«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#11, 2010-01-26 | #12, 2010-01-27 | #13, 2010-01-28


ՉԱՎՈՒՇՕՂԼՈՒԻՑ ՎԱԽԵՆԱԼ ՊԵՏՔ ՉԷ

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նորընտիր նախագահ Մովլութ Չավուշօղլուն վերջերս ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությանը հարցազրույց էր տվել, որտեղ ցուցաբերել է բավական միակողմանի դիրքորոշում ինչպես հայ-թուրքական գործընթացների, այնպես էլ Ղարաբաղի հետ կապված: Այս փաստը, բնականաբար, չէր կարող չանհանգստացնել ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակությանը. ազգությամբ թուրք Չավուշօղլուն կարող է իր դիրքորոշումները գործի կոչել: Այս առիթով «Պանորամա.ամ» կայքը հարցազրույց է վերցրել ԵԽԽՎ-ում Հայաստանի մշտական ներակայցուցիչ Զոհրաբ Մնացականյանից : Անդրադառնալով Չավուշօղլուի հայտարարություններին` Մնացականյանը նշել է, թե նախ վստահ չէ, որ թուրք պաշտոնյան իրոք նման բաներ է ասել. «Բայց եթե դա համապատասխանում է իրականությանը, ապա, կարծում եմ, եւ բոլորս էլ հասկանում ենք դա, նման կողմնակալ դիրքորոշումը հանում է բոլոր հիմքերը ԵԽԽՎ նախագահի համար` դրական դեր խաղալու ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ»: Մնացականյանը ավելացրել է նաեւ, որ ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակությունն արդեն քայլեր է ձեռնարկում իրավիճակի հետ կապված հստակեցումներ մտցնելու եւ համապատասխան գործողություններ ձեռնարկելու ուղղությամբ:

Իսկ «Պանորամա»-ի այն հարցին, որ եթե Չավուշօղլուն իրոք նման բան ասել է, ապա Հայաստանն ի՞նչ է անելու միջազգային հանրությանը տեղյակ պահելու, որ թուրք պաշտոնյան իր պաշտոնն օգտագործում է հայրենի երկրի եւ նրա դաշնակիցների նեղ շահերին ծառայելով, Մնացականյանը պատասխանել է. «Երբ մենք ճշտենք, կհստակեցնենք նաեւ բոլոր մանրամասները, դրանից հետո, բնականաբար, քայլեր կձեռնարկենք, վստահեցնում եմ նաեւ, որ մենք հանդիպում կունենանք նաեւ անձամբ Չավուշօղլուի հետ»:

Հ. Ա.

Երեկ ուշ գիշեր ՀՀ ԱԺ հասարակության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը տեղեկացրեց, որ ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակությունը եւ դեսպան Զոհրաբ Մնացականյանը հանդիպել են Մեվլութ Չավուշօղլուի հետ եւ բացատրություն պահանջել ԱՊԱ-ին տված հարցազրույցի կապակցությամբ: Չավուշօղլուն պարզաբանել է, որ ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը մեկնաբանել է իր խոսքերը, որի արդյունքում խեղաթյուրվել է իր ասածի իմաստը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4