Շախմատի Հայաստանի առաջնությունում կայացան 6-րդ տուրի հանդիպումները: Տղամարդկանց մրցաշարում առաջատարի դիրքն ամրապնդեց Ավետիք Գրիգորյանը, որը 3-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց: Պարտության մատնելով Ռոբերտ Հովհաննիսյանին, Գրիգորյանը վաստակեց 5 միավոր: Նրան մեկ միավոր է զիջում Տիգրան Պետրոսյանը, որը հաշտություն կնքեց Արթուր Չիբուխչյանի հետ: Դա տուրում գրանցված միակ ոչ-ոքին էր: 3,5 միավորով 3-րդ տեղում է Արտաշես Մինասյանը, որը պարտվեց Հրանտ Մելքումյանին:
Տուրն անհաջող էր նաեւ Զավեն Անդրեասյանի համար, որը տանուլ տվեց Դավիթ Պետրոսյանի հետ մրցավեճը: Տիգրան Քոթանջյանն էլ առավելության հասավ մրցաշարի հետնապահ Դավիթ Քալաշյանի նկատմամբ: Անդրեասյանը, Մելքումյանն ու Չիբուխչյանը վաստակել են 3-ական միավոր: Դավիթ Պետրոսյանն ու Հովհաննիսյանն ունեն 2,5-ական, Քոթանջյանը` 2 միավոր: Աղյուսակը 1,5 միավորով եզրափակում է Քալաշյանը:
Կանանց մրցաշարում կենտրոնականը երկու առաջատարների մրցավեճն էր: Հաղթելով Սիրանուշ Անդրեասյանին, Լիա Մարտիրոսյանը վաստակեց 4,5 միավոր եւ միանձնյա գլխավորեց աղյուսակը: Անդրեասյանը Նարինե Գասպարյանի հետ առաջատարից հետ են մնում կես միավորով: Նարինեն հաղթեց Անի Խանամիրյանին, որը 3,5 միավորով 4-րդ հորիզոնականում է: 3-ական միավորով հաջորդ տեղերում են Մարիանա Գասպարյանն ու Անահիտ Խառատյանը: Նրանց մրցավեճն ավարտվեց Անահիտի հաղթանակով:
5 անընդմեջ պարտություններից հետո վերջապես առաջին միավորը վաստակեց Վարդուհի Քալաշյանը` հաղթելով Լուսինե Կարապետյանին: Կանանց մրցաշարում էլ միայն մեկ պարտիա խաղաղ ելք ունեցավ: Հաշտություն կնքեցին Աննա Հայրապետյանն ու Նաիրա Մովսիսյանը:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