնց կարելի է դիմել եւ տեղեկություններ ստանալ` ինչպե՞ս փրկվել աշխարհի վերջից, անգամ փրկությունը կազմակերպող կազմակերպություններ կհայտնաբերեք, որոնց մի մասը խոստանում է օգնել հոգին փրկելու, մյուս խումբն արդեն բավական ոչ սիմվոլիկ գումարների դիմաց` ռեալ մարմնական փրկության գործը կազմակերպել սկսելու: Այսինքն` Նիբիրուն իսկապես վերածել են բիզնեսի, եթե միայն այդ նպատակով չեն ստեղծել Նիբիրուի լեգենդը: Մեր պարտքն ենք համարում, սակայն, այդ լեգենդի հետ կապված ողջ տեղեկատվությունը փոխանցել մեր ընթերցողին, քանի որ լեգենդ թե ոչ` մարդն իրավունք ունի տեղեկացված լինելու:

Այսքանը, որպեսզի շատ կտրական չընդունեք ինտերնետից վերցված այն տեղեկությունների հոսքը, որի նմանակները տարբեր ժանականերում շրջել են մի ժամանակից մյուսի մեջ: Ավելացնենք, որ տասներորդ մոլորակի մասին նշել է Յան Պարամոնովը 1982 թվականին, սկսված մոլորակներրի շքերթի մասին խոսելիս` Արեւային համակարգի հեռավոր մոլորակների` Սատուրնի, Ուրանի, Պլուտոնի եւ Պրոզերպինայի` տասներորդ մոլորակի (որը հինգ հարյուր տարին մեկ ավարտում է իր շրջանը Արեւի շուրջն ըստ նրա)` Կարիճի համաստեղությունում կուտակվելու մասին խոսելիս: Այդ դեռ չբացված մոլորակը պատճառ է լինելու երկրագնդի կառուցվածքային փոփոխությունների եւ գենետիկ մուտացիաների համար, նշել է նա: Ուշադրություն դարձրեք` Պլուտոնը եւ Պրոզերպինան դժոխքի աստվածություններն են հունական առասպելներում:

Իսկ ահա, ըստ ինտերնետում ցրված անհայտ հեղինակների նյութերի տեղեկությունների, որոնք թեեւ 20-30 տարվա հնություն ունեն, բայց չգիտես ինչու ինտենսիվ տարածվում են հենց այժմ, Յուպիտերից փոքր, Սատուրնից մեծ գիգանտ մոլորակի (ի դեպ` մոլորակ հայերենում նշանակում է մոլորված անիվ)` տասներորդ մոլորակի գոյությունն ընդունել է ՆԱՍԱ-ն` Կոսմիկական հետազոտությունների ամերիկյան ազգային կոմիտեն, 1982-ին, մեկ տարի հետո ՆԱՍԱ-ի հատուկ արձակած ինֆրակարմիր արհեստական արբանյակը ֆիքսել է այս հսկային: Աշխարհի կառավարություններն, իբր, տեղեկացված են այս մասին, բայց գաղտնի են պահում այս մոլորակի գոյությունը` խուճապ չառաջացնելու համար. նրանք գիտեն, որ չեն կարող բոլորին փրկել:

Նիբիրուն Սեւ աստղի (կամ` Գորշ թզուկի) շուրջը պտտվող մոլորակներից մեկն է: Սեւ աստղի շուրջը պտտվում են հինգ մանր մոլորակներ, վեցերորդ մոլորակը Երկրի չափսերի Հայրենիքն է, յոթերորդը` Նիբիրուն: Հայրենիքն, իբր, շատ նման է Երկրին եւ այն մոլորակն է, որի վրա ապրել են Էնումա Էլիշ ավանդապատումում հիշատակվող Էննանեկի Հսկաները` հին աստվածները (ըստ հիշատակվող տարբեր ավանդապատումների): Նիբիրուն ունի հսկայական էլիպսաձեւ ուղեծիր եւ անցնելու է Յուպիտերի եւ Երկրի ուղեծրին շատ մոտիկ: Ուղեծրային թեքությունը արեգակի ուղեծրային հարթության նկատմամբ երեսուն աստիճան է, բայց երբ Նիբիրուն, կամ նրա համակարգը անցնում է Արեգակնային համակարգի մոլորակների ուղեծրերով, քանի որ պտտվում է այդ մոլորակների ուղեծրերին հակառակ ուղղությամբ, հենց ավերումների պատճառ է դառնում մոլորակների վրա: ՆԱՍԱ-ն այժմ հետեւում է Նիբիրուին` Հարավային բեւեռից, իր նոր տելեսկոպի միջոցով: 2009 թվականի մայիսի 15-ից մարդիկ Հարավային բեւեռից կարող էին տեսնել Նիբիրուն որպես կարմրավուն աստղ` որը շարժվելու է ուղղակի Երկրի ուղեծրով: 2012 թվական դեկտեմբերի 21-ին նա կանցնի Երկրի արեւածրով (էկլիպտիկայով)` որպես վառ կարմիր աստղ` իր շուրջ եղած բեկորային ցոլքով եւ արբանյակներով, նմանվելով երկրորդ արեւի (գուցե դա է պատճառը, որ ավելի վաղ մարդիկ նրան անվանել են Թեւավոր Սկավառակ կամ Պոզավոր Սկավառակ, այդ մասին հիշատակումներ կան տարբեր ավանդապատումներում): Կսկսվեն վատ եղանակներ, տեղի կունենան երկաշարժեր: Բայց ամենավատը տեղի կունենա 2013 թվականի փետրվարի 14-ին, երբ Երկիրը կանցնի Արեգակի եւ Նիբիրուի միջտարածքով: Բեւեռները կտեղափոխվեն եւ Երկրի դիրքը կփոխվի, երկրագնդի վրա տեղի կունենան շատ մեծ փոփոխություններ, ցունամիներն ու եկրաշարժերն անպակաս կլնեն: 2014-ի հուլիսի 1-ից հետո Նիբիրուն կհեռանա գալակտիկայի մեր հատվածից: ՆԱՍԱ-ից տեղեկացված մարդկանց կարծիքով բեւեռների փոփոխության հետեւանքով, Նիբիրուի անցնելու պահին երկրագնդի բնակչության երկու երրոդը կզոհվի: Իսկ վերապրողները դեռ ամիսներ կտանջվեն սովի, հիվանդությունների եւ Երկրի վրա ստեղծված քաոսի պատճառով: Այս «բայղուշական» տեղեկությունների հեղինակներն ասում են, որ ԱՄՆ-ի հատուկ ծառայությունները եւ Վատիկանը եւս տեղյակ են այս բոլորից եւ պատրաստվում են սրան, սակայն բնակչության լայն շերտերը չեն տեղեկացվում, մինչդեռ տարբեր աղբյուրներից ստացվող անանուն տեղեկատվությունն այժմ տարածվում է ողջ աշխարհում, տարածողներն ասում են, որ ժամանակ կա պատրաստվելու այդ աղետին:

ՆԱՍԱ-ի աշխատակից Ջոն Անդերսոնը ենթադրում է, որ այդպիսով տիեզերքի ամենից հետաքրքրական գաղտնիքները` Ուրանի,Նեպտունի եւ Պլուտոնի (մասամբ նաեւ` Յուպիտերի եւ Սատուրնի) խորհրդավոր շեղումները, 26 մլն տարի առաջ տեղի ունեցած դինոզավրերի անհետացումը կբացահայտվեն: Ճիշտ է, անցած դարի 80-ականների սկզբին տարվում էր ընդդեմ տասներորդ մոլորակի մեծ հակաքարոզ, որը գլխավորում էին Կ. Կրոսուելն ու Մ. Լիթմանը, իսկ Հյուգը հավատացնում էր, որ Արեգակնային համակարգի ստեղծման պահին չէր կարող բավարարել նյութը (մատերիան)` տասներորդ մոլորակի համար, բայց անհայտ հակադրվողն այս արգումենտին հակադրում է շատ ծիծաղելի իր արգումենտը. «Երեւում էՙ Հյուգը չի կարդացել «Էնումա Էլիշը», որտեղ հստակ ասվում է, որ Մարդուկը (աստվածը), այսինքն` մոլորակ X-ը հայտնվել է Արեւային համակարգի սահմաններից դուրս տարածքից»: Բա, գնացեք ու կարդացեք «Էնումա էլիշը»:

