«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#11, 2010-01-26 | #12, 2010-01-27 | #13, 2010-01-28


ԵՐԿՈՒ ՀԱՅ` ՄՈՍԿՎԱՅՈՒՄ

Ըստ վերջերս Մոսկվայում հրապարակված վիճակագրական տվյալների` Ռուսաստանի մայրաքաղաքում ամեն երկրորդ հանցագործությունը կատարում է միգրանտ: Պատահական չէ, որ մոսկովյան իշխանությունները` քաղաքապետ Լուժկովի գլխավորությամբ, պահանջում են դաշնային իշխանություններից` առավելագույն խստությամբ վերահսկել միգրանտների հոսքը Ռուսաստան, մասնավորապես Մոսկվա: Այդ քաղաքում արդեն իսկ արգելված է միգրանտներին երթուղային տաքսի վարել (այդ մասին «Ազգ»-ը գրել էր նախորդ համարներում), բավական դժվարացել է, եթե չասենքՙ անհնարին է դարձել միգրանտի համար աշխատանք գտնել: Իսկ վարչապետ Պուտինը վերջերս, ընդառաջ գնալով քաղաքային իշխանություններին, լուրջ սահմանափակումներ մտցրեց Ռուսաստան մտնող միգրանտների թվերում: Ստացվում է, որ Ռուսաստանի մայրաքաղաքում միգրանտներին այնքան էլ մեծ սիրով չեն սպասում, իսկ Հայաստանի քաղաքացին Մոսկվայում նույն միգրանտն է եւ ոչնչով չի տարբերվում, օրինակ, չեչենից:

Մենք կփորձենք երկու օրինակով ցույց տալ Մոսկվայում հայ սովորական միգրանտի կյանքը:

Օրինապաշտ միգրանտ

Դպրոց, ինստիտուտ ավարտելուց, ինչպես նաեւ բանակում ծառայելուց հետո, երեւանցի Դավիթը, իր շատ ու շատ հասակակիցների նման, որեւէ գործ չգտնելով Հայաստանում, որոշեց մեկնել Մոսկվա` քեռու` ՌԴ քաղաքացի Ռազմիկի մոտ: Արդեն ինքնաթիռում նրան տվեցին միգրացիոն թերթիկը, որը լրացնելու համար Դավիթը պետք է գրեր իր անունը, ազգանունը, հայրանունը, անձնագրի տվյալները, Ռուսաստան գալու պատճառը, թե որքան ժամանակով է եկել Ռուսաստան, եւ այլն: Լրացնելով այս ամենը, մոսկովյան օդանավակայանում արդեն, սահմանային անցակետում նա միգրացիոն թերթիկում իր գրած բոլոր տեղեկությունները պարտավոր է ասել նաեւ անցակետի աշխատողին, չնայած նույն այդ թերթիկը, անձնագրի հետ, ներկայացրել է վերջինիս: Պատասխանելով անցակետի աշխատողի որոշ հարցերին` Դավիթը մուտք է գործում Ռուսաստան, որի տարածքում նա իր գալու ավիատոմսով եւ լրացրած միգրացիոն թերթիկով կարող է առանց գրանցման «ազատ ման գալ» երեք օր: Սակայն այդ երեք օրվա մեջ նա պարտավոր է գրանցվել մոսկովյան որեւէ հասցեում: Դավիթը խնդիր չուներ. քեռին նրան գրանցեց իր տանը` երեք ամսով, այս գործողությունը գումար չի պահանջում տանտիրոջից: Սակայն միայն գրանցում ունենալով Մոսկվայում չես կարող աշխատել (օրինական), Դավթին պետք էր նաեւ աշխատանքի իրավունք: Ընդ որում, եթե այդ փաստաթուղթը, օրինակ, մերձմոսկովյան է, ապա դու չես կարող աշխատել բուն Մոսկվայում, եւ հակառակը: Դավիթը դա էլ ձեռք բերեց, որի համար վճարեց 8000 ՌԴ ռուբլի (գրեթե 300 դոլար): Աշխատանքի իրավունք տվող փաստաթուղթը, ի դեպ, լինում է տարբեր աշխատանքների համար` շինարարություն, սպասարկման ոլորտ եւ այլ: Սպասարկման ոլորտում աշխատելու իրավունք կովկասցիները մեծ դժվարությամբ են ձեռք բերում, նրանց «մենաշնորհը» հիմնականում շինարարությունն է: Դավթին պետք էր նաեւ սանիտարական գրքույկ, որն ունենալու համար նա պարտավոր է իր գործատուի հետ գնալ սանէպիդկայան, անցնել բուժզննում, որի արդյունքների հիման վրա էլ նրան կամ կտան այդ գրքույկը, կամՙ ոչ. Դավթին տվեցին` 3000 ռուբլիով (100 դոլար): Հիմա արդեն, ունենալով երեք ամսվա գրանցում, մեկ տարվա աշխատանքային իրավունք եւ սանիտարական գրքույկ, Դավիթը հանգիստ կարող էր աշխատել: Նրա աշխատավարձը կազմում էր շուրջ 1000 դոլար (շինարարության մեջ, օրական, որպես բանվոր աշխատելով, ստանում էր 1000 ռուբլի): Սակայն ճանապարհին նրան գրեթե ամեն օր կանգնեցնում էր ոստիկանական մեքենան` փաստաթղթերը ստուգելու, եւ, չնայած Դավիթը օրինական միգրանտ էր, շատ հաճախ նրան տանում էին բաժին, ընդ որումՙ ոչ մոտակա, այլ, օրինակ, քաղաքի մյուս ծայրի, փաստաթղթերը համակարգչի միջոցով ստուգելու համար: Այդ գործողությունը տեւում է 3-4 ժամ: Այդքան ժամանակ Դավիթը նստում էր բաժնում, երբեմն նույնիսկ խցում եւ սպասում, թե երբ պետք է ստուգեն-վերջացնեն իր օրինական փաստաթղթերը: Փաստաթղթերը ստուգելուց հետո ոստիկանները դրանք տալիս էին Դավթին, ու նա արդեն մենակ, Մոսկվայի հայտնի չէ, թե որ մասից, պետք է վերադառնար իր աշխատավայր: Երբ տեղ էր հասնում, արդեն աշխատանքային օրը ավարտված էր. Դավիթն այդ օրն իր օրավարձ 1000 ռուբլին չստացավ: Ո՞ւմ մեղքով...

Երբ անցավ Դավիթի մոսկովյան կյանքի առաջին երեք ամիսը, նա, գործող օրենքի համաձայն, պետք է հատեր ՌԴ սահմանը (թեկուզ 5 րոպեով) եւ ցանկության դեպքում նորից վերադառնար: Ամենամոտ սահմանը Ուկրաինայինն է: Վճարելով 70 դոլար գնացքի տոմսի համար` Դավիթը մեկնեց Ուկրաինա եւ անցնելով սահմանըՙ հենց նույն գիշեր վերադարձավ: Ընդհանուր առմամբ այդ ամբողջ ուղեւորությունը նստեց շուրջ 200 դոլար (հաշվի առնելով նաեւ գնացքում սնվելը):

Վերադառնալով Մոսկվա` Դավթի համար նորից պետք է սկսվի այս նույն պատմությունը: Իսկ եթե նա հանկարծ ուզենա դառնալ ՌԴ քաղաքացի, ապա օրենքով, բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը հանձնելուց հետո պետք է սպասի 5 տարի:

Փաստորեն Դավիթը Մոսկվայում երեք ամսում աշխատելով 3000 դոլար, նույն երեք ամսում ծախսել է. սանիտարական գրքույկի համարՙ 100 դոլար, աշխատանքի իրավունքի համարՙ 300 դոլար, եթե ընդունենք, որ նրան այդ ժամանակահատվածում առնվազն շաբաթը երեք անգամ (եւ հենց այդպես էլ լինում է), կանգնեցրել է ոստիկանությունը, իսկ ամեն մի «կանգնեցնելը» նստել է 1000 ռուբլի, ապա Դավիթը զրկվել է ավելի քան 36000 ռուբլուց (մոտ 500 դոլար): 3 ամսում վաստակելով 3000 դոլար` Դավթին մնացել է մոտ 2000-ը, իսկ գումարենք նաեւ սենյակի վարձը (500 դոլար), սնունդը, հեռախոսը եւ այլն, եւ այլն:

Ապօրինի միգրանտ

Երեւանցի Հայկը բանակից հետո, քանի որ չուներ մասնագիտություն (իսկ եթե ունենարՙ ի՞նչ), որոշեց մեկնել Մոսկվա` փող աշխատելու: Օդանավում լրացնելով միգրացիոն թերթիկը, անցնելով անցակետըՙ մուտք գործեց Ռուսաստան: Սակայն, ի տարբերություն Դավթի, Հայկը Մոսկվայում ՌԴ քաղաքացի ծանոթ-բարեկամ չուներ: Ընդամենը ընկերներ էին այնտեղ: Հասնելով նրանց մոտ` շինհրապարակ, Հայկը ծանոթացավ իր նոր կենցաղային պայմաններին` փայտե վագոն, փայտե մահճակալներ, «պլիտայով» ջեռուցում, մետաղյա «բազմաչարչար» ափսեներով կերակուր: Հայկն, իհարկե, համաձայնեց նշված պայմաններին: Ընկերները նրան օգնեցին առաջին գրանցումն անելիս (գումար չի պահանջվում): «Շեֆ»-ը մոսկվացի էր, նրա տանն էլ 3 ամսով գրանցեցին Հայկին, սակայն նույն ընկերների խորհրդով, Հայկը աշխատանքի իրավունք «չհանեց». ոչ ոք էլ չուներ: Հայկի ամսական աշխատավարձը նույնպես հասնում էր 1000 դոլարի, իսկ երբ ոստիկանությունը կամ միգրացիոն վարչությունը գալիս էր պլանային (շատ հաճախ նաեւ ոչ պլանային) ստուգումների, շինհրապարակում ոչ ոք չէր մնում. բոլորն ապօրինի միգրանտներ էին` արտաքսման ենթակա: Հայկի գալուց երեք ամիս անց, սակայն, միգրացիոնը հանկարծակի եկավ ստուգումների. ֆիրման տուգանվեց 150 հազար ռուբլիով, իսկ բանվորները տարվեցին բաժին: Նրանցից յուրաքանչյուրից գանձելով շուրջ 500-ական դոլար` ազատ արձակեցին: Հայկը, իր աշխատած գումարի զգալի մասը «նիզաշտո» տալով, հասկացավ, որ այսպես չի կարող շարունակվել: Դիմեց «գրանցում անող» ընկերոջը` իրեն Մոսկվայում գրանցելու համար: Սակայն ընկերը, պահանջելով դրա համար 6000 ռուբլի, ընդամենը ապօրինի գրանցումով ապահովեց Հայկին: Վերջինս իբր անցել էր սահմանը, սակայն նրա անձնագրում կեղծ կնիքներ էին: Ոստիկանը, որի միջոցով արել էին գրանցումը երաշխավորեց, որ տվյալ շրջանում Հայկին ոչ ոք «չի նեղացնի»: Այդպես էլ եղավ. շրջանում, որտեղ բնակվում էր Հայկը, ոստիկանները, ստուգելով նրա անձնագիրը... միայն ժպտում էին` նրանց «ձեռքի գործն էր», սակայն երբ Հայկը գնում էր Մոսկվայի այլ շրջաններ, ամեն կանգնեցնելուն 1000 ռուբլի էր տալիս ոստիկաններին, վերջիններս էլ կրկին ժպտում էին: Հայկը չեր կարողանում կանոնավոր աշխատանք ձեռք բերել (նախկին ֆիրման փակել էին), որոշ ժամանակ անց նա ընդհանրապես մնաց առանց գումարի:

Հաշվել, թե որքա՞ն է կազմել Հայկի «մոսկովյան եկամուտը», իմաստ չունի. նրա խոսքերովՙ Մոսկվայում ապրած 7 ամիսներին կարողացել է միայն 100 դոլար ուղարկել տուն: Մնացածըՙ ոստիկաններ, փաստաթղթեր, հետագայում նաեւ տան վարձ, սնունդ եւ այլն, եւ այլն: Այժմ Հայկը Մոսկվայում «ման է գալիս» անձնագրի կորուստը ապացուցող փաստաթղթով: 1200 ռուբլիով այն կարող ես ստանալ, եթե դեսպանատանը ծանոթ ունես, իսկ ժամկետը (տարբեր ժամկետներով է լինում) անցնելուց հետո կարող ես «նորից կորցնել անձնագիրդ»: Սակայն այս փաստաթղթով չես կարող ձեռք բերել աշխատանքի իրավունք: Կարող ես միայն ստանալ հայրենիք վերադարձի փաստաթուղթը. Հայկն հենց այդպես էլ որոշել է անել:

Եզրակացություն

Ի՞նչ է ստացվում: Լինես օրինակա՞ն, թե՞ ապօրինի միգրանտ, միեւնույնն է, չես կարող այսօրվա Մոսկվայում «փող աշխատել: Եթե ցանկանում ես դառնալ ՌԴ քաղաքացի, ապա օրենքով պետք է սպասես 5 տարի, իսկ ապօրինի կերպով 150 հազար ռուբլիով «անողներ» կան` հսկայական «բիզնեսի» ներկայացուցիչներ:

Կարեւորն այս ամենի մեջ մեկն է. բացի նրանից, որ կոնկրետ Մոսկվա մեկնած հայաստանցին թախիծ է պատճառում իր բարեկամներին եւ ընդհանրապես հայրենասեր հասարակությանը, Մոսկվա մեկնելը, հաշվի առնելով նաեւ տոմսերի գինը, նույնիսկ ֆինանսապես ձեռնտու չէ միգրանտին, լինի նա օրինական թե ապօրինի:

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Հ.Գ. - Ապօրինի գրանցում անելով (իսկ հաճախ անող ոստիկանները չեն էլ տեղեկացնում «հաճախորդին», որ գրանցումն ապօրինի է), միգրանտը լուրջ խնդիրների առաջ է կանգնում հետդարձի ժամանակ` օդանավակայանում: Օդանավակայանի հենց մուտքում կանգնած ոստիկանները ստուգում են (համակարգչով) վերջինիս գրանցումը: Բացահայտելով, որ կեղծ է` միգրանտի վրա սահմանում են պետական տուգանք 2200 ռուբլի (բայց կարող ես «խոսել»` 1000-ով բաց թողնեն), սակայն արդեն վերջին անցագրային կետում քո անձնագրում նույն այդ պատճառով կամ արտաքսման կնիք կխփեն, կամ... իհարկե, գումար կգանձեն, այս անգամ պետականի հետ ոչ մի կապ չունեցող:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4