«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#10, 2010-01-23 | #11, 2010-01-26 | #12, 2010-01-27


«ԱՄԵՐԻԱԲԱՆԿՆ» ԱՌԱՋԱՏԱՐ Է ՄԻ ՇԱՐՔ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐՈՎ

Այդ մասին հայտնեց բանկի տնօրենության նախագահ-գլխավոր տնօրենը

«Ամերիաբանկի» 2009-ին արձանագրած տարեկան ցուցանիշները երեկ լրագրողներին ներկայացրեց բանկի տնօրենության նախագահ-գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը : Նա ընդգծեց, որ մի շարք ցուցանիշներում արձանագրված աճի տեմպերով «Ամերիաբանկը» Հայաստանի բանկային համակարգում առաջինն է եղել անցյալ տարի: Մասնավորապես, ըստ բանկի գլխավոր տնօրենի, բանկի ակտիվներն աճել են ավելի քան կրկնակի եւ կազմել 103 մլրդ դրամ, վարկային ներդրումներն աճել են 73 տոկոսով եւ կազմել 54 մլրդ դրամ, 3 անգամ աճել են պարտավորությունները հաճախորդների նկատմամբ եւ 3 անգամ էլ ընդհանուր պարտավորությունները:

Տեղեկացվեց նաեւ, որ բանկի կապիտալն աճել է 7 տոկոսովՙ հիմնականում շնորհիվ շահույթի ավելացման: 2009-ին բանկի շահույթը կազմել է 1,5 մլրդ դրամ: Արտակ Հանեսյանը նշեց, որ մեծ ծախսեր են կատարվել մեր բիզնեսի կայացման եւ զարգացման համար:

Իրականացված ծրագրերի մասին խոսելով, «Ամերիաբանկի» ղեկավարը մատնանշեց ավանդների ամբողջական ապահովագրումըՙ «Ռոսգոսստրախի» միջոցով, ինչի շնորհիվ բանկում ներդրված միայն ֆիզիկական անձանց ավանդներն աճեցին 7,5 անգամ: Անցյալ տարի պայմանագրեր են կնքվել Միջազգային ֆինանսական կորպորացիայի եւ այլ միջազգային ֆինանսական կառույցների հետ, ներգրավվել են վարկային միջոցներ: Այս տարի նույնպես, Արտակ Հանեսյանի տեղեկացմամբ, նախատեսվում են նման պայմանագրերի կնքում եւ մոտ 50 մլն դոլարի լրացուցիչ միջոցների ներգրավում:

Ինչ վերաբերում է 2010-ի համար նախատեսված ցուցանիշներին, ապա բանկը պլանավորել է այս տարի ունենալ ակտիվների 25 տոկոս աճ, վարկավորման 30 տոկոս աճ եւ կապիտալի 10 տոկոս աճ: Բանկի տնօրենության նախագահ-գլխավոր տնօրենը նշեց, որ բանկի չաշխատող ակտիվները չնչին մաս են կազմումՙ 0,17 տոկոս:

Պատասխանելով լրագրողներից մեկի հարցինՙ Արտակ Հանեսյանն անդրադարձավ կորպորատիվ արժեթղթերի շուկայում բանկի գործունեությանը: Նա տեղեկացրեց, որ բանկը բարձրացրել էր արտարժույթով արժեթղթերի թողարկման հարցը ոչ ռեզիդենտ կազմակերպությունների համար: Ապա գլխավոր տնօրենը հույս հայտնեց, որ Կենտրոնական բանկի հետ համատեղ նման ծրագիր կիրականացվի եւ թույլ կտրվի նման արժեթղթեր թողարկել: 2010-ին «Ամերիաբանկը», բացի Հայաստանի կորպորատիվ շուկայում ծավալած գործունեությունից, ծրագրում է նաեւ դուրս գալ ամերիկյան եւ ռուսական շուկաներ ու ներդրումներ կատարել այդ երկրներում շրջանառվող արժեթղթերի մեջ:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4