Անցյալ տարվա հուլիսի 21-ին Հրանտ Շահինյանի անվան մարմնամարզության օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի մարզադահլիճում Երեւանի Վալերի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի (ԵրՊԼՀ) ֆիզիկական կուլտուրայի ամբիոնի դասախոս, ՀՀ վաստակավոր մարզիչ Դավիթ Ֆահրադյանը Գինեսի ռեկորդների գրքում գրանցման ենթակա ռեկորդ սահմանեցՙ 10 րոպե 30 վրկ-ում պտտաձողի վրա 350 պտույտ կատարելով: Օգոստոսի 28-ին ռեկորդի սահմանման տեսանյութն ու անհրաժեշտ բոլոր փաստաթղթերն ուղարկվել էին Լոնդոն: Եվ ահա երկարատեւ սպասումից հետո Լոնդոնից վերջապես օրերս ստացվել էր ուրախալի լուրըՙ Դավիթ Ֆահրադյանի նվաճումը պաշտոնապես գրանցվել էր Գինեսի ռեկորդների գրքում:
Ուրախալի այս իրադարձության առիթով երեկ ԵրՊԼՀ-ի նիստերի դահլիճում բուհի ռեկտոր Սուրեն Զոլյանը, ֆիզկուլտուրայի ամբիոնի վարիչ Խաչատուր Թեւոսյանը, Դավիթ Ֆահրադյանն ու «Արտասովոր շարժողական գործունեության գրանցման» հանձնաժողովի նախագահ Վարդան Թովմասյանը հանդիպեցին լրագրողներին: Սուրեն Զոլյանը շնորհավորելով Դավիթին, նշեց, որ վերջինս ապացուցեց, թե որքան մեծ են մարդկային հնարավորությունները: Նա ռեկորդի սահմանման վերաբերյալ հավաստագիրը հանձնեց Դավիթին, նշելով, որ շնորհանդեսը կկազմակերպվի, երբ համալսարանում կվերսկսվեն դասերը:
«Ամեն մարդ կյանքում մի նպատակ ունի: Անչափ ուրախ եմ, որ հաջողվեց գրանցվել Գինեսի ռեկորդների գրքում: Ես դա արել եմ իմ ազգի, մեր համալսարանի պատվի համար: Շնորհակալ եմ բոլոր նրանցից, ովքեր աջակցեցին ռեկորդի սահմանմանն ու գրանցմանը: Բավական բարդ ճանապարհ եմ անցել: Անցած տարվա փետրվարից նախապատրաստվում էի ռեկորդի սահմանմանը: Օրական 2 պարապմունք էի անցկացնում, քրտնաջան մարզվում էի, իսկ պտտաձողի վրա այդ վարժությունը փորձում էի շաբաթական մեկ անգամ, քանի որ վերականգնողական գործընթացը շատ դժվար է տեղի ունենում: Աստիճանաբար մեծացնում էի մարզումների ծանրաբեռնվածությունը: Ընդհանուր առմամբ պետք է դիմացկուն լինես, ամուր ձեռքեր եւ սիրտ-անոթային համակարգ ունենաս», իր խոսքում նշեց Դավիթ Ֆահրադյանը:
Վարդան Թովմասյանը տեղեկացրեց, որ տարեկան միջինը 60 հազար ռեկորդի սահմանման հայտ է ներկայացվում Գինեսի ռեկորդների գրքի հանձնախմբին, որոնցից 4-5 հազարն է գրանցում ստանում: Ըստ Թովմասյանի, Գինեսի գրքում գրանցվելը ռեկորդակրին ոչ մի պարգեւավճար չի նախատեսում:
Խաչատուր Թեւոսյանն էլ տեղեկացրեց, որ Գինեսի ռեկորդների գրքում գրանցվելու համար հատուկ կանոններ են գործում, որոնք խիստ պահանջներ են ներկայացնում ռեկորդ սահմանել ցանկացողներին: Օրինակ, ռեկորդի սահմանման ժամանակ նվազագույնը 3 հոգի վկա պետք է լինի, որոնք միմյանց չպետք է ճանաչեն: Նրանց վկայությունները պետք է հաստատվեն նոտարիուսով: Տեսախցիկը պետք է անպայման սիրողական լինի, հաշվետվությունը բաղկացած լինի 8 թերթից, որում պետք է նշված լինեն գործիքների տեխնիկական տվյալները եւ այլն: Այնպես որ անհրաժեշտ բոլոր փաստաթղթերի ճիշտ ձեւակերպումը բավական բարդ եւ աշխատատար գործընթաց է:
Դավիթ Ֆահրադյանը Գինեսի ռեկորդների գրքում գրանցված Հայաստանի 7-րդ ներկայացուցիչն է: Մինչ այդ, վերջին անգամ այդ գրքում գրանցվել էր Արտակ Գրիգորյանը 2002-ին («Ազգը» ժամանակին հանգամանորեն անդրադարձել է Արտակի նվաճումներին):
Հայաստանի առաջին ներկայացուցիչը Գինեսի ռեկորդների գրքում եղել է Գրիգոր Մարգարյանը , որը 1990-ի հոկտեմբերի 30-ին ֆուտբոլի գնդակը ոտքով եւ գլխով խաղալով, առանց վայր գցելու 7 ժամ 50 րոպեում անցել է 37 կմ 174 մետր:
Հաջորդը Ռոբերտ Գալստյանն է, որը 1991-ին պարանի օգնությամբ ատամներով քաշել է «Կրազ» մակնիշի ավտոմեքենան (12 տոննա) 10 մետր: Հաջորդ տարի նա նույն եղանակով քաշել է 2 վագոն (219 տոննա 175 կգ) 7 մետր, որից հետո այն իներցիայով շարժվել է եւս 4,5 մետր:
1998-ին Սամվել Խաչատրյանը մեջքին պառկած դրությունից 3 կգ կցագնդերը (յուրաքանչյուր ձեռքում) հրել է դեպի վեր 100 հազար անգամ, 25 ժամում:
Անդրանիկ Միքայելյանը կանգնած վիճակում կցագնդերով (8 կգ 20 գրամ) ձեռքերի տարածակարգ հերթագայումով 90 րոպեում յուրաքանչյուր ձեռքով 5271 անգամ կատարել է վարժությունը:
Մարտուն Իվանյանը 1995-ին 1 ժամում 5230 կքանիստ է կատարել:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