Մեկօրյա հանգստից հետո Վեյք Ան Զեեի շախմատի մրցաշարի մասնակիցները կրկին նստեցին խաղասեղանների շուրջը: Ոչ մի կերպ ուշքի չի գալիս Վարուժան Հակոբյանը, որը 9-րդ տուրում նոր պարտություն կրեցՙ զիջելով չինացի շախմատիստ Նի Հուային: Հակոբյանը 2 միավորով եզրափակում է աղյուսակը:
Աղյուսակը շարունակում է գլխավորել Անիշ Գիրին, թեեւ 9-րդ տուրն անհաջող էր նրա համար: Գիրին անդրանիկ պարտությունը կրեցՙ զիջելով մրցաշարի միակ կին մասնակից Աննա Մուզիչուկին: Գիրին ունի 6,5 միավոր: 6-ական միավոր են վաստակել Նի Հուան եւ Էրվին Լ՚ Ամին: Վերջինս հաղթեց Դեւիդ Հաուելին:
Բավական հետաքրքրական պայքարում է անցնում ուժեղագույնների մրցաշարը: Այստեղ 9 տուրից հետո երկիշխանություն է: 6,5-ական միավորով առաջատարներն են Ալեքսեյ Շիրովն ու Վլադիմիր Կրամնիկը: Շիրովը հաշտություն կնքեց Իվանչուկի հետ, իսկ ահա Կրամնիկը սեւերով հաղթեց Կառլսենին: Վերջինս Կարյակինի հետ ունի 5,5 միավոր: Կարյակինն էլ հաղթանակով ավարտեց Նակամուրայի հետ պարտիան: Արդյունավետ ելք ունեցան նաեւ Սմիթս-Կարուանա եւ Վան Վելի-Լեկո պարտիաները, որոնցում հաղթեցին սպիտակները: Շորթ-Դոմինգես, Տիվյակով-Անանդ պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