Նիբիրուն եւ նրա ուղեկիցներն են մեղավոր համարվում մեր համակարգի Մալդեկ մոլորակի կործանման համար, որը հիմա աստերոիդների գոտի է, նաեւ նրանք են պատճառը համակարգի մոլորակների եւ Լուսնի վրա գոյացած խառնարանների եւ ճեղքվածքների, Ատլանտիդայի, Արկտիդայի (ավանդազրույցներում հիշատակվող կործանված պետություններ) կործանման համար: Տարբեր ժամանակներում հիշատակվող անվերջանալի ջրհեղեղների պատճառը եւս համարում են Նիբիրուն: Արեգակնային եւ Սեւ աստղի (Գորշ թզուկ) համակարգերի կապող օղակն է Նիբիրուն:

Մի քանի մանրամասներ: 1978 թվականից հետաքրքրված շրջանակների ուշադրությունը գրավեց X մոլորակի թեորիան: Պլուտոնի արբանյակ Խարոնի հայտնագործումը թույլ տվեց որոշել Պլուտոնի ճշգրիտ զանգվածը, որը դուրս եկավ ավելի փոքր, քան մինչ այդ ենթադրվում-հաշվարկվում էր: Այդպիսով` հնարավոր դարձավ մաթեմատիկական ճշգրտությամբ հաշվարկել Ուրանի եւ Նեպտունի շեղումներն ուղեծրերից: ԱՄՆ-ի ռազմածովային աստղադիտարանի երկու աստղագետ` Ռոբերտ Հարինգտոնն ու Թոմ Վան ֆլանդերնը նորից վերակենդանացրին X մոլորակի գաղափարը: Նրանց է պատկանում նաեւ այն գաղափարը, որ X մոլորակն է հենց Պլուտոնին եւ Խարոնին դուրս քաշել իրենց նախկին դիրքից, այն է` Նեպտունի արբանյակները լինելուց: Այդ երկու գիտնականներն են ենթադրել նոր մոլորակի չափերը, եւ այն, որ պետք է այդ մոլորակը մեծ արտակենտրոնությամբ թեքված լինի դեպի Արեգակի պտտման հարթությունը, իսկ նրա պտտման շրջագիծն արեւի շուրջը պետք է որ շատ մեծ լինի: 1982-ին ՆԱՍԱ-ն պաշտոնապես ընդունեց այդ տեսությունը (սա փաստորեն հիպոթեզ է ընդամենը): Իսկ մեկ տարի ավելի ուշ «Վաշինգտոն պոստը» հրապարակեց IRAS-ի (ինֆրակարմիր արհեստական արբանյակի կենտրոնի) գլխավոր հետազոտող Ջերրի Նոյգեբաուերի (որը Կալիֆոռնիայի հրթիռային եւ ռեակտիվ շարժիչների հետազոտությունների լաբորատորիայի գիտաշխատող է նաեւ) հետ հարցազրույց, որտեղ ասվում էր, որ Յուպիտերի նման գիգանտ մոլորակին մոտ չափերով երկնային մարմին է հայտնաբերվել Երկրին մոտիկ տիեզերական տարածության մեջ, հնարավոր է այդ մարմինն արեգակնային համակարգության մաս է, այն հայտնաբերվել է մեր ուղեծրում պտտվող եւ Օրիոնի համաստեղությանն ուղղված տելեսկոպի միջոցով: Իսկ 1987-ին Էյմսի (Կալիֆոռնիայում) հետազոտական կենտրոնում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ պաշտոնապես հայտնվել է ՆԱՍԱ-ի աշխատակից Ջոն Անդերսոնի ենթադրությունը, թե X մոլորակը ինչ-որ տեղ մոտերքում է, մնացած ինը մոլորակներին մոտիկ: Մոլորակը հավանաբար այնքան սառն է, ըստ ենթադրությունների այնտեղ ջերմաստիճանը կարող է մինուս 459-ի հասնել ըստ Ֆարենհայթի, որ երբեք լույս չի արձակում, այդ պատճառով էլ երբեք չի ֆիքսվել երկրի տելեսկոպների կողմից: Դա հավանաբար հսկա գազային մոլորակ է` Յուպիտերի չափերի կամ մի քիչ ավելի փոքր: «Դա, փաստորեն, Պլուտոնից հետո Երկրին ամենամոտիկ երկնային մարմինն է, եւ եթե դա այդքան մոտ է, ապա նա մեր համակարգի մաս է կազմում», ենթադրում է Կոռնելի համալսարանի տիեզերական հետազոտությունների եւ ռադիոֆիզիկայի կենտրոնի գիտնական Ջեյմս Հաուկը, որը նաեւ IRAS-ի գիտական խմբի անդամ է:

Ինտերնետում մեջբերումներ կան ամերիկյան մամուլից: 1984 թ. սեպտեմբերի10-ին News World Report-ը գրում է Նիբիրուի մասին` հիմնականում վերը մեր մեջբերած տեղեկությունները:

«Նյու Յորք թայմսը», վերոնշյալ տեղեկությունները հայտնելով, ավելացնում է, թե Սեւ աստղը կամ Սեւ անցքը հիպոթետիկ մարմին է, որը մեռած աստղ է համարվում` այնքան պինդ, որ ոչ լույսը, ոչ էլ պինդ կամ գազային մասնիկները չեն կարող պոկվել նրա գրավիտացիոն դաշտից: «Նյուզուիքը» 1982 թվականի հունիսի 28-ին գրում է նույն տեղեկությունների մասին:

Չգիտենք, ինչի՞ վրա են հիմնվում աշխարհում հայտնի, նաեւ` անհայտ ու երբեմն` շառլատան պայծառատեսների գուշակությունները, որոնք մեկը մեկից պասը ստանալով` 2012 թվականին մեծ փոփոխություններ են կանխագուշակում երկրագնդի վրա:

Չգիտենք` այս բոլորի հորինվածքը որքա՞ն է` 100 տոկոս, թե՞ որոշ տոկոս ճշմարտություն կա այս բոլորի տակ, արդյո՞ք, այնուամենայնիվ, գոնե մաթեմատիկական հաշվարկներով գտնված է X մոլորակը, համենայն դեպս աշխարհի հեղինակավոր աստղաֆիզիկոսները, այդ թվումՙ մեր հայտնի աստղաֆիզիկոս Վահագն Գուրզադյանը, որի հետ հարցազրույցը «Ազգ»-ը տպագրել է նախորդ համարում, երգիծանքով քմծիծաղում են այս թեման բարձրացնողների վրա: Թե՞ միայն սենսացիա, ըստ այդմ` բիզնես ու մեծ փողեր հետապնդողների հերթական խաբեությունն է սա: Սակայն չենք կարծում, որ ողջ այս պատումը ընթերցողին հասցնելը կխանգարի նրան` ավելի սթափ եւ զանազանությամբ վերաբերվել ինտերնետի տեղեկությունների հոսքին, մանավանդ, այնուամենայնիվ, բաց լինել նորությունների հանդեպ եւ տեղեկությունների համադրման սեփական կարողությունները եւս ի գործ դնել:

Աստղաֆիզիկոսների ներողամտությունը հայցող`

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4