ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ
Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացների, ի մասնավորի հայ-թուրքական հարաբերությունների ներկա զարգացումների բարդ համապատկերում կարեւորագույն ներդրում է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, արեւելագետ Նիկոլայ Հովհաննիսյանի «The Armenian Genocide» գրքի լույս ընծայումըՙ միաժամանակ 10 (անգլերեն, ֆրանսերեն, թուրքերեն, պարսկերեն, ճապոներեն, արաբերեն, գերմաներեն, հունգարերեն, ռուսերեն, հայերեն) լեզուներով: Գրքի տպագրությունն իրականացվել է «Զանգակ-97» հրատարակչատանըՙ տնօրեն Սոկրատ Մկրտչյանի անմիջական աջակցությամբ: Շնորհանդեսը տեղի ունեցավ երեկՙ Թեքեյան մշակութային միության դահլիճում Արմենական-ՌԱԿ Հանրապետական վարչության դիվանի անդամ Գայանե Մուրադյանի բացման խոսքով: Սովորաբար, շնորհանդեսային արարողություններ մերժող, 160 աշխատությունների, 60 մենագրությունների հեղինակն այս անգամ տեղի է տվել իր համար շատ հարգելի անձնավորությանՙ Հակոբ Ավետիքյանի հորդորներին, քանի որ դա Արմենական-ՌԱԿ-ի որոշումն է եղել:
Գիրքը հանգամանորեն ներկայացվեց կուսակցության Հանրապետական վարչության անդամ, պատմական գիտությունների թեկնածու Սուրեն Սարգսյանի գրավոր ելույթով: Նա անդրադարձավ ցեղասպանության պատճառների (էթնիկական, աշխարհագրական, պատմական, տնտեսական, կրոնական, նաեւ հոգեբանական, պաթոլոգիկ) եւ բնույթի հեղինակային բացահայտումներին, ցեղասպանությունների ուսումնասիրությունների համար կարեւոր նկատվող հանգամանքինՙ նախադրյալներին (այս պարագայում կայսրությունում սկսված բռնի թուրքացում եւ օսմանյան ազգի ձեւավորում, որին խոչընդոտում էր հայը եւ պանթուրքիզմը, որի նպատակն էր թուրքական պետության ստեղծումը, եւ որի ճանապարհին հայերը խոչընդոտող տարր էին):
Բանախոսն անդրադարձավ նաեւ արաբական պատմագիտության մեջ Հայոց ցեղասպանությունը կարեւորելու պատճառներին (միեւնույն աշխարհագրական տարածք, թուրքերի պատճառով արաբական հզոր պետության կործանում, արաբական երկրներում բնակվող ստվար քանակությամբ հայ համայնքների գոյություն), արաբ պատմաբանների ուսումնասիրություններում փաստարկված, համոզիչ տեսակետներին, ինչպես եւ լիբանանցի ցեղասպանագետ Մուսա Պրեսնիՙ Ռաֆայել Լեմկինի «Գենոցիդի» հետեւությամբ ստեղծված «Արմենոցիդ» տերմինինՙ որպես «ամենամեծ, ամենածանր, ամենանողկալի, ամենագենոցիդային գենոցիդ», նախապես եւ մանրամասն ծրագրված գործողություն եւ մանավանդ ընդգծելով արմենոցիդի եւ մյուս գենոցիդների միջեւ եղած տարբերությունները, հեղինակի համակարծիք լինելը արաբ պատմիչների այն կարծիքներին, ըստ որի ցեղասպանության պատժելիությունը միջազգային իրավունքի տեսակետից վաղեմություն չունի եւ որ Հայոց ցեղասպանության անպատժելիությունը պատճառ դարձավ XX դարում տեղի ունեցած մի շարք ցեղասպանությունների. համամարդկային այս ոճրագործությունը սկիզբ դրեց գիտության մեջ նորՙ ցեղասպանագիտության ճյուղի զարգացմանը: «Հայոց ցեղասպանությունը դուրս եկավ «մոռացության շրջանից», սկսվել է արմենոցիդի ճանաչման դարաշրջանը, որի արձագանքները կան նույնիսկ Թուրքիայում, եւ այդ հարցում մեծ է արաբական պատմագիտության դերը:
Այս խիստ արդիական ու կարեւոր հարցում անուրանալի է նաեւ պրոֆ. Հովհաննիսյանի ներդրումը, ում կյանքը բացառիկ օրինակ է արդարության պաշտպանությանը, գիտությանը, մարդասիրությանը», ասաց նա:
