Հայոց բանակի 18-ամյակի կապակցությամբ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը շնորհավորել է բոլոր հայ զինծառայողներին. «Հայոց բանակի ծննդյան հետ կապված են մեր նորօրյա պատմության պանծալի հիշատակներ, մեր ժողովրդի հավատավոր, հայրենասեր ու ազատասեր, արի հոգու հաղթանակներ, որոնք պարծանքով են լցնում այս տոնական օրը եւ ոգեշնչում ու զորացնում մեզ: Արդարեւ, Արցախյան ազատամարտի եւ Հայաստանի սահմանների պաշտպանության հերոսական մարտերում կազմավորված եւ հասակ առած Հայոց բանակը հավատարիմ զավակն ու հպարտությունն է մեր ժողովրդի: Այսօր մեր Բանակի քաջարի զինվորների եւ հրամանատարների պատվախնդիր ու նվիրյալ ծառայությամբ խաղաղ են մեր Հայրենիքի սահմանները, եւ մեր ժողովուրդը իր ազատ կյանքն է կառուցում Հայաստանում եւ Արցախում», նշել է Վեհափառն ու հավելել. «Աղոթում ենք, որ Աստված խաղաղ պահպանի մեր Հայրենիքը եւ իր օրհնության ու շնորհների ներքո հավատքով ամուր, Հայրենիքի սիրով զորացյալ պահի Հայոց բանակի զորաց եւ զորականաց` պարգեւելով քաջառողջություն, երկար օրեր, նոր ձեռքբերումներ: Փառք ու պատիվը Հայրենիքի ծառայության մեջ է»: