Թուրքական մամուլը արձագանքում է Սարգսյան-Ալիեւ հանդիպմանը
Հ. ՉԱՔՐՅԱՆ
Հունվարի 25-ին Սոչիում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը վերստին հանդիպեց ադրբեջանցի պաշտոնակից Իլհամ Ալիեւի հետ: Սա նրանցՙ 2008-ի նոյեմբերից ի վեր, ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի միջնորդությամբ իրականացված, 6-րդ հանդիպումն էր: Հանդիպումից հետո Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներն առանձին հանդիպում ունեցան նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի մասնակցությամբ:
Սարգսյան-Մեդվեդեւ-Ալիեւ հանդիպման ավարտին կողմերի փոխարեն հայտարարությամբ հանդես եկավ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը , իսկ 2-րդ հանդիպումից հետոՙ Մինսկի խմբի ռուս համանախագահ Յուրի Մերզլյակովը : Սա նշանակում է, որ ինչպես Սարգսյան-Ալիեւ հանդիպման, այնպես էլ երկու երկրների նախագահների Մինսկի խմբի մասնակցությամբ վարած բանակցությունների նախաձեռնությունը պատկանել է Ռուսաստանին, ինչը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում ռուսական գործոնի հարաճուն ազդեցության վկայությունն է:
Թերեւս դա է պատճառը, որ թուրքական մամուլը հենց այդ ազդեցության տեսանկյունից է մոտենում Սարգսյան-Ալիեւ հանդիպմանըՙ լուսաբանելով դա Լավրովի եւ Մերզլյակովի հայտարարությունների համատեքստում: Խոսքը տվյալ դեպքում Նյու Յորքի թուրքական կայքէջի, հանրային հեռուստատեսության եւ կենտրոնական թերթերի մասին է, որոնցից «Զամանը» Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը լուսաբանել է «Ռուսաստանի ակնկալիքները չարդարացան», իսկ կայքէջըՙ «Մասնակի առաջխաղացում ղարաբաղյան բանակցություններում. Ռուսաստանը երկշաբաթյա ժամկետ տվեց Ադրբեջանին եւ Հայաստանին» վերնագրերով:
Առաջխաղացման ենթադրության համար թուրքական կայքէջը հիմք է ընդունել Լավրովի խոսքերը, թե Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության են եկել ղարաբաղյան հակամարտության կարգավորման փաստաթղթի նախաբանի շուրջը, կա նախաբանի վերաբերյալ միասնական ընկալում, որը վերակառուցվել եւ արդիականացվել է համապատասխան «Մադրիդյան սկզբունքներին», ապա եւ վերջինը ավելացրել. «Սակայն կողմերն, այնուամենայնիվ, կաշխատեն տեքստի վրա, կներկայացնեն իրենց սեփական առաջարկներն ու կոնկրետ ձեւակերպումները»:
Ինչ վերաբերում է Մերզլյակովին , ապա նա, ըստ նույն կայքէջի, ասել է. «Ակնկալում ենք, որ կողմերը երկու շաբաթվա մեջ իրենց առաջարկները կներկայացնեն ԼՂ հակամարտության կարգավորման «Մադրիդյան սկզբունքների» այն կետերի շուրջը, որոնց վերաբերյալ դեռեւս համաձայնության չեն եկել»: Հակառակ կայքէջի «մասնակի առաջխաղացման» հետեւությանը, «Զամանը», վկայակոչելով բանակցային գործընթացին մոտ կանգնած աղբյուրներ, նշում է, որ Սարգսյան-Ալիեւ հանդիպման արդյունքները լավատեսություն չեն ներշնչում, շարունակելով. «Հատկապես բացասական էին ադրբեջանական կողմի տպավորությունները, իսկ դա թերեւս պայմանավորված է Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջում հրապարակված քարտեզով, որտեղ օկուպացված Ղարաբաղն ընդգրկվել է Հայաստանի կազմում»:
Թուրքական թերթն այնուհետեւ ավելացնում է. «Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը դեռեւս հանդիպումից առաջ հայտարարեց, որ 2010-ին չպետք է զարգացում ակնկալվի ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում»: Սարգսյան-Ալիեւ հանդիպմանն անդրադարձել է նաեւ NTVMSNBC-ն, նշելով, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները համաձայնության են եկել բանակցությունների առաջիկա փուլումՙ որպես կողմ կարգավորման գործընթացին Լեռնային Ղարաբաղի մասնակցության հարցում:
Այս հեռուստակայանը, վկայակոչելով ռուսական աղբյուրներ, միաժամանակ կարծիք է հայտնում, որ կարգավորման փաստաթուղթն ինքնորոշման իրավունք է վերապահում Ղարաբաղի ժողովրդին: Թուրքական թերթերը շրջանցում են բանակցություններին ղարաբաղյան կողմի մասնակցության, ինչպես նաեւ Ղարաբաղի ժողովրդին ինքնորոշման իրավունք տրամադրելու հանգամանքները: Թերեւս թուրքական կայքէջն է գրում բանակցություններին Լեռնային Ղարաբաղի հնարավոր մասնակցության մասին, սակայն այս տեղեկությունը վերագրում է հայկական աղբյուրներին: