«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#11, 2010-01-26 | #12, 2010-01-27 | #13, 2010-01-28


ԱԱԽ ՔԱՐՏՈՒՂԱՐՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՄԱՆՈՒՉԵՀՐ ՄՈԹԱՔԻԻՆ ԵՎ ԵԱՀԿ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ

ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը հունվարի 27-ին ընդունել է Իրանի արտգործնախարար Մանուչեհր Մոթաքիին : Քննարկվել են երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր: Երկուստեք նշվել է, որ հայ-իրանական դարավոր բարեկամությունը պետք է առավել ամրապնդել Հայաստանի եւ Իրանի միջեւ տարբեր ուղղություններովՙ հարաբերությունների ընդլայնմամբ ու խորացմամբ: Կողմերը կարեւորել են տարածաշրջանային անվտանգության ամրապնդման ուղղությամբ հայ-իրանական համագործակցության զարգացումը: Արթուր Բաղդասարյանն ընդգծել է Հայաստան-Իրան երկաթգծի եւ ավտոմայրուղու կառուցման, էներգետիկ ոլորտում առկա երկկողմ պայմանավորվածությունների լիարժեք իրականացման կարեւորությունը:

Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ հայ-թուրքական հարաբերությունների եւ ԼՂ հիմնախնդրի կարգավորման` վերջին շրջանի զարգացումներին: Հյուրի խնդրանքով Արթուր Բաղդասարյանը ներկայացրել է այս խնդիրների վերաբերյալ հայկական կողմի տեսակետը` վերահաստատելով, որ Հայաստանը կողմնակից է տարածաշրջանում կայունության եւ խաղաղության ամրապնդմանը, հարեւանների հետ հարաբերությունների կարգավորմանը: Քննարկվել են նաեւ տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր:

Նույն օրը ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն ընդունել է ԵԱՀԿ պատվիրակությանը Ղազախստանի քաղաքական պլանավորման կոմիտեի նախագահ Տալգատ Կալիեւի գլխավորությամբ:

Տալգատ Կալիեւը ներկայացրել է Ղազախստանի կողմից ԵԱՀԿ նախագահության ընթացքում իրականացվելիք քայլերը եւ ընդգծել, որ որպես ԵԱՀԿ նախագահող երկիր Ղազախստանը հատուկ ուշադրություն է դարձնում կովկասյան տարածաշրջանին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ԵԱՀԿ շրջանակում Հայաստանի եւ Ղազախստանի համագործակցությանը վերաբերող հարցեր: Արթուր Բաղդասարյանը վստահություն է հայտնել, որ Ղազախստանի նախագահության շրջանում ԵԱՀԿ աշխատանքն ավելի կակտիվանա: Նա նշել է, որ Հայաստանը կողմ է տարածաշրջանում երկարատեւ խաղաղության ու կայունության հաստատմանը:

Տալգատ Կալիեւը տեղեկացրել է, որ փետրվարին տարածաշրջան, այդ թվում` Հայաստան կայցելի ԵԱՀԿ գործող նախագահը:

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի գրասենյակ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4