«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#11, 2010-01-26 | #12, 2010-01-27 | #13, 2010-01-28


ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆՙ ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿԻ ՇԻՐԻՄԻՆ

Ինչպես ամեն հունվարի 24-ին, այս տարի եւս ուխտանգացություն տեղի ունեցավ մեծ բանաստեղծի շիրիմինՙ նրա ծննդյան օրվա առիթով: Պարույր Սեւակի տուն-թանգարանի տնօրեն Ավետիք Գրիգորյանը ամեն ինչ կազմակերպել էր հավուր պատշաճի: Սեւակապաշտ ուխտավորները, հատկապես Երեւանից ու Աբովյան քաղաքից ժամանել էին ոչ միայն սեր ու հարգանք մատուցելու, այլեւ հաղորդվելու «եռագույն պատարագով»: Ավետիք Գրիգորյանը, Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը, վաստակավոր մանկավարժ Նինա Հարությունյանը, բանաստեղծուհի Դարիկո Խաչատրյանը, Արարատի մարզպետ Վարդգես Հովակիմյանը եւ Սեւակի վաստակին քաջատեղյակ ու նրա տուն-թանգարանի հովանավոր Ալլա Հակոբյանը խոսեցին «անլռելի Պարույրի» մասին, նրա պատգամը փոխանցեցին ներկաներին, որոնց մեջ մեծ թիվ էին կազմում «Սեւակախումբ» վիրտուալ կայքի ներկայացուցիչները, մինչ Աբովյան քաղաքի մանկական երգչախումբը Գրիգոր Ղամբարյանի ղեկավարությամբ մատուցում էր Պ. Սեւակի բառերով ստեղծված հզոր երգերը: Մեկ խոսքովՙ Սեւակյան սերն ու իմաստությունն էր այդ օրը թեւածում Զանգակատուն գյուղի վրա:

Հնչած ելույթներից ստորեւ առանձնացնում ենք լայն հատվածներ Ալլա Հակոբյանի խոսքից:


Ինձ համար մեր Մեծերի շիրիմները յուրովի սրբավայրեր են: Երբ այս մասին խոստովանեցի մեր վարդապետներից մեկին, նա անմիջապես ինձ սաստեց, ասելով. «Տիկին Ալլա, զգույշ եղեք խոսքի եւ արտահայտությունների մեջ: Մեր եկեղեցին իր սահմանված եւ կանոնական սրբերն ունի»: Բայց ի՞նչ են մեր Մեծերի շիրիմները, եթե ո՛չ սրբավայրեր, եթե մենք այդ վայրերում սրբվում եւ մաքրվում ենք նրանց լույսով: Եթե դեռ 1971-ին Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Ա Վեհափառ Հայրապետը Պ. Սեւակին Եռամեծ կոչեց եւ իր դամբանական խոսքում նշեց. «Պ. Սեւակի ծնունդը եղավ ճշմարտապես եւ ամբողջապես մեր կյանքի՛ համար, մեր մշակույթի՛, մեր ներկայի՛ եւ ապագայի՛ համար մի պայծառ «Եղիցի լույս»: Եվ այդ լույսի շնորհիվ իր պոեզիայի միջոցով, նա շարունակում է իր Աստվածահաճո գործը»:

«Մեր ազգը ի սկզբանե ունեցել է Մե՛ծ անձնավորություններ, որոնք իրենց կյանքով եւ իրենց գործով անմահացել են: Եվ նրանց ժառանգությունը մեզ համար այսօր ե՛ւ փառք, ե՛ւ պատիվ է, եւ ստեղծարար նո՛ր սխրանքների աղբյուր եւ ճանապարհ», ասել է մեր ժողովրդի կողմից շատ սիրված Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Ա Վեհափառ Հայրապետը: Ուստի, պարզապես իրավունք չունենք չքայլել մեր նախնիների նշմարված ճանապարհով, իրավունք չունենք մեր մաքուր եւ զուլալ աղբյուրների ջրեըը թողած, ուրիշների առվի ջուրը խմել: Այսօր հմուտ ձեռքով քողարկված հեռուստաֆիլմերի կամ հաղորդումների շղարշի տակ մեր հասարակությանը հրամցվում են այլաբարո, օտարածին, այսպես կոչված «սերիալներ», որոնք մերոնք սիրով «ուտում» եւ կարծես լա՜վ էլ «մարսում են»: Ի՞նչ պետք է սովորի (եւ արդեն ընդօրինակում է) աճող սերունդը այդ հեռուստահաղորդումներից: Դրանք կարելի էր փոքրիկ գրքույկների տեսքով տպել «Ապագա մարդասպանի համառոտ ձեռնարկ», կամ «Գցողի հակիրճ դասընթաց» վերնագրերով: Կարծում եմ ավելի մասնատելու կարիք չկա: Ուստի մենք պարտավոր ենք հետեւել մեր մեծերի խոսքին եւ մեր օրը հեռուստացույցի դիմաց անցկացնելու փոխարեն, պարբերաբար կարդալ մեր իմաստուն նախնիների կողմից մեզ թողած գրավոր ժառանգությունը եւ կիռարել այն մեր ամենօրյա կենցաղում:

Պ. Սեւակի սեւ, ածխի պես այրվող, աչքերը տեսնում էին հեռուն եւ նրա ամբողջ պոեզիան ծառայում էր մեկ բանիՙ հայի մեջ հային արթնացնել, եւ առհասարակՙ մարդու մեջՙ մարդուն: Նրա ամբողջ պոեզիան տոգորված է սիրով, եւ դա տիեզերական Աստվածային սերն էՙ Հայրենիքի, հայրենի բնության, մոր, զավակների, կնոջ հանդեպ: Բայց սիրառատ Պարույրի սիրով ողողված պոեզիայի մեջ դուք չեք գտնի գեթ մեկ անվայելչություն: Եվ ի՞նչ եք կարծում, ինչպիսի՞ ցավ նա կապրեր, երբ իմանար, որ իր երազած եւ փափագած ազատ Հայաստանումՙ դպրոցին հենց դեմ դիմաց, մեծերի համար զվարճությունների ակումբ է բացվում, ուր կիսամերկ կանայք ձողի մոտ, ծառայելով սատանային, հրապուրում եւ, Խրիմյան Հայրիկի բառերով ասած «կտրում-տանում են հայ տղամարդուն թե՛ իր ընտանիքից, թե՛ հասարակությունից»: Այսօրվա երեւանյան փողոցներով զբոսնելիս ցավով վերհիշում եմ Վեհափառ Հայրապետի մեկ ա՛յլ տողեր, գրված մեկ դար առաջ. «,...ցուցամոլ շռայլությունն է նազելով շրջումՙ կարծելով թե իր հարստությունն Անգլիայի անսպառ ոսկին է...թող հայ տիկնայք քառասուն կանգուն հազարթերթիկ շրջազգեստը տասը կանգունի փոխեն»: Բայց վեհափառ հայրապետը չէր կարող պատկերացնել, որ իր խոսքը, որն ասված էր խնայողության եւ խելացի տնտեսվարության համար, ա՛յդ աստիճան բառացիորեն կհասկացվի եւ հայ տիկնայք եւ օրիորդներն իրենց շրջազգեստը ոչ թե տասը կանգունի կփոխեն, այլ «մի թիզ յուբկայի», այն էլ մեջքը եւ պորտը բաց: Ցավով եմ նայում կարճլիկ մորթե բաճկոնների մեջ կուչ եկած ձմեռային փողոցներով ինչ-որ տեղ շտապող ապագա մայր-աղջնակներին, որոնց ի սկզբանե գռեհի՛կ, ծայրահեղ ցածրագոտի շալվարների տակ փորձում է մի կերպ պատսպարվել ցրտից փշաքաղված եւ ո՛չ միայն ցրտից, այլ «տատու» կոչված թանաքի պատճառով, կապտած մաշկը: Եվ որպես այդ օտարամեդ «մոդայի» հետեւանք շատանում են կանացի հիվանդությունները եւ երեւանյան կլինիկաներում լայն թափ են առնում արհեստական բեղմնավորման նոր մեթոդներով «վերարտադրողական ֆունկցիայի վերականգնման» տարբեր ծրագրեր: Այս առիթով միտս են գալիս Պ. Սեւակի մարգարեական տողերըՙ

«Էլեկտրոնական

Ու ճառագայթուն-անսպիտակուց- կիկլոպյան բիբով

Հաշվեցե՛ք հապա ու թիվն ասացեք ա՛յն մանուկների,

Որ կարող էինք ունենալ կյանքում,

Բայց մենք չունեցա՛նք ու չե՜նք ունենա:

Այսքանից հետո պիտի՛ որ հաշվեք,

Թե էլ ի՞նչ զենքեր ծնելուց հետո

Մայրը կզրկվի զավակ ծնելու կարողությունից»:

Սթափվի՛ր, հայ աղջնակ, զենքը միայն ատոմային չի լինում, նա կարող է հանդես գալ եւ հրապուրիչ շրջազգեստի տեսքով, որը քայքայելով եւ տկարացնելով քո մարմինը, միաժամանակ խռովում եւ գայթակղում է քեզ նայող տղամարդկանց հոգիները: Բայց դա չի նշանակում, թե ուզում եմ բոլորիդ չադրա հագցնել: Ո՛չ, եւ հազար անգամ ո՛չ: Ինքը Պարույրը սիրում էրՙ այսպես ասած, «իր տուրքը տալ» փողոցներին.

«Եվ ի՞նչ է ուզում սիրտս ապստամբ:

Թե չեք հասկանումՙ

Դուրս եկեք փողոց»:

Իսկ այնտեղՙ խնդրեմ, Թամանյանի հանճարով կերտած քարե սիմֆոնիա ուր.

