«Ազգ»-ը բազմիցս է անդրադարձել հարեւան Ադրբեջանից եկող սուտ կամ, ավելի մեղմ ասած, կեղծ լուրերին ու տեղեկություններին: Ընդ որումՙ այդ լուրերը վերաբերում են Ադրբեջանի ամենատարբեր ոլորտներին` «բուն ադրբեջանական տարածքներ», բանակ, տնտեսություն, խոսքի ազատության իրավունք, մարդու իրավունքներ եւ այլն: Երեկ ադրբեջանական «Վեստի.ազ» կայքը նորացրեց ադրբեջանական ստերի շտեմարանը` այն էլ բավական զավեշտալի ձեւով:
Գաղտնիք չէ, որ եթե մարդը դիմում է աշխատանքի տեղավորման գործակալություն, ապա նա փնտրում է աշխատանք, հետեւաբար այդ պահին աշխատանք չունի: Սակայն պարզվում է, որ հարեւան պետության համար դա «գաղտնիք» է: Իսկ հիմաՙ ամեն ինչ հերթով: «Վեստի.ազ»-ը երեկ անմիջապես իրար հարեւանությամբ տեղադրել էր երկու հոդված: Մեջբերենք նրանց վերնագրերը. առաջին հոդվածը`«2009-ին Ադրբեջանում աշխատանքի տեղավորման գործակալություններ դիմել են երկրի 46 հազար 467 քաղաքացիներ», այժմ երկրորդը` «2009-ին Ադրբեջանում գործազուրկների թիվը կազմել է 5086 մարդ»: Ինչպես ասում են` խոսքերն այստեղ ավելորդ են. հարեւան երկրում միեւնույն տեղեկատվական աղբյուրը մեկ ստում է, մեկ էլ միանգամից ուղղում իր սուտը: Բայց ուղղո՞ւմ է արդյոք, ո՞վ գիտե, թե քանի հազարի, իսկ միգուցե նաեւ միլիոնի են հասնում գործազուրկները Ադրբեջանում: Միայն Մոսկվայում միգրանտ-ադրբեջանցիների թիվը շուրջ մեկ միլիոն է կազմում (համաձայն Մոսկվայի քաղաքապետարանի վիճակագրական տվյալների-Հ.Ա.), ո՞ր ցուցակում են նրանք հաշվառված` գործազուրկների՞, թե՞ աշխատանքով ապահովվածների: Երբ հաշվում են Ադրբեջանի բնակչության թիվը, ապա կոնկրետ Մոսկվայում շուրջ մեկ միլիոնին «միացվում» է էլի մեկ միլիոնը, եւ նրանք բոլորը Ադրբեջանի քաղաքացիներ են, սակայն գործազուրկներին հաշվելիս Բաքուն «մոռանում» է արտերկրում ապրող իր քաղաքացիներին, նույնիսկ Ադրբեջանում ապրողները «չեն համարվում» Ադրբեջանի քաղաքացիներ:
Ոչինչ, հարեւաններ ենք, մի օր ամեն բան կիմանանք միմյանց մասին` ամենայն ճշգրտությամբ:
Հ. Ա.