Գիտնականի վաստակի արժեքավոր գնահատումով ելույթ ունեցավ պատմական գիտությունների դոկտոր, արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը ՙ Հայոց ցեղասպանության մասին եղած բազմաթիվ աշխատանքների մեջ այս մեկն առանձնացնելովՙ որպես գիտական սկզբունքային մոտեցմամբ ուսումնասիրություն, որտեղ փաստարկված են ցեղասպանության նախապատրաստման հանգամանքները եւ պետականորեն պլանավորված լինելը: Եվ ամենակարեւորը գրքիՙ բազմալեզվյա թարգմանությունների աննախադեպ այս մեկտեղումն է, մանավանդ աշխարհի բախտը լուծող արեւմուտքի երկրների լեզուներով:
Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆ. Աելիտա Դոլուխանյանը գիրքը համարեց իրավական փաստաթուղթ եւ առաջարկեց այն ուղարկել աշխարհի մեծ երկրների նախագահներին եւ գիտությունների ակադեմիաներին, ինչպես նաեւ 2003-ին ԱՄՆ-ում լույս տեսած «Դժոխքից» գրքի հեղինակ Սամանթա Փաուերին, որի աշխատության առաջին 17 էջերը նվիրված են Հայոց ցեղասպանությանը. այնտեղ գրված է կոտորված 1 մլն հայերի մասին:
Շնորհանդեսն ավարտվեց հեղինակի ծավալուն ելույթով, որ ունկնդրվեց որպես արժեքավոր դասախոսությունՙ ուսումնասիրվող նյութի մասին բազմաթիվ կարեւոր փաստերի եւ իրողությունների տեղեկություններով:
Նշելով XX դարի բացառիկ դերը մարդկային պատմության մեջՙ համաշխարհային 2 եւ մեկ սառը պատերազմների, միջուկային զենքի եւ ցեղասպանությունների իրողություններով, Նիկոլայ Հովհաննիսյանը ընդգծեց գիտական մտքի աննախադեպ վերելքը, ինչպես նաեւ ցեղասպանագիտության: Ըստ նրա, շատ մասնագետներ 20-րդ հարյուրամյակը համարում են ցեղասպանության դարաշրջան: Ցեղասպանությունների միջազգային ասոցիացիայի, որի անդամներից է նաեւ ինքը, աշխատանքներից մեզ համար կարեւոր Ֆլորիդայում կայացած միջազգային կոնգրեսը կրում էր «90 տարի հայկական ցեղասպանությունից եւ 60 տարի Հոլոքոսթից հետո» խորագիրը, որտեղ դրված էին հայերի երկու հիմնական պահանջները. այն էՙ 1915-ի դեպքերը ցեղասպանություն են եւ երկրորդ, որ դա առաջին ցեղասպանությունն է: Իսկ ցեղասպանություն տերմինի նախարմատների մեջ որոշակի է եղել հայկական ցեղասպանության գործոնի ներկայությունըՙ ըստ Ռաֆայել Լեմիլինի եզրակացության: Կարեւոր ներդրում է եղել նաեւ Իսրայել Չառնիի այն տեսակետը, որ ցեղասպանությունը հանցանք է ոչ թե մի ժողովրդի, այլ ամբողջ մարդկության հանդեպ, որն, ըստ էության, ճանապարհ հարթեց առաջադեմ մտածողներիՙ ցեղասպանությունների դեմ մղվող միջազգային պայքարում: Կարեւոր է եղել կոնգրեսի ցեղասպանությունների ժխտման հարցը թեման, որտեղ հատուկ սեկցիան գլխավորել է թուրք պատմաբան Թաներ Աքչամը. «Բոլոր ցեղասպանությունները հայկականից սկսած, Դարֆուրը, Ռուանդան, Ուգանդան, ունեն իրենց հերքողները, այդ թվում նաեւ Հոլոքոսթը, բայց հետաքրքրական էր Թաներ Աքչամի եզրակացությունըՙ «Ցեղասպանությունների հերքման ինդուստրիան ստեղծում է Թուրքիան»: Նա արժանին մատուցեց նաեւ խորհրդային տոտալիտար պայմաններում խիստ գրաքննության տակ դրված թեմաներից հայկական ցեղասպանության ճանաչման համար պայքարող իր կոլեգաներինՙ Մարատ Խարազյան եւ ուրիշներ:
Աշխատությունը, որ հիմնված է հեղինակի չորս մենագրությունների հիման վրա, առաջինը հրապարակվել է անգլերենով, որին հետեւել են մյուս լեզուներով հրատարակությունները, հետաքրքրական էին գրքիՙ ճապոներենով եւ պարսկերենով լույս ընծայման պատմությունները:
Թվում էրՙ անսպառ է հեղինակի ասելիքը, եւ հատկապես ուսանելի անհրաժեշտ տեղեկություններով, նաեւ հուսադրող էր Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի նրա ներկայացրած հենց միայն թվային փաստըՙ աշխարհի 20 պետություն, բազմաթիվ երկրների վարչական միավորներ, ԱՄՆ 50 նահանգներից 42-ը, միջազգային հեղինակավոր կազմակերպություններ, միություններ:
Նկար 1. Նիկոլայ Հովհաննիսյան եւ Սուրեն Սարգսյան