«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#11, 2010-01-26 | #12, 2010-01-27 | #13, 2010-01-28


ԹՄՄ-Ն ՊԱՏՎՈՒՄ Է hԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ 18-ԱՄՅԱԿԸ ԵՎ ՄԱԿ-ՈՒՄ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ԴԵՍՊԱՆՙ ՆԱԶԱՐՅԱՆԻՆ

Ճանաչված լրագրող Ֆլորենս Ավագյանը Նյու Յորքից հաղորդում է, որ Թեքեյան մշակութային միության Նյու Յորքի եւ Նյու Ջերսիի մասնաճյուղերի կազմակերպությամբ եւ հովանավորությամբ, Նյու Ջերսիի «Պալիսադիում» շքեղ համալիրում հունվարի 22-ին ԱՄՆ-ի արեւելյան ափի հայ համայնքների ղեկավարների, ներկայացուցիչների եւ ազգային բարերարների մասնակցությամբ տեղի է ունեցել տոնախմբությունՙ նվիրված ՄԱԿ-ում Հայաստանի նորանշանակ դեսպան Կարեն Նազարյանին եւ հայոց բանակի ստեղծման 18-րդ տարեդարձին:

Ամերիկյան եւ հայկական ազգային օրհներգերի կատարումից հետո ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են Ղարաբաղում զոհված մարտիկների հիշատակը: Դոկտ. Սվետլանա Ամիրխանյանը խորհրդանշական կենաց է առաջարկել ի պատիվ բոլոր մայրերի, որոնց որդիները ծառայում են հայոց բանակում, եւ բոլոր նրանց հիշատակին, ովքեր զոհվել են հայրենիքի պաշտպանության դիրքերում:

ԹՄՄ-ի Նյու Յորքի եւ Նյու Ջերսիի մասնաճյուղերի ատենապետ Հակոբ Վարդիվառյանը ջերմորեն ողջունելով դեսպան Կարեն Նազարյանին եւ տիկնոջըՙ Նանային, տեղեկացրել է, որ ԱՄՆ-ում առաջին անգամ է նշվում հայոց բանակի օրը:

Հանդիսությանը ներկա են եղել Վաշինգտոնում Հայաստանի դեսպանատան պաշտպանության գծով կցորդ փոխգնդապետ Մեսրոպ Նազարյանը իր տիկնոջՙ Ռուզաննայի հետ, Վաշինգտոնում Ղարաբաղի ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը, ԹՄՄ-ի կենտրոնական վարչության փոխատենապետ Երվանդ Ազատյանը, բարերար Անդրեաս Ռուբյանըՙ Պրիյա Կատրագադդայի հետ, դոկտ. եւ տիկին Մարիան Հուսեփյանները, Նազար եւ Արտեմիս Նազարյանները, Էդուարդ եւ Կարմեն Գյուլբենկյանները, Վահրամ եւ Լյուսիեն Այնիլյանները, դոկտ. Րաֆֆի եւ Վիքի Հովհաննիսյանները, Բաբկեն եւ Անահիտ Մկրյանները, Վան եւ Պրիսիլա Գրիգորյանները, Սարգիս եւ Մարալ Զեբեջյանները եւ դոկտ. Գյուլեքչյանը:

«ԹՄՄ-ն իսկական մշակութային կազմակերպություն է, որն ավելի քան որեւէ այլ կամակերպություն, պահպանում է հայոց լեզուն: Այս միջոցառումը բոլորիս համար է: Հայաստանը 15 նահանգներ ունի պատմական Հայաստանում, որոնցից չորսն արդեն ազատագրված են», իր խոսքում ասել է Հակոբ Վարդիվառյանը , հպարտությամբ ավելացնելով, որ առաջիկա տասնամյակներում մյուսներն էլ են ազատագրվելու: Նա հատկապես նշել է հաջողակ ձեռնարկատեր, դասախոս, արվեստի գործերի հավաքորդ եւ 1980-90-ականներին ԱՄՆ-ում գործող «Ղարաբաղ» կոմիտեի ատենապետ Անդրեաս Ռուբյանի անունը, ով անխոնջ նվիրվածությամբ օգնել է Ղարաբաղի զինվորներին: Այդ կոմիտեն նաեւ բազում բարեգործական միջոցառումներով օգնել է այրիացած կանանց, որբացած երեխաներին եւ պատերազմից ողջ մնացածներին:

Իր պատասխան ելույթում Ռուբյանը նշել է, որ սփյուռքահայերից ոմանք սկզբնական շրջանում համամիտ չեն եղել կոմիտեի ստեղծման գաղափարին, բայց Քելբաջարի ազատագրումից հետո վերանայել են իրենց դիրքորոշումը:

