«Ժողովրդավար լրագրողների լիգա» կազմակերպությունը 2009-ին անցկացրել է մոնիտորինգ` հայտնաբերելով ադրբեջանական ԶԼՄ-ներում խոսքի ազատության խախտման 325 դեպք: Հրապարակված զեկույցում նշվում է, որ նախորդ տարի 11 դատական հայց է ներկայացվել 8 ԶԼՄ-ի, որոնցից են Gyundelik Baki, Yeni Musavat, Fanat. az, Internet TV AN կայքերը: Անցյալ տարի լրագրողների վերաբերյալ ընդունվել է 242 դատական հայց, իրավապահ մարմինները ձերբակալել են ԶԼՄ-ների 9 ներկայացուցչի: Զեկույցում արձանագրվել է ոստիկանների ու քաղաքացիական անձանց կողմից լրագրողների ծեծի ու ահաբեկումների 40 դեպք: Լուրջ խոչընդոտներ են գրանցվել թերթերի տարածման առնչությամբ: Արձանագրվել է թերթերի տարածմանը խոչընդոտող 11 դեպք:
Ի դեպ, հունվարի 22-ին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Ադրբեջանի ազգային կոմիտեի գրասենյակում քաղաքացիական հասարակության ինստիտուտների ներկայացուցիչների մասնակցությամբ անցկացվել է քննարկում Ադրբեջանում խոսքի ազատության իրավիճակի եւ այդ բնագավառում ձեռնարկվելիք միջոցառումների վերաբերյալ: Azadlig.az պարբերականի փոխանցմամբ, իրավապաշտպան Արզու Աբդուլլաեւան հայտնել է, որ Ադրբեջանում խոսքի եւ ազատ արտահայտման բնագավառում իրավիճակը լարված է: «Այդ իրավիճակից դուրս գալու համար անհրաժեշտ է ակտիվացնել հասարակությանը, որպեսզի դուրս գա ապատիայից, ու գնահատի իրադարձությունները»: Նա կոչ է արել միջազգային կազմակերպություններին` ուժեղացնել ջանքերը բանտարկյալ լրագրողներ Գանիմաթ Զահիդին եւ Էյնուլլա Ֆաթուլաեւին, բլոգերներ Ադնան Հաջիզադեին ու Էմին Միլլին բանտարկությունից ազատելու համար: Լրագրող Շահվելեդ Չոբանօղլուն էլ առաջարկել է համարժեքորեն դիմակայել երկրում խոսքի ազատության ճնշումներին:
Ադրբեջանում քաղբանտարկյալների ու հատկապես խոսքի ազատության խնդիրը մտահոգություններ է առաջացրել նաեւ Եվրոխորհրդում: «Թուրանի» տեղեկացմամբՙ նախօրեին ԵԽ-ի գլխավոր քարտուղար Տյուրբորն Յագլանդը անդրադառնալով ազատազրկման մեջ գտնվող բլոգերներին եւ լրագրողներին, նշել է. «Սա շատ կարեւոր հարց է, որը մենք հաճախ ենք բարձրացնում ադրբեջանական իշխանությունների հետ քննարկումների ժամանակ: Հուսանք, որ Ադրբեջանը կգտնի քաղաքական կամքՙ երկրում խոսքի ազատության հետ կապված խնդիրները հարթելու ու ժողովրդավարություն հաստատելու»:
Հ. Հ.