Արդեն քանի տարի է Բեյրութում կանոնավորապես լույս է տեսնում «Կամար» գրական-գեղարվեստական անկախ պարբերականըՙ հովանավորությամբ Գալուստ Գյուլբենկյան հիմնարկության, խմբագրությամբ Ժիրայր Դանիելյանի:
Պարբերականն առաջին իսկ թողարկումից աչքի ընկավ հրատարակչական գրագիտությամբՙ տպագրական պատշաճ մակարդակով, գեղարվեստական մշակված ներքին եւ արտաքին ձեւավորումովՙ յուրաքանչյուր համար արտահայտված հայ դասական եւ ժամանակակից նկարիչների աշխատանքների գունավոր վերատպություններով (ձեւավորումն ու էջադրումըՙ Մարալ Փանոսյանի): Վերջինՙ 9-րդ համարում զետեղված են Հովհ. Այվազովսկու, Գեւորգ Եղիազարյանի, Վաղարշակ Արամյանի, Գայանե Խաչատուրյանի, Հարություն Նագուլյանի գործերից:
«Կամարը» իր անվանը համապատասխան կոնցեպտուալ մոտեցում ու մշակութային քաղաքականություն է իրականացնումՙ մտավորական կամուրջ հանդիսանալով ինչպես սփյուռքահայ տարբեր համայնքների, նաեւ Հայաստանի գրական-մշակութային աշխարհների միջեւ: «Կամարի» ներքո մեկտեղվում է սփյուռքի եւ Հայաստանի գրողական, գրականագիտական միտքըՙ համահայկական մտավորական մթնոլորտ ստեղծելով:
Հանդեսի 112 էջերը աչքի են ընկնում գրական ժանրային տարբերակումներով, հրապարակումները գեղարվեստական եւ գրականագիտական բնույթի են. մեծ մասը զբաղեցնում է արձակ եւ չափածո էջերը, ապա եւ գրադատություն-գրախոսությունը: Որոշ էջեր տրամադրվում են հուշագրությանը եւ նամականուն: Ուշագրավ է «Կամարի» առանձին վերաբերմունքը լիբանանահայ գրականության հանդեպ. յուրաքանչյուր համար ներկայացնում է արաբ որեւէ գրողի կամ բանաստեղծի: Այս համարում Սարգիս Կիրակոսյանը համառոտ տեղեկացնում է ներկայումս Բեյրութում բնակվող Շաուգի Ապի Շագրայինՙ նրա բանաստեղծություններից մի քանիսի հայերեն թարգմանությամբ, որ աչքի է ընկնում երբեմն արտասովոր պատկերա-արտահայտչամիջոցների ընկալման հակասականությամբ: («Ծառերը թաղումներ են, տերեւներըՙ յարձակում, տիկինները կը ձգեն դրամապանակները, սանտրերը, տուփերը, եւ մերկութեան ունելիները կը հալին»):
«Կամարի» վերջին էջերը գրական-մշակութային անցնող օրերում կարեւոր նկատված իրադարձությունների մի քանի համառոտ անդրադարձերի են տրամադրված: (Կիլիկիո կաթողիկոսարանի մտավորականության հանդիպումը սփյուռքի նախարարության հայեցակարգի առիթովՙ նոր ծրագրերի առաջադրում, կարծիքներ, Արմեն Հարությունյանի «Նամակներ» գրքի շնորհանդես, Հ. Կ. Բ. Մ.-ի 40-ամյակի հանդիսություն եւ այլն): Խմբագրականի անդրադարձը Հայաստանի գրողների միության 15-րդ համագումարի եւ Հայաստան-սփյուռք գրական կապերի շուրջ է:
Գրական-գեղարվեստական բաժինը ներկայացնում է սփյուռքի եւ հայաստանցի ծանոթ եւ անծանոթ անուններՙ արձակ եւ չափածո էջերով (Անդրանիկ Սարյան, Դիանա Համբարձումյան, Զոհրաբ Գիրեջյան, Պերճուհի Ավետյան, ճանաչված մանկագիր Յուրի Սահակյան, սփյուռքի եւ Հայաստանի գրական շրջանակներում հայտնի բանաստեղծուհի Շուշիկ Տասնապետյան, Խաչիկ Տետեյան, Հակոբ Մանուկյան եւ ուրիշներ):
Չափածո հրապարակախոսական ոճի մեջ գեղարվեստական մտածողության ուշագրավ էջեր է ներկայացնում սփյուռքահայ գրական ավագ սերնդի հանրածանոթ բանաստեղծ Զարեհ Մելքոնյանըՙ հայոց հին ու նոր գոյության, լեզվի խորհրդի, օտարական ծառի ու արմատների, հայի լինելության ու նրա ապագայի բարեփոխումների մասին, մի խոսքովՙ «ուրիշ ու տարբեր հայ ժողովուրդի մը մասին»:
Ինչպես միշտ ընթերցողական ուրույն հետաքրքրություն են ներկայացնում ինքնապատումները, այս պարագայումՙ Հակոբ Ադամյանի «Հին քաղաքի չորս յիշատակ. Անջնջելի մղձաւանջներ» պատանեկան տպավորությունների եւ հետագա կյանքի փոքրիկ պատառիկները եւ Լեւոն Հախվերդյանիՙ «Շիրակ» ամսագրի խմբագրապետ Օննիկ Սարգիսյանին ուղղված նամակը, որտեղ գրականագետ-արվեստաբանը ինքնահատուկ հախվերդյանական ոճով նույն պարզ ու անմիջական մարդն ու մտավորականն է:
Համարի գլխավոր նյութը բեյրութահայ ականավոր մտավորական, անցած տարի կյանքից հեռացած Գրիգոր Շահինյանի գրական ժառանգությունն արժեւորող Պեպո Սիմոնյանի ծավալուն հրապարակումն է, որտեղ առանձին խորագրերով հոդվածագիրն անդրադառնում է Շահինյանի ժողովածուներին («Հատընտիր», «Հանդիպումներ») եւ մենագրություններին («Համաստեղ», «Գուրգեն Մահարի. վաթսունի հանգրուանին», «Ձիւներն ի վեր. մենագրութիւն Լ. Շանթի մասին», «Կենսագրութիւն եւ մատենագիտութիւն Շահան Շահնուրի», «Շահան Շահնուր. Աքսոր եւ արուեստ»): Հոդվածի առավելությունը գրականագետի մասնագիտական առանձնհատկությունների, մոտեցումների եւ անհատական բնորոշ գծերի ճշմարտացի վերհանումն է: Իր ազնվակերտ ու հանդարտաբարո մարդկային նկարագիրն ուղղակիորեն շաղկապված է լեզվամտածողությանն ու գրական սկզբունքներին. Շահինյանի գրական առատ հունձքը անուրանալիորեն ընդյալնեց հայ գրակագիտության սահմաններն ու ներքին տարածությունը, որի տիրույթներում, ըստ հրապարակագրի, Շահինյանը հանդես է գալիս որպես գիտությունն ու էսթետիկան համադրող գրադատ: Արվեստի գործի համար մարդկային ճշմարիտ ապրումի կարեւորությունից զատ նա առավելություն տալիս էր արտահայտչաձեւերին ու կերպերին հատկապես. «Ապրումը առանձին գրականութիւն չէ տակաւին, մինչ գեղեցիկ լեզու մը արուեստ է արդէն»: Նրա խորաթափանց հայացքի ու քննական մտքի ներքո գրական շատ ստեղծագործություններ ու դրանց հեղինակներ միանգամայն նորովի արժեւորվում ու մեկնաբանություն են ստանումՙ իրենց բնորոշ հատկություններով, լեզվական նրբություններով: Եվ դա այդպես է, քանի որ ինքըՙ Գրիգոր Շահինյանը, կոչումով մանկավարժՙ որոնող-ստեղծագործող էրՙ ներքին շարժման հոգեւոր լույսի մեջ: Ինչպես գրում է հոդվածագիրը. «Գրիգոր Շահինեանի գրադատական գրիչը մտաւորական պարկեշտութեան ցուցանիշն է, որը համահայկական հնչեղութիւն ունէր»:
Գրականագիտական ուրույն մոտեցում եւ նորություն է ի հայտ բերում Արթուր Անդրանիկյանի «Եղիշէ Չարենց-Նիկողոս Սարաֆեան. Ուրուագիծ մը գրական դիմանկարներու խորքէն» հրապարակումը, որտեղ զուգահեռներն անցնում են Չարենցի «Գիրք ճանապարհի» եւ Սարաֆյանի «Տեղատուութիւն եւ մակընթացութիւն» ժողովածուների եւ դրանց հեղինակներիՙ երկու միանգամայն տարբեր իրականություններում եւ «անհատական ժամանակի» մեջ ապրած ստեղծագործական նկարագրերի ընդհանրությունների միջեւ:
Սփյուռքում լույս տեսած մի շարք նորընծա գրքերի մասին գրախոսություններ են ներկայացնում Սարգիս Վահագնը («Ձայն բազմաց...»-բանաստեղծությունների ժողովածու), Նազարեթ Թոփալյանը (Վիքթոր Կարտոն. «Աննախընթաց եւ անկրկնելի ոդիսական մը» «LE VANETZI»), Պարույր Աղբաշյանը (Պերճ Թերզեան «Հայ-եգիպտական հայեացքներ պատմութեան, քաղաքականութեան եւ մշակութային ժառանգութեան մասին»), Հակոբ Մանուկյանը (Խաչիկ Տէտէեան «Դարասկզբի մտորումներ»):
Գրական-մշակութային լուրջ ծրագրերի, հրատարակությունների օրեցօր սակավացող մերօրյա պայմաններումՙ այն էլ սփյուռքյան, իրապես դրվատելի է «Կամարի» անընհատությունն ապահովող խմբագրակազմի եւ հովանավորի գործունեությունը:
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