«Այս հաղթանակը երեւույթ էր, քանի որ մինչ այդ գործող անկազմակերպ խմբավորումը դարձավ կազմակերպված, կանոնավոր բանակ եւ ապացուցեց, որ Հայաստանը, Ղարաբաղը եւ սփյուռքը միասնական են», ասել է նա ծափողջյունների տարափի ներքո, ավելացնելով. «Մենք միշտ ենք միասնական լինելու եւ հաղթելու ենք»:

Այնուհետեւ ցուցադրվել է հայկական փառապանծ բանակի մասին պրոֆեսիոնալ մակարդակով արված մի տեսաֆիլմ:

ՄԱԿ-ում Հայաստանի նորանշանակ դեսպան Կարեն Նազարյանը, որը նախկինում Ռուսաստանում, Ժնեւում եւ Իրանում դիվանագիտական հարուստ փորձ է կուտակել, հարգանքի տուրք մատուցելով հայկական բանակին, այն անվանել է «Հայկական պետականության ամենակարեւոր կառույցներից մեկը, որն իրականություն դարձավ աշխարհասփյուռ հայերի անսասան նվիրվածության եւ տքնաջան ջանքերի շնորհիվ»: «Մեր մարտիկների հերոսական սխրանքները եւ 18-ամյա պատմությունը մեր բանակի հայրենասիրության հրաշալի դասեր են հաջորդ սերունդների համար: Այսօր հայկական բանակն իրավամբ դիտվում է որպես հաղթական եւ ազատագրական բանակ: Մեր ժողովուրդը վստահում եւ հավատում է մեր բանակին, որը տարիների ընթացքում մշտապես բարելավվել է, ամրացել եւ նորացվել: Այսօր հայկական բանակը մեր խաղաղ կյանքի գլխավոր երաշխավորն է եւ կարեւոր գործոնըՙ տարածաշրջանի կայունության ու անվտանգության: Վստահ ենք, որ բանակը շարունակելու է պատվով կատարել իր պարտավորությունները», ասել է նա, շնորհավորելով ամերիկահայ համայնքի բոլոր այն անձանց, ովքեր իրենց անգնահատելի ներդրումն են ունեցել հայկական բանակի կայացման եւ հզորացման գործում: «Թող Աստված պաշտպանի մեր բանակը: Փառք մեր հայ զինվորներին եւ կեցցեն Հայաստանի Հանրապետությունն ու հայկական սփյուռքը», հնչեցրել է նա ներկաների հոտընկայս ծափահարությունների ներքո:

Տոնախմբությունը եզրափակել է Հայաստանյայց եկեղեցու Արեւելյան թեմից ծայրագույն վարդապետ Հայկազուն Նաջարյանը, որ ներկայացրել է Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանին, որը չի կարողացել ներկա գտնվել միջոցառմանը հոր մահվան պատճառով: «Երբ նշում ենք մեր ռազմական հաջողությունները եւ հպարտանում, դա մեզ հավատ է ներշնչում մեր ապագայի հանդեպ: Պատերազմները միայն մարտադաշտում չեն մղվում, դրանք մղվում են տարբեր ոլորտներում, ներառյալ դիվանագիտական ոլորտում, եւ մենք այսօր ուրախ ենք, որ ՄԱԿ-ում ունենք Կարեն Նազարյանի նման մի դեսպան, որ առաջ է տանում այդ կարեւոր պայքարը: Մենք նրան ամենայն հաջողություն ենք մաղթում», ասել է նա:

Երեկոն հագեցած է եղել նաեւ մշակութային հարուստ ծրագրով, որին մասնակցել են Նորա Արմանին, Ժիրայր Փափազյանը (որոնք մեծ հաջողությամբ վերջերս Նյու Յորքում ելույթ են ունեցել), ջազային ժանրի ջութակահար Ժաննա Սարյանը, երգչուհի Անի Զերջերյանըՙ Վաղարշակ Օհանյանի դաշնամուրային ընկերակցությամբ եւ «Աղթամար» պարային համույթը գեղարվեստական ղեկավար Սիլվա Ասատուրյանի առաջնորդությամբ:

Տոնախմբության հաջողությանը մեծապես նպաստել են ԹՄՄ-ի Նյու Յորք, Նյու Ջերսի մասնաճյուղերի ատենապետ Հակոբ Վարդիվառյանը, փոխատենապետ Հարութ Չաթմաճյանը, քարտուղարուհի Բեթի Սալբաշյանը, գանձապետուհի Սիրվարդ Տեմիրճյանը, խորհրդականներ դոկտ. Սվետլանա Ամիրխանյանը, Շմավոն Ադամյանը, Շողիկ Շալյանը, Լուսինե Ճերճերյանը, Վարդան Իլանջյանը, Մելինե Խեկոյանը եւ Գրիգոր Մարգարյանը:

Թարգմ. Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4