«Մայիսյան արփին,

Տեսե՜ք,

Բազմահարկ շենքերի վրա

Իր նկարչության դասերն է տալիս», -իսկ.

«Քամին ձեւերն է քանդում ու կերտում

Կանանց հանդերձի գույներով զար-վառ:

Անցնում են, տեսե՜ք, կեցվացքներ պես-պես

Ձեւեր բյուրբազում:

Բոլորըՙ մսից - տաք ու մարդկայինՙ

Կրծքների ներքո ո՛չ թե պաղ մարմար,

Այլ մսի կտոր,

Որ կոչվում է սի՜րտ,

Կանանց աչքերում,

Տեսե՜ք,

Փլվել է ինքը երկինքը

Ու ծիծաղում է...», բանաստեղծի տողերի միջոցով մեզ բացվում է տղամարդկանց հոգու գաղտնիքըՙ նրանք իրենց մեղմ ժպիտով արձագանքում ենՙ ի պատասխան ձեր աչքերի ծիծաղին, եւ նրանց գերում է ո՛չ թե ձեր մարմնի պաղ մարմարը, այլ ձեր տա՜ք ու մարդկայի՜ն սի՛րտը, եւ հենց այդպիսի սրտերի համար են գրված Պարույրի հետեւյալ տողերըՙ

«Ես սեր եմ ցրումՙ

Հորդ ողողելով,

Ճիշտ այդպես էլ ես

բարության

...հորդ խոսք եմ թափում

Կեսլի կեսթափուր

Մարդկային սրտում»:

Պարույր Սեւակի սիրտը բաբախեց 46 տարի, բայց նրա կարճ կյանքի ամեն վարկյանըՙ բոլորիս համար օրինակ էՙ

«Թե ոնց պիտի ապրել կյանքում, թե ոնց պիտի նայել կյանքին,

Թե աշխարհում ինչն է էժան, թե աշխարհում ինչն է անգին»:

Սիրելինե՛րս, բազմողորմ Աստված իր շնորհառատ Աջով մեր ազգին բաշխել է հորիզոնից այն կողմ տեսնելու ունակությամբ օժտված մե՛ծ ուղեկիցներ, որոնց անունների միայն թվարկումը շոյում է ցանկացած հայի ականջ, իսկ նրանց թողած ժառանգությունը այնպիսի գանձ է, որ տարիներ են պետք այդ բոլորը վայելելու եւ կլանելու համար: Ուստի, ավելի հաճախ պատմենք մեր զավակներին նրանց մասին, թույլ չտանք, որ Աստվածային սառնորակ աղբյուրների ջրով լցված բաժակը ըմպելու փոխարեն մեր երեխաները արհեստածին նյութերից պատրաստված, ուրիշների բազմանուն կոլաները կուլ տան, օտարի՛ մշակույթը ընդօրինակելով ապրեն: Բայց, դա չի նշանակում թե առաջարկում եմ կրիայի պես միայն իր խեցու մեջ կղզիանալ եւ մասնակից չլինել համաշխարային մշակույթի, գիտության, արվեստի զարգացման ընդհանուր հոսքին: Անշո՛ւշտ, պետք է Պարույր Սեւակի պես, ամեն վարկյան ՙ ձեռքը ժամանակի զարկերակի վրա պահել, որպեսզի «ետ չմնա՜լ, չուշանա՜լ»: Բայց զարգանալ զուգահե՛ռՙ հազարամյակների շրջադարձի նո՛ր փուլում պահպանելով մեր ազգայինը, չձուլվելո՛վ, չկորցնելո՛վ մեր ազգային առանձնահատկությունները քայլելով մե՛ր Մեծերի կողքին, որ ետ չմնանք Նրանց բազմադարյան քայլքից: Ջրենք մե՛ր Կենաց ծառը, հմուտ լողալ սովորենք մե՛ր «ժառանգության ծովում», որպեսզի չխեղդվենք համաշխարհային անհուն օվկիանում: Նորին Մեծություն Ժամանակը օգտագործենք աստվածահաճո, որովհետեւ նա իր անխնա՛ վերստուգող քննությանն է առնելու մեր ապրած կյանքի ամեն րոպեն: Ստա՛փ լինենք, թույլ չտանք, որ մեզ շեղեն սիրուն խաղալիքներով եւ քնացնեն բթացնող «սերիալների» միապաղաղ օրորի տակ, իսկ դրա համար մեզ ընդամենը պետք է լսել դեռ 1959 թ. հնչեցրած Պ.Սեւակի «անլռելի» զանգերի ղողանջները ՙ

«...ով ականջ ունի,

բլթակ հավատո ՙ

նա պիտի՛ զգա

իմ եռաղողանջ զանգի ասմունքը,

իմ եռաբանյա ասքի ղողանջը,

իմ եռամատնյա խաչակնքումի շնչող ստվերը»:

ԱԼԼԱ ՀԱԿՈԲՅԱՆ, 24.01.2010թ. Զանգակատուն


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4