Ըստ Գյումրիում գործող Քաղաքական մշակույթի եւ համաձայնությունների զարգացման «Շիրակ կենտրոն» ՀԿ-ից ստացված տեղեկատվության, արդեն մի քանի օր է, ինչ հանրապետության իշխանությունների որոշմամբ «Հայսեյսմշին» գիտահետազոտական ինստիտուտի մասնագետները Գյումրու Մուշ-2 թաղամասում «Գլենդել հիլզ» ընկերության նոր կառուցած բնակելի շենքերի սեյսմակայունության համալիր ստուգումներ են սկսել իրականացնել:
Ինչպես «Ազգը» տեղեկացրել է, Գյումրիում երկրաշարժից անօթեւան ընտանիքների իրավունքների պաշտպանության ծրագիր իրականացնող «Շիրակ կենտրոն» հասարակական կազմակերպությունը հունվարի 18-ին տարածել էր ՀՀ նախագահին եւ վարչապետին ուղղված բաց նամակ, որում մտահոգություն արտահայտելով կառուցվող շենքերի ամրության եւ որակի մասին անօթեւանների շրջանում տարածվող խոսակցությունների առթիվ, առաջարկել էր ստեղծել մի փորձագիտական հանձնաժողով` խնդիրը տեղում ուսումնասիրելու եւ արդյունքները հանրայնացնելու նպատակով:
«Շիրակ կենտրոնի» նախագահ Վահան Թումասյանը մեզ հեռախոսով տեղեկացրեց, որ համալիր ստուգումների մասին իրենք գրավոր տեղեկացում են ստացել նաեւ ՀՀ քաղաքաշինության նախարարությունից:
Գ. Մ.